Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում եմ, որ պաշտոնական Երևանը հստակ ու համարժեք կարձագանքի Ալիևի բարբաջանքներին. Նորայր Նորիկյան

Մայիս 29,2023 16:47

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ․․․

Անգամ եթե մենք դառը պարտություն ենք կրել 2020թ․ արցախյան աղետալի պատերազմում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը պետք է իրեն պահի այս աստիճան ցինիկ ու լկտի։

Հայաստանի ու Արցախի և ոչ մի նախագահ երբեք այսպես քամահրանքով ու նվաստացնող շեշտադրումներով չեն խոսել Ադրբեջանի որևէ նախագահի ու իշխանության հասցեին՝ կլիներ դա Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, 3-րդ նախագահ Հեյդար Ալիևը, թե անգամ այսօրվա նախագահ Իլհամ Ալիևը։

Թեև պետք է ընդգծել, որ այդպես խոսելու շատ ավելի հիմնավոր պատճառ և իրավունք են ունեցել։
Կներեք՝ ո՞վ է այս դուրսպրծուկը, որ պետք է այսպես խոսի իմ պետության ու բանակի, իմ երկրի իշխանության ու իմ երկրի որևէ քաղաքական ուժի մասին, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ վերաբերմունք ունենք նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։

Ո՞վ է այս ինքնակայացման բարդույթով տառապող մարդը, որ պետք է այսպես պարբերաբար հոխորտա ու մնա անպատասխան։

Այս մարդու պահվածքը խոսում է այդ պետության ու հասարակության՝ խաղաղության, բարի դրացիության, հաշտության ու հարևանության նկատմամբ ունեցած ընկալումների մասին։

․․․Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։

Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. այո՛, մեզ խաղաղություն է անհրաժեշտ, այո՛, Հայաստանը պետք է հավասարակշռված ու սթափ որոշումներ կայացնի այս բարդ ժամանակահատվածում ու փորձի իրատես քաղաքականության միջոցով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, միաժամանակ կարգավորի Թուրքիայի հետ հարաբերությունները։

Սակայն սա չի նշանակում, որ պետք է մշտապես հանդուրժել Ադրբեջանի նախագահի պարբերական նվաստացումներին ու մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող վարքագծին։

Ես ակնկալում եմ, որ պաշտոնական Երևանը շատ կոնկրետ, հստակ ու համարժեք կարձագանքի Ալիևի բարբաջանքներին։
Պարտություն չի նշանակում ստորացում, նվաստացում ու ազգային արժանապատվության ոտնահարում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031