Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակվում է բավականին լարված մնալ, ընդ որում՝ դա պայմանավորված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերություններով, դա կապված է նաև գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հետ։ Մենք հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրավիճակից: Անդրադառնալով ներտարածաշրջանային իրադրությանը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանն, այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
«Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության ռազմավարություն և անում ենք հնարավորը այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Դուք տեղյակ եք, որ ընդամենը նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան –Ռուսաստան եռաչափ ֆորմատով բանակցային փուլը, ես ձեզ պետք է տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Այս թեման մենք քննարկել ենք, և ՌԴ մեր գործընկերների հետ, և ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է և ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի քակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչն, իհարկե, բավականին մտահոգիչ է: Մենք շարունակելու ենք մեր քննարկումները, այդ թվում, ռուսաստանցի մեր գործընկերների հետ այս իրադրության կարգավորման ուղղությամբ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մոսկովյան քննարկումների ժամանակ արծարծված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցերին: «Մենք ասել ենք, որ մենք ինչպես և նախկինում, պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը․․․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է խոսքը և մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը, երկրների սուվերենության, և իրավազորության ներքո և մենք այս ընդգծումն արել ենք: Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային կառուցվածքների բացման վրա, բայց նաև ուզում եմ ասել, որ մենք տրամադրված ենք և շահագրգիռ ենք, իրականում, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Ընդ որում, այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակում բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում, իմ ասած սկզբունքը տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման մասին է: Ես կարծում եմ, որ մենք այդտեղ բավականին ճկուն և կառուցողական դիրքորոշում ունենք և պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը և համոզված եմ, որ երբ դա տեղի ունենա, դա ևս մեկ լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար»,-ասաց նա՝ ցավ հայտնելով, որ այդ հարցի լուծումը միայն մեզանից չի կախված:
Անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը, Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել 29,800 քառկմ և 86,600 քառկմ տարածքային ամբողջականությունները: Այս առումով, Փաշինյանին անհասկանալի են Ալիևի երեկվա արված հայտարարությունները, նա հարց ունի՝ արդյոք դա նշանակո՞ւմ է այս պայմանավորվածություններից հրաժարում:
Կարդացեք նաև
Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց, թե պետք է գործընկերներից ստանալ այս հարցի պատասխանը: «Տեքստը, որ հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել, կարծում եմ՝ այստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք»,-ասաց նա:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ