Հայաստանում առնվազն 12 հոգի՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաներ, Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում են հայտնվել 2020 թ. հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին նշվում է Amnesty International-ի հրապարակած զեկույցում։
Հայտարարությանը նախորդել է կազմակերպությունների իրավապաշտպանների ու ՏՏ մասնագետների համատեղ ուսումնասիրությունը։
Հետաքննության հեղինակները, որոնք ՏՏ անվտանգության մասնագետներ են, ենթադրում են, որ Արցախյան հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։
«Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը ներդրվում է հեռախոսի մեջ: Pegasus-ի դեպքում անգամ չեք էլ իմանում, որ ձեզ վարակել են»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով. «Անընդհատ կատարելագործվում է այս գործիքը, կային դեպքեր, երբ Pegasus-ը քլիքով էր տարածվում, լինում էր՝ iMessage-ի կամ WhatsApp-ի զանգի միջոցով, անգամ եթե չես պատասխանում: Այս պահին չգիտենք, թե դա ոնց է տարածվում»:
Կարդացեք նաև
Տեղեկատվական անվտանգության փորձագետը պարզաբանեց. «Pegasus-ը տասնյակ նմանատիպ վիրուսներից մեկն է շուկայում: Կա լրիվ օրինական, լեգիտիմ շուկա, որտեղ բազմաթիվ կազմակերպություններ պետական կառույցներին վիրուսներ են վաճառում: Իրենք ազատ վաճառքի չեն դնում, որպեսզի հետո իրենց չթիրախավորեն, գործեր չհարուցեն իրենց դեմ: Իրենք ուղղակի տալիս են ինչ-որ մի երկրի հատուկ ծառայությունների կամ ոստիկանությանը եւ պայմանագիր են կնքում, որ այն կիրառվելու է միայն հանցագործների դեմ»։
Նա հավելեց, որ Pegasus-ը մշակել է NSO Group իսրայելական կազմակերպությունը, որը ստեղծել են նախկին զինվորականներ. «Apple-ը սկսեց ծանուցումներ ուղարկել այն պահից, երբ դատի տվեց NSO Group-ին, որովհետեւ ապօրինի կերպով կոտրվում են Apple-ի հեռախոսները, եւ մարդիկ ապօրինի վարակվում են: Իբր Pegasus-ը վաճառվում է ահաբեկիչներին, ծանր հանցագործներին գաղտնալսելու համար, բայց իրականությունն այլ է Հայաստանի դեպքում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ…Ընդ որում NSO Group-ը հայտնում է, որ ինքը թույլ չի տալիս միջպետական վարակումներ, բայց Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ այն կիրառվել է մի երկրից մեկ այլ երկրի դեմ, ընդ որում՝ ռազմական գործողությունների ժամանակ: Սա փաստացի կիբեր-զենքի կիրառում է մի երկրի կողմից մյուսի դեմ»:
Մասնագետն ընդգծեց, որ ներկայումս NSO Group-ի դեմ լուրջ դատական գործընթացներ են սկսվել, ամերիկյան կառավարությունը, Apple-ը դատի են տվել վերջինիս. «Մեր դեպքում խոսքը զուտ մեկ-երկու լրագրողի գաղտնալսելու մասին չէ, այլ փաստացի պատերազմի ժամանակ կիբեր-զենքի կիրառման, ակնհայտորեն նաեւ քաղաքացիական թիրախների մասին»: Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ հարցումներ ուղարկելն ու պարզաբանումներ պահանջելն անիմաստ են, հարկ է, ավելի լուրջ գործողությունների դիմել, ինչպես օրինակ դատի տալը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի