Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին. ԱԺԲ

Մայիս 29,2023 13:04

Մայիսի 28-ը Արարատի լուսապսակ ճակատի նման հայ ժողովրդին միավորող խորհրդանիշ է։ Այն մեր նորօրյա ինքնություն եւ ինքնիշխան «տուն» ունենալու երաշխիքի` նրանց ամեն գնով պաշտպանելու միասնական կամքի արտահայտման օրն է։

Ամեն տեսակ միջպետական «կադաստրի վկայականներ» տրվել եւ տրվում են միայն նման կամքի գոյության պայմաններում։

Հայաստանի (ներառյալ Արցախի) ժողովուրդը նույն պատմության, նույն տեսլականի, նույն ապագայի և նույն ծրագրի մարդիկ են։ Ուստի եւ Մայիսի 28-ի խորհուրդը նրանց միացյալ պետական ինքնորոշման օրն է։

100 տարի առաջ հայությունն իր Սարդարապատյան մաքառումով ապացուցեց, որ ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետևանքով, եթե նախեւառաջ իրենց մեջ են փնտրում փրկության բանալին՝ ստեղծելով կամ վերականգնելով ազգային պետականությունը:

Մեր երկրի հյուսիսում եւ հարավում սկիզբ առած աշխարհա-քաղաքական «փոթորիկների» հետեւանքով մոտալուտ համակարգային ճգնաժամը հնարավոր է լինելու հաղթահարել բացառապես հակաճգնաժամային անցումային կառավարման միջոցով։

Հաշվի առնելով, որ ճոճանակի նման տատանվող, պարտվողական քաղաքականություն վարող վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ապացուցել է ճգնաժամային կառավարման իր կատարյալ ապիկարությունը, ինչպես նաեւ երկրի տարածքի սահմանները որոշելու իր հակասահմանադրական գործողությունները, Արցախի բնակչության էթնիկ զտման եւ մեր երկիրը ինքնիշխանությունից զուրկ թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտի դառնալու իրական վտանգները, Ազգային-ժողովրդավարական Բևեռը մեկ անգամ ևս դիմում է հայրենիքի եւ հայրենաբնակ հայության գոյությամբ մտահոգ Հայաստանի եւ սփյուռքի գործիչներին ու շրջանակներին, առաջարկելով`

1) միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին, հեռացնել աղետաբեր չարիք դարձած Նիկոլ Փաշինյանին և կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն,

2) կազմել և իրագործել հակաճգնաժամային անցումային ծրագիր` կանխելով մեր արցախյան հայրենակիցների հնարավոր էթնիկ զտումը,

3) ընդունել միջազգային աջակցությունը և արցախյան հարցի լուծումը կրկին տեղափոխել միջազգային ձևաչափեր, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ,

4) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031