Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունները կիրականան, թե ոչ, կախված է հայ ժողովրդից և առաջին հերթին՝ մայր Հայաստանից. Դավիթ Բաբայան. «Փաստինֆո»

Մայիս 29,2023 13:54

«Փաստինֆո». Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններն ուղղակի հայտարարություններ չեն, այլ նպատակներ։ Ալիևը բացահայտել է հերթական նպատակը․ բնականաբար, այն, ինչ ասել է, և՛ 2020թ․ եռակողմ փաստաթղթի, և՛ Հաագայի դատարանի որոշման և միջազգային նորմերի կոպտագույն խախտում է, բայց մեր խնդիրն անլուրջ չվերաբերվելն է նրա ելույթին։ Այս ամենով հանդերձ, շատ կարևոր է, որ մեր քաղաքականությունը շարունակենք վարել՝ պահպանելով սկզբունքայնությունն ու հաստատակամությունը։ Մեկնաբանելով օկուպացված Բերձորում Իլհամ Ալիևի երեկվա ելույթը՝ այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններ գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Եթե պասիվ դիրք ես բռնում, գործընթացները քեզ դարձնում են օբյեկտ։ Որքան էլ ծանր է իրավիճակը, կարող ենք կանխել մեզ որպես օբյեկտ դիտարկելու պրոցեսը և հանդես գալ որպես սուբյեկտ։ Այստեղ հնարավորությունների խնդիրը չէր, այլ ցանկության։ Եթե այնքան մեծ լինի ցանկությունը, որ արդարացումներ փնտրելու փոխարեն համախմբվենք, չկաշկանդվենք ոչնչով, ազնիվ խոսենք միմյանց հետ ու լծվենք մեր սուբյեկտայնության պահպանմանը, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Կրկնում եմ՝ այստեղ ոչ թե հնարավորությունների, այլ ցանկության հարց է»,-ասում է Բաբայանը։

Թշնամուց, որ շատ բան ունենք սովորելու, Բաբայանը չի կասկածում։ Այն, որ թե՛ Արևմուտքի, թե ՌԴ-ի հետ բավականին բալանսավորված, հեռատես քաղաքականությունն են վարում, փաստում են ադրբեջանական շարունակական ագրեսիայի, միջազգային նորմերի, պարտավորությունների ակնհայտ խախտումների վրա աչք փակելու նույն ՌԴ-ի, Արևմուտքի վարքագիծը։

Հայկական իրականությունը համեմատելով թուրք-ադրբեջանական տանդեմի ցուցաբերած համերաշխության հետ՝ Բաբայանը նկատում է՝ այդ առումով շատ բան ունենք սովորելու նրանցից։ Թեկուզ միայն այն, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի որևէ պատգամավոր երբևէ արտաբերած չի ու անհնար էլ է, որ խոսի Արցախի՝ հայկական լինելու պատմական փաստի մասին, արդեն իսկ շատ բան է ասում։

ՀՀ վարչապետի ու ԱԺ որոշ պատգամավորների «մտքի գոհարները» լիովին տեղավորվում են թշնամու առաջ քաշած թեզերի մեջ և շատ կարևոր է, որ Մայր Հայաստանը՝ ի դեմս իշխանությունների, անհապաղ վերանայի Արցախի հարցում իր դիրքորոշումը։

«Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունները կիրականան, թե ոչ, կախված է հայ ժողովրդից և առաջին հերթին՝ Մայր Հայաստանից։ Եթե այնտեղ շարունակեն մտածել, թե Ալիևի ասածներն ուղղակի խոսքեր են և չսթափվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը»,-շեշտեց Դավիթ Բաբայանն ու հավելեց՝ Արցախում շատ վաղուց հասարակությունն ու ղեկավարությունը միակամ են կարգավիճակի հարցում․ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում ընդգրկվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031