«Ա1+». Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից ակնհայտ էր, որ երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի շատ քվե կստանա և կշարունակի պաշտոնավարել։ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանը մտավախություն ունի, որ Էրդողանի վերընտրվելով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում էական փոփոխություններ չեն լինի։ Ավելին, հաշվի առնելով Երևանում Նեմեսիսի հուշակոթողի բացման շուրջ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում բարձրացված աղմուկը՝ կարելի է ենթադրել, որ այսուհետ հարևան Թուրքիան, որի հետ ՀՀ իշխանություններն այդքան շատ են ուզում բարեկամություն անել, էլ ավելի կկոշտացնի Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը։
«Մենք պետք է գիտակցենք, որ այս պահին Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնային խնդիր չէ, միշտ էլ այդպես եղել է։ Մենք պետք է առաջին հերթին մեր դիրքերը, մեր ազգային շահը ոչ մի առումով չզիջենք, մենք պետք է մեր ինքնության հետ կապված ոչ մի կոմպրոմիսի չգնանք, պետք է շատ լավ հասկանանք Թուրքիայի շահերը, պետք է պատրաստ լինենք, որ Թուրքիան իր դիրքորոշումը կոշտացնելու է և քայլեր ձեռնարկի մեր պատմական հիշողության վրա ներազդելու համար։ Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք»,- հավելեց Սաֆրաստյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: