ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում սահմանագոտու Չինարի գյուղում Հայաստանի առաջին հանրապետության օրը տոնել են մեծ շուքով:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը:
Չինարին ՀՀ Տավուշի մարզի ամենաարևելյան և ամենահեռավոր գյուղն է, այստեղ որոշ տներ գտնվում են հակառակորդից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:
Կարդացեք նաև
Չինարիի հարևան` Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան գյուղերի բնակիչները ևս մասնակցել են գյուղում կազմակերպված տոնական համերգին: «Մեր այս բարդ ժամանակներում շատ կարևոր համարեցինք Հայաստանի առաջին հանրապետության 105-րդ տարեդարձը մեծ շուքով տոնելը: Թող թուրքն այն կողմից տեսնի և հասկանա, թե ինչ անկոտրում է հայի ոգին: Միջոցառումը նախաձեռնել էր Բերդ համայնքի ավագանու անդամ Սամվել Մակարյանը: Տոնական համերգին ազգագրական երգերով հանդես եկավ նաև Ներսիկ Իսպիրյանը: Անասելի է մեր բնակիչների ոգևորությունը նմանատիպ միջոցառումներին: Մենք վերահաստատում ենք, որ ամուր կանգնած ենք մեր հողին, մեր զինվորի կողքին: Հայի ոգին պարտվել չգիտի, մեր նախնիների արյան կանչը մեր սրտում է»,- հավելեց Սաղոյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` Չինարիի մշակույթի տան