Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը սպանելու նպատակով նրան վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

Մայիս 29,2023 12:08

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի 51-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023թ.-ի մարտի 6-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 51-ամյա տղամարդը, ամուսնալուծությունից հետո կնոջը մայրությունից զրկելու հանգամանքով պայմանավորված խնդիրներ ունենալով վերջինիս հետ, պարբերաբար ակնարկել է նրան վրաերթի ենթարկելու միջոցով կյանքից զրկելու մասին:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2023 թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, 51-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ ավտոճանապարհի ձախակողմյան հանդիպակաց գոտում, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որից հետո հեռացել է դեպքի վայրից:

Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, և որպես պատիժ նշանակվել էր տուգանք: Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել էր:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի 51-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031