Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Հակոբյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ ըստ փաստաբանների՝ հայտնի չէ, թե ի՞նչը դրեց Աշոտ Փաշինյանին նետվել մեքենայից

Մայիս 29,2023 17:20

44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյանի) փաստաբաններ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանը եւ Վարդուհի Էլբակյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրին, որ Գայանե Հակոբյանի վերաբերյալ գործը ուրբաթ օրվա դրությամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազության համապատասխան ղեկավարումն իրականացնող դատախազին։ «Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ այսօր գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Թե ում մոտ է գործը կամ ով է դատավորը, դեռեւս պաշտպանության կողմին հայտնի չէ, կարծում եմ՝ նաեւ մեղադրանքի կողմին հայտնի չէ։ Նախաքննությունը տեւել է բավական կարճ, եթե մենք հաշվի առնենք մայիսի 17-ից մինչեւ 25-ն ընկած ժամանակահատվածը, որովհետեւ մայիսի 25-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Աննախադեպ, կարելի է ասել, նախանձելի հետեւողականությամբ նախաքննություն ավարտվել է, եւ այլեւս գործը դատարանի տիրույթում է»,- ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Գայանե Հակոբյանի նախկին փաստաբանները հայտարարել էին, որ պաշտպանության իրավական գործիքակազմն այլեւս սպառված է, եւ իրենք որոշում են կայացրել դադարեցնել իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։ Անդրադառնալով այս հարցին՝ Հովսեփ Սարգսյանն ասաց․ «Եթե մենք շարունակում ենք, գտնում ենք, որ իրավական գործիքակազմն ավարտված չէ»։

Փաստաբան Գեորգի Մելիքյանը նշեց․ «Մինչ այս պահը քննության փուլում որեւէ ապացույցներ չեն ներկայացվել, որոնք կփաստեն, որ Ազգուշ Մարտիրոսյանը առեւանգմանը բնորոշ որեւէ գործողություն է կատարել։ Սա է ամենակարեւորը։ Հենց վարույթն իրականացնող մարմինն էլ է հաստատել, որ իրենց վերջնակետը Եռաբլուրն է եղել, այսինքն՝ իր կամքով Աշոտ Փաշինյանը նստել է մեքենան, նրանք պետք է գնային Եռաբլուր։ Եթե պայմանական Աշոտ Փաշինյանն ասած լինի, որ ինքը չի ցանկացել գնալ, բայց Ազգուշ Մարտիրոսյանը շարունակել է վարել մեքենան, վարել ու տանել Եռաբլուր, ինչի՞ց պետք է վախենար, երբ Եռաբլուրում կային ոստիկանական անցակետեր։ Եվ այդ ամենով հանդերձ՝ նրա կյանքին, ազատությանը վտանգ չէր կարող սպառնալ։ Նույնիսկ իր կամքն անտեսելով Եռաբլուր հասնելու դեպքում որեւէ խնդիր չէր կարող լինել։ Ազգուշ Մարտիրոսյանն ասել է՝ մենք գնում ենք Եռաբլուր, ես ցանկանում եմ, որպեսզի դու տեսնես իմ որդու գերեզմանը, որն իմ տունն է դարձել, արի տես, թե ինչի ենք մենք հասել։ Այսինքն՝ այս ենթատեքստում, երբ նշում են, որ դա կապված է Նիկոլ Փաշինյանի պետական-քաղաքական գործունեության հետ, դա իրողությանը չի համապատասխանում։ Եթե դա իրողությանը համապատասխաներ, դա լիներ իրական, ապա առնվազն հանցագործության մասին հաղորդման մեջ, որի տեքստը հասանելի է հանրությանը, այնտեղ որեւէ տող կապված կլիներ Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ»։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հավելեց, որ մեքենայում եղել են միայն Գայանե Հակոբյանն ու Աշոտ Փաշինյանը։ «Այլ անձ չի եղել, եւ վարույթն իրականացնող մարմինն, ըստ էության, կշեռքի նժարին դրեց եւ ավելի ծանր կողմ համարեց Աշոտ Փաշինյանի ցուցմունքը։ Իսկ ինչո՞ւ Գայանեի ցուցմունքն ավելի արժանահավատ չէր։ Մենք հույս ունենք, որ դատարանում դռնբաց դատական քննության ընթացքում այս բոլոր հարցերի պատասխանը կստանանք»,- նշեց Էլբակյանը։

Հովսեփ Սարգսյանը հավելեց, որ հարցերի հարցը հետեւյալն է՝ ո՞ր փուլում սկսվեց առեւանգումը։ «Խնդիրն իրականում հետեւյալն է՝ վարույթն իրականացնող մարմինը 7 կամ 8 օրում տեւած նախաքննության ընթացքում այդ հարցում չի կարողացել կողմնորոշվել։ Իրենք էլ չեն կարողանում ասել՝ որ պահին սկսվեց այդ այսպես ասած առեւանգումը։ Մեկ ասում են՝ Գայանե Մարտիրոսյանը նրան հարկադրաբար նստեցրեց նրան մեքենա, մեկ էլ ասում են՝ իր կամքին հակառակ, խաբեությամբ։ Բազմաթիվ տեսագրություններ են առգրավված, գործում առկա են, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ Աշոտ Փաշինյանի կամքին հակառակ է եղել մեքենա նստեցումը։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել մեքենայում, արդեն ոչ ի օգուտ Գայանե Մարտիրոսյանի է խոսում։ Ի վերջո, հարց է առաջանում՝ մեքենայում տեղի ունեցած խոսակցության գնահատման առումով, ինչո՞ւ ենք մենք համարում, որ Աշոտ Փաշինյանի ասածն ավելի ծանրակշիռ է, քան Գայանե Մարտիրոսյանինը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Աշոտ Փաշինյանն իր ցուցմունքում ասել է․ «Երբ կրկնեց, որ մենք գնում ենք Եռաբլուր, ես չէի ցանկանում, որ գնանք Եռաբլուր, ասացի, որ չեմ ցանկանում, բայց մեքենան արդեն ընթացքի մեջ էր։ Եվ Գայանեի համար անսպասելի՝ Աշոտ Փաշինյանը դուրս է եկել մեքենայից։ Դեռ մենք պետք է այդ հարցի պատասխանը ստանանք՝ ի՞նչն իրեն դրդեց դուրս գալ մեքենայից։ Դուրս եկար մեքենայից, որովհետեւ քեզ պարտադրո՞ւմ էին կամ ինչ-որ բա՞ն էին անում կամ այդ պարտադրանքն ինչո՞ւմ էր կայանում։ Եթե մի պահ հիմք ընդունենք վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումն առ այն, որ խաբեությամբ է եղել մեքենա նստելը, մենք պետք է կարողանանք Գայանե Մարտիրոսյանի սկզբնական գործողությունների եւ վերջին գործողությունների միջեւ պատճառահետեւանքային կապն ունենալ։ Բայց եթե մենք հետեւում ենք նույն վարույթն իրականացնող մարմնի գործողություններին, ապա այդ պատճառահետեւանքային կապը եւ տրամաբանությունն ընդհանրապես կտրվում է։ Գայանե Մարտիրոսյանի օբյեկտիվ կողմի ո՞ր գործողություններն են, որոնք վկայում են նրա ուղղակի դիտավորության մասին։ Սրա մասին հանրային հետապնդում իրականացնելու մասին նոր որոշումը բացարձակապես լռում է»,- հավելեց Հովսեփ Սարգսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031