Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության պատմական ռեկորդները Փաշինյանն այս անգամ ներկայացրեց արդեն խորհրդարանում

Մայիս 29,2023 11:26

2022-ին արձանագրել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է. համապատասխանաբար 2022-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն, 926 մլրդ դրամ, որը ի սկզբանե պլանավորվածի նկատմամբ ավել է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով: Այս մասին այսօր, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն` երբ 2021-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունել էր 2022-ի բյուջեն, եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ դրամով պակաս: Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2022-ի բյուջետային ցուցանիշները 2021-ի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավելի են 399 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով: Իսկ 2017-ի նկատմամբ 2022-ի հարկային եկամուտները ավելի են 2 մլրդ 20 մլն դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ 670 մլրդ դրամով կամ 53 տոկոսով»,-ասաց նա:

«Ինչի՞ հաշվին է տեղի ունեցել բյուջեի եկամուտների այս աճը» ինքն իրեն հարց տվեց Փաշինյանը և ինքն էլ պատասխանեց՝ պայմանավորելով 3 գործոնով. «Առաջինը տնտեսականն աճի ցուցանիշներն են, երկրորդը ստվերի կրճատումը, երրորդը այն բարեփոխումները, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է»:

Փաշինյանը խոստովանեց, որ ներկայացվող տվյալները տարբեր առիթներով արդեն ներկայացրել է, բայց այս ձեւաչափը պարտադրում է, որ ևս մեկ անգամ ներկայացվեն բյուջեի ցուցանիշները՝ ընդ որում մանրամասնորեն: Նրա խոսքով, հարկերի հավաքագրման ծավալների բարձրացման վրա ազդող գործոններից մեկն էլ այն է, որ հարկերը իջեցրել են, զուգահեռաբար 53 տոկոսով ավելացել են եկամտային հարկերը: Ու որպես ցցուն օրինակ բերեց այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնեմաս ձեռք բերելուց հետո՝ 2022 թ. այս կոմբինատը վճարել է «պատմական թվով հարկեր»:

«2023-ի ապրիլին հավաքագրվել է 296,8 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: ՀՀ-ում երբեք մեկ ամսում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել: Օրինակ, 2022-ի ապրիլին հավաքագրել էինք 231,3 մլրդ դրամի հարկային եկամուտ, իսկ 2018-ի ապրիլին՝ 126 մլրդ դրամ: Այսինքն 2018-ի ապրիլի համեմատ հարկային եկամուտները կրկնապատիկից ավելի ավելացել են»,-ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով այս տարվա 4 ամիսներին հավաքագրված հարկային եկամուտներին, Փաշինյանն ասաց, որ այս տարվա 4 ամիսներին ավելի շատ գումար է բյուջե մուտքագրվել, քան 2000-2010 թվականներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031