Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկի մտքով չանցնի, որ իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանն անդրադարձել է կենտրոնում տեղի ունեցած ծառահատմանը

Մայիս 29,2023 16:36

Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայիսի 27-ին մրցման մեկնող մարզիկների վթարին, որի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:  Մարզիկները բուժում են ստանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Նշվել է նաև, որ արյան անհրաժեշտության առնչությամբ սոցցանցերում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

«Ահավոր դեպք է տեղի ունեցել, և սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են, մասնավորապես, ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ, ամրակապված չեն եղել և ծանրագույն դեպքի պատճառներից մեկը հենց դա է»,- նշել է փոխքաղաքապետն ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարել այցելել երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ մշտական հսկողության տակ պահելով բուժման գործընթացը:

***

Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ», սակայն տեխնիկական խնդրի պատճառով պատասխանատուների կողմից արագ արձագանք չի եղել: Փոխքաղաքապետ Ավինյանն դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել:

«Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, որ ուղղակի այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ տարածքն ինքը կարողանալու է զավթել և, առհասարակ, եթե այդ հատվածում որևէ այլ ցանկապատված տարածք կլինի՝ կմաքրեք ամբողջը: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: «Թեժ գծից» եկած զանգերից կարևոր բան չկա, և դրանք պետք է արագ արձագանք ստանան», ընդգծել է Տիգրան Ավինյանը:

***

Ինչպեսև նախանշվել էր՝ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել Նուբարաշենի աղբավայրում մարել բռնկված հրդեհը, որը տարածված էր աղբավայրի ողջ պարագծով: Հարկ է նշել, որ գործընթացին ներգրավվել էին ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ներգրավվել են Երևանի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը: Շուրջ 2300 բեռնատար հող է տեղադրվել աղբավայրում: Այսուհետ հողալցումն աղբավայրում կշարունակվի ամեն օր:

***

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել: Համերգային ծրագիր, կինոթատրոն, կրկես. Ազատության հրապարակում առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:

***

Հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ  Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝  Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ,  կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները:

***

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: Սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս:  Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031