Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեների հաշվման գործընթացը մայիսի 29-ի, Երևանի ժամանակով 08:30-ի դրությամբ՝ շարունակվում է։
Սակայն երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները մայիսի 28-ի երեկոյան բացված քվեատուփերի 99,32%-ի համաձայն՝ ընտրությունների վերջնարդյունքը համարելով արդեն իսկ անփոփոխելի, հայտարարել է Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրման մասին:
Ըստ այդմ՝ Էրդողանը հավաքել է ձայների 51,91%-ը, իսկ քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,09%-ը:
Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 60.771.236 թուրք քաղաքացիների 85.71%-ը: Իսկ ընդհանուր 52.089.286 քվեից վավեր է ճանաչվել 51.414.604-ը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի ընթացքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկի 50+1% ձայն չհավաքելու հետևանքով ընտրությունները տեղափոխվել էին 2-րդ փուլ, որն էլ տեղի ունեցավ մայիսի 28-ին:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Թուրքիայի նախագահ վերընտրվեց Էրդողանը։
Ինձ համար այս արդյունքը լիարժեք կանխատեսելի էր, ինչի մասին բազմիցս արտահայտվել եմ:
Բայց էականն այդ չէ։ Անկախ արդյունքներից՝ Թուրքիայի քաղաքականությունը՝ Հայաստանը որպես պետություն վերացնելու ուղղությամբ չէր փոխվելու, որքան էլ ձեզ տարբեր վայ «փորձագետներ» և «մասնագետներ» համոզեն հակառակում։
Ավելին ասեմ, միջնաժամկետ ու երկարաժամկետ տեսանկյունից Էրդողանի՝ իշխանության մնալը կարող է հավելյալ ճգնաժամ հարուցել թուրքական պետության համար որոշ ժամանակ անց, ինչը մեզ համար փոքրիկ հնարավորությունների պատուհան կարող է բացել։ Բայց այդ մասին՝ մեկ այլ առիթով։
Այժմ մեր ողջ պայքարը պետք է ուղղված լինի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացմանը, հակառակ դեպքում՝ ոչ մի հնարավորության պատուհաններից օգտվել հնարավոր չի լինելու։