Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան․ «Կադրեր կան՝ հետախուզվող նախկին պաշտոնյանները, նախկին գլխավոր դատախազը ФСБ -ի գեներալների՝ «տանիքների» հետ քեֆ են անում»

Մայիս 29,2023 17:07

Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա նիստում անդրադարձ եղավ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու հետախուզվող ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության գործողություններին անդրադարձավ․ «Գործողություններ սկսվեցին, դժգոհություններ եղան։ Որոշ նախկին, ներկա մարդիկ սկսեցին ասել, որ միջոցառումները խիստ էին, բայց պրոֆիլակտիկ առումով՝ ես կարծում եմ, որ «Պոլիգրաֆ» ակումբի հետ կապված, ոստիկանությունը արել է իրական գործողություններ, եւ դժգոհողները, որ ասում էին՝ մենք սուրճ էինք խմում, թող իմանան, թե որտեղ են սուրճ խմում, որտեղ թմրամիջոց է օգտագործվում, չարժի սուրճ խմել։ Դա որպես ծնող եմ ասում»։

Հիշեցնենք, որ «Պոլիգրաֆ» ակումբում իրավապահների գործողությունները մեծ դժգոհություններ առաջացրեցին, իրավապաշտպանները նշում էին, որ դրանք համաչափ եւ իրավաչափ չէին։

Այնուհետեւ Քոչարյանը խոսեց հետախուզվող նախկին պաշտոնյաների մասին, եւ դիմեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին։

«Բազմաթիվ հետախուզվողներ ունեն պրոբլեմ մեր ոստիկանության հետ, բայց Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում նաեւ մարդիկ, որոնք գտնվում են հետախուզման մեջ։ Ես գիտեմ, որ դուք այս տարի երկու անգամ հանդիպել եք ՌԴ ձեր գործընկերոջ հետ։ Վերջերս լայվ էր մտել հայտնի բանան ներկրող նախկին պատգամավորը եւ ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց են բանանի արկղերը եկել, եւ պատահաբար իտալացիների բացահայտումից հետո գտել է պարոն Աբազյանի համարը։ Ես ողջունում եմ ԱԱԾ գործողությունները, բայց չեմ ողջունում կանաչ գոտին, որ մաքսակետով այդ ապրանքները հասել են պահեստ։ Քրեական ոստիկանությունը մինչեւ պահեստ հասնելը, մեր օպերատիվ ծառայողները ի վիճակի՞ էին կանխել դա, արդյոք այդտեղ մենք խնդիր չենք տեսնում՝ պետական մյուս կառույցի՝ մաքսային ծառայությունում նման սողանք գտնելու իմաստով»,-ասաց Քոչարյանը։

Նա ասաց, որ այդ բացահայտումն արել է Միհրան Պողոսյանը, որը հետախուզման մեջ է, եւ դրանով հանդերձ՝ տեսանյութեր է տարածում․ «Կադրեր են տարածում, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծում, տանիք է կոչվում՝ ՌԴ-ում ФСБ-ի ինչ-որ պաշտոնյաների հետ, մասնակցում են կնունքների, ծնունդների, նաեւ կադրեր են դնում, Tik-tok-ում եւ այլն։ Կադրեր կան հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյանների, նախկին օլիգարխների, ФСБ -ի գեներալների՝ տանիքների, նախկին գլխավոր դատախազը նստած, քեֆ են անում։ Ձեր գործընկերոջ հետ այս հարցը բարձրացնո՞ւմ եք, թե՞ ոչ, էդ մարդիկ երբ հատել են մեր պետական սահմանը գտնվելով քրեական գործերի շրջանակներում, ինչպե՞ս են հատել։ Այդ հետախուզվողները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում են»։

Վահե Ղազարյանն ի պատասխան հարցի, ասաց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ դրական ցուցանիշներ կան․ «Դա ե՛ւ գոհացնող է, ե՛ւ մտահոգիչ։ Մտահոգիչ է, որովհետեւ շատ կան թմրամիջոցներ, ուստի հայտնաբերումը շատ է»։

Ղազարյանն ասաց, որ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատանքները բավականին դրական արդյունքներ են արձանագրել․ «Ներկա պահին քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ։ Տելեգրամ ալիքն այսօր ամենադժվար ու խնդրահարույցն է։ Դրա հետ կապված լուրջ աշխատանքներ կան արված։ Առաջիկայում կլսեք, մոտ 250 անձ է ներգրավված գործընթացում»։

Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող անձանց, ապա Ղազարյանն ասաց, որ նախաքննությունից ելնելով՝ շատ բան չի կարող հրապարակել․ «Բայց այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ տարվում են։ Երկու օր առաջ մեր հյուրն է ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալը, այդ հարցի շուրջ բավականին երկար զրույց ենք ունեցել եւ դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս կիրազեկենք»։

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց՝ բոլորս ցանկություն է, որ հետախուզվողները լայվ մտնեն ոստիկանության պատերի ներսում՝ համապատասխան անձնակազմի ներկայությամբ եւ դրանք միտված լինեն բացահայտումներին, այլ ոչ թե իրականացնեն մի գործողություն, որտեղ կարեւորվում է իրենց անձն ու հանցագործությունը․ «Հանցագործը պետք է հայտնվի այն վայրում, որտեղ իրեն սպասում են։ Вор должен сидеть в тюрьме»:

Քոչարյանի խոսքով․ «Ես կարծում եմ՝ մեր երկիրը լքած մեր «զավակները» կվերադառնան հայրենիք եւ իրենց պարտքը կհամարեն նախաքննական մարմնի հետ արդյունավետ աշխատելու արդյունքում կլուծվեն այն խնդիրները, որոնց պատճառով իրենք լքել են հայրենիքը՝ տարբեր կապեր օգտագործելով։ Այդ բոլոր կապերը պետք է ոչնչացվեն , որովհետեւ Հայաստանը նման կապերով առաջնորդվելու որեւէ ռեսուրս չունի եւ ուժային բլոկը պետք է այդ խնդիրը օր առաջ լուծի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031