«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Լաչին կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին, որում նա հայտարարել է․ «Վերջին ժամանակներս միջազգային կազմակերպությունները փաստորեն լիովին համաձայնվել են մեր դիրքորոշման հետ։ Ես դա տեսնում եմ տարբեր հանդիպումների ժամանակ։ Ինչո՞ւ են նրանք համաձայնվել։ Որովհետև մենք ճիշտ ենք, և որովհետև մենք չենք շեղվում մեր դիրքորոշումից։ Հենց այդ պատճառով էլ այսօր ոչ ոք չի խոսում ոչ «անկախության», ոչ «ինքնավարության», ոչ էլ ուրիշ բանի մասին։ Վերջին ուղերձները, որ մեզ են ուղարկվում․ իսկ ի՞նչ կլինի այնտեղի «ղեկավարության» ճակատագիրը։ Նրանք համաներում կստանա՞ն, թե՞ ոչ։ Ես պատասխանում եմ, որ դա պետք քննել»։ Նա նաեւ արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է հնչեցրել․ «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլոք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին»։««Միացումի» գիրքը փակված է, անջատողականության հարցը փակված է։ Անկախության երազանքը գնացել է կարգավիճակի հետևից։ Մենք արդեն ուղարկել ենք կարգավիճակը պետք եղած տեղը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,- ասել է նա։ Ըստ Իլհամ Ալիևի, Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։
Ռուբեն Վարդանյանը գրել է․ «Ալիևի հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղահանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմագոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։
Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում։
Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես»։
Կարդացեք նաև