Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի Առողջության կենտրոնն անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ունի․ զբոսաշրջային քաղաքում մասնագիտացված հիվանդանոց չկա

Մայիս 29,2023 11:04

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խորհրդատվությամբ ու աջակցությամբ ստեղծվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Առողջության կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Կենտրոնի հերթապահ բժիշկ Ռազմիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բաժանմունքի կարիքը խիստ զգացվում էր։

«Բաժանմունքը ստեղծվել է Կարմիր խաչի անմիջական միջնորդությամբ, նախկինում չենք ունեցել բաժանմունքը, որը վերանորոգման արդյունքում է ստեղծվել։ Հիվանդները նախկինում անբարեկեցիկ պայմաններում էին սպասարկվում, հիմա պայմանները փոխվել են։ Ներկա պահին ունենք երեք անհետաձգելի մահճակալ, մեկն էլ կողմնակի»,- ասաց նա։ Բարեգործական միջոցներով բաժանմունքը նաեւ հագեցել է նորագույն սարքավորումներով։

Սեպտեմբերյան պատերազմի օրերին նման բաժանմունք չի եղել Ջերմուկի Առողջության կենտրոնում, քաղաքը մասնագիտացված հիվանդանոց նույնպես չունի, եւ դժվար է եղել սպասարկել առաջնագծում վիրավորում ստացած ու Ջերմուկ տեղափոխված զինվորներին։

Բժշկի խոսքով՝ ծրագիր կա, որ քաղաքում հիվանդանոց պետք է կառուցվի։ «Այդ օրերին կարողացել ենք ինչ-որ օգնություն ցուցաբերել մեր անձնակազմով։ Այս բաժանմունքի կարիքը միշտ էլ կա, եւ այս բաժանմունքը վերանորոգվեց սեպտեմբերյան պատերազմից հետո։ Մենք այսօր Ջերմուկում միակ բուժհիմնարկն ենք, անում ենք այն, ինչ մեր հնարավորության սահմաններում է, դրանից հետո կամ հիվանդները տեղափոխվում են Երեւան կամ Վայքի բուժմիավորում։ Սեպտեմբերյան պատերազմի օրերին այստեղ միայն փոքր ու անհետաձգելի դեպքերն ենք սպասարկել՝ արյունահոսությունների դադարեցում, վիրակապեր։ Այսինքն՝ երբ առաջնագծից վիրավորները տեղափոխվել են այստեղ, այդ օգնություն ցուցաբերվել է, այնուհետեւ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են մարզային հիվանդանոցներ եւ Երեւան»,- մանրամասնեց բժիշկը։

Ռազմիկ Հարությունյանն ասում է, որ Ջերմուկը, սահմանամերձ լինելուց բացի, նաեւ զբոսաշրջային քաղաք է, եւ կարիք ունի նորագույն ու ավելի մասնագիտացված հիվանդանոց ունենալու։ «Օրինակ՝ զբոսաշրջիկը կարող է վնասվածք ստանալ, եթե այստեղ բուժօգնություն չստանա, հաջորդ անգամ չի փորձի գալ մի տեղ, որտեղ բուժծառայություն չկա»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031