44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյանի) փաստաբաններ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանը եւ Վարդուհի Էլբակյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձան հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ինչպե՞ս կազդեն Աշոտ Փաշինյանի առերեւույթ առեւանգման գործի քննության վրա։
Փաստաբաններն ասացին, որ Փաշինյանի հայտարարություններն ուղիղ ազդում են գործի քննության վրա։ «Մարդը հայտարարել է, որ փաստացի առեւանգման դեպքը կա, դե հիմա Հայաստանի Հանրապետությունում գտեք մի ինքնասպան հերոս քննիչ, դատախազ կամ դատավոր, որ կարող է ասել դրա հակառակը։ Այսօր հանրային հարթակներում այդ տեսանյութերը տարածված են, ինքը միշտ էլ հայտարարել է՝ ըտենց դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չի անում։ Դե պատկերացրեք, իր տղայի գործն է, ինքն ասում է՝ առեւանգման դեպքը կա։ Դե հիմա մեկին գտեք, ով կասի, որ չկա նման բան։ Մենք համոզված ենք, որ մինչ այս պահը եւ քննչական մարմինների, եւ դատարանի վրա եղել է ուղղակի ազդեցություն»,- ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ հավելեց, որ իրենք ակնկալիք չունեին, որ վարույթն իրականացնող մարմնի այս քննությունը պետք է օբյեկտիվ ընթանար։ «Ավելին ասեմ, երբ արդեն ավարտը հայտարարեցին, եւ միջնորդությունների համար ժամանակ տրամադրվեց, մենք պաշտպաններով որոշում ենք կայացրել ու անգամ միջնորդություն չենք ներկայացրել նախաքննական մարմնին՝ զուտ այն պատճառաբանությամբ, որ ընդհանրապես վստահություն չկա։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ այս գործը տեղափոխվեր հանրային դաշտ։ Այն, ինչ կատարում է քննիչը, այնտեղ սահմանփակ է մեր գործիքակազմը։ Այն, ինչ կատարվում է դատարանում, համենայնդեպս փորձելու ենք մաքսիմալ ձեւով դատարանում հասնել նրան, որպեսզի ամբողջ իրողությունը բացահայտվի»,- ասաց Էլբակյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ