Տարբեր լրատվական գործակալություններ, հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին, հայտնում են, որ հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի Խաղաղության համաձայնագիր: Հայկական կողմը, սակայն, հերքում է այդ տեղեկությունը։
«Մոսկվայում Փաշինյան-Պուտին- Ալիեւ հանդիպումը 20 րոպե է տեւել: Դա նշանակում է, որ կողմերի մոտեցումները տրամագծորեն այնքան հակառակ են եղել, որ անիմաստ էր խոսել շարունակելը, կամ էլ շատ բաներ արդեն պայմանավորվել էին երկկողմ հանդիպումների ժամանակ, իսկ եռակողմ հանդիպման ժամանակ ընդամենն արձանագրեցին այն փաստը, որ վերջնական համաձայնության կգան այն բանից հետո, երբ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ կարգավորեն»,-Սպուտնիկ Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով. «Այն, ինչ այսօր անում է Ալիեւը, կանխատեսելի էր, որովհետեւ այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, Ալիեւը համաչափ գործողությունների է դիմում, ասում է՝ եթե դուք ընդունում եք, որ Արցախի Հանրապետության տարածքը Ադրբեջանի անքակտելի մաս է, ուրեմն այնտեղ պետք է Ադրբեջանի սուվերենությանը բնորոշ ատրիբուտներ ներդրվեն: Առաջին քայլը անցակետի տեղադրումն էր, հաջորդը կլինի մաքսային կետը, ինքնին հասկանալի է նաեւ սահմանապահ ստորաբաժանումների տեղակայումը:
Եթե խոսքը գնում է այն մասին, որ Արցախն Ադրբեջանի մաս է, դրա համար էլ Ալիեւը պահանջում է, որպեսզի այն ստորաբաժանումները, որոնք հիմա գործում են Արցախի Հանրապետության տարածքում՝ ռազմական, ոստիկանական, դուրս հանվեն կամ ինքնալուծարվեն, ավելին՝ Արցախի Հանրապետության կառավարման մարմնները եւս ինքնալուծարվեն: Ալիեւը նաեւ սպառնում է, որ որոշակի անհատական մոտեցում է լինելու բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք Արցախում պաշտոններ են զբաղեցրել»:
Կարդացեք նաև
Վիգեն Հակոբյանը նորից շեշտեց. «Ցավոք սրտի, երբ Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանից հետո Ալիեւը շարժվում է իր տրամաբանությամբ, որը բխում է հայկական կողմի արդեն իսկ հայտնի հայտարարությունից: Կարծում եմ՝ հետագայում կծագի նաեւ ադրբեջանական անձնագրի հարցը, հավանաբար պայման կդրվի, որ մարդիկ ազատորեն կարող են լքել Արցախը, գնալ Հայաստան, բայց վերադառնալը խնդիր կլինի: Այսինքն՝ կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն կամ գուցե վիզային ռեժիմի նման բան սահմանվի, որ թույլ կտա կամ կարգելի մուտք գործել իրենց տրամաբանությամբ՝ Ադրբեջանի տարածք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ