Սյունիքի մարզի Բարձրավան գյուղն այս տարի ունեցել է ընդամենը մեկ շրջանավարտ, իսկ գյուղի դպրոցի աշակերտների թիվն ընդամենը 8-ն է։ Շրջանավարտը Բարձրավան գյուղում բնակություն էր հաստատել Արցախից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ «Ընդամենը 8 աշակերտ ունենք, մեկն ավարտեց, մեկն էլ կգա առաջին դասարան։ Լավ միջոցառում ենք կազմակերպել, իրեն բարի ճանապարհ ենք մաղթել։ Դպրոցի աշակերտների թիվը միշտ էլ քիչ է եղել, 1991 թվականին շատ երեխաներ ծնվեցին գյուղում։ Կար մի պահ, որ ջահել ընտանիքներ կային գյուղում, երեխաները ծնվեցին, դպրոցում մոտավորապես 50 աշակերտ ունեինք։ Բայց գնալով նվազեց, գյուղում ծնունդ չկա, դա է խնդիրը»,- ասում է գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Խանում Մաթեւոսյանը։
Բարձրավանի դպրոցն ընդամենը երկու ուսուցիչ ունի՝ հայոց լեզի եւ գրականության ու տարրական դասարանների դասավանդման։ Մյուս առարկաները դասավանդելու համար Գորիսից ուսուցիչները գալիս են Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան։ Ճանապարհների դժվարանցանելի լինելու հետեւանքով «Ուրալ» մակնիշի մեքենաներով էին կազմակերպում ուսուցիչների փոխադրումը, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում, ըստ Խանում Մաթեւոսյանի, Գորիսի համայնքապետարանը նոր մեքենա է հատկացրել ուսուցիչների փոխադրման համար։ «Խոտ գյուղից գալիս են Որոտան, Որոտանից գալիս են Շուռնուխ ու Բարձրավան։ Շաբաթը երկու անգամ են գալիս ուսուցիչները, բայց դժգոհում են, ճանապարհը դժվարանցանելի է։ Խոտից որ իջնում են, ճանապարհը գրունտային է, այնքան էլ լավ վիճակում չէ, ասֆալտապատված չէ»,- ասում է նա։
Բարձրավանը Գորիսի այս երեք գյուղերից մեկն է, որոնք շրջափակման մեջ էին հայտնվել 2021 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը։ Միջպետական ճանապարհի փակվելու հետեւանքով այս համայնքների բնակիչների կյանքը բարդացել է, իսկ անվտանգային խնդիրները մեծ անորոշություններ են առաջացրել բնակչության մոտ։ Ներկայումս Բարձրավանն ունի այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, անբարեկարգ է, դեռեւս ասֆալտապատված չէ։ Գորիս այցելելու համար այս գյուղերի բնակիչներն արդեն երկար ու բարդ ճանապարհ են անցում։
Բարձրավան գյուղում ներկայումս բնակվում է մոտ 25 ընտանիք, 44-օրյա պատերազմից հետո գյուղի ընտանիքների թիվը չի պակասել։ «Առայժմ ոչ ոք չի ուզում գյուղը լքել, գյուղի երիտասարդներն անասնապահությամբ են զբաղվում, ուրիշ զբաղմունք չկա»,- ասում է Խանում Մաթեւոսյանը։ Նրա խոսքով՝ այն տարածքները, որոնք 44-օրյա պատերազմից հետո օկուպացրել են ադրբեջանցիները, իրականում հայկական տարածքներ են։ «Մենք Շուռնուխում տուն էինք գնել մի 10 տարի առաջ, լավ վերանորոգեցինք, տղաս ու հարսս մեջը ապրում էին։ Պատերազմից հետո Շուռնուխի այդ տունն անցավ ադրբեջանցիների տիրապետության տակ, տղաս շատ ծանր էր տանում, գնում ասում էր՝ սա իմ տունն է։ Ադրբեջանցիները GPS-ներով եկան, մեր տարածքները վերցրեցին։ Ես պատմությունը լսել եմ իմ պապից, որ դրանք հայկական տարածքներ էին, բայց սովետական միության ժամանակաշրջանում հայկական տարածքներն անցան Ադրբեջանին։ Տվեցին էլի, մինչեւ հիմա էլ ռուսը մեր տարածքները տալիս է։ Ռուսն իբր մեզ օգնում է, բայց միշտ մեր տարածքները նվեր է տալիս ադրբեջանցուն, թուրքին, ոնց որ ժամանակին նաեւ Արցախն էր նվիրել։ Մենք այսօր շատ խառը վիճակում ենք, անորոշությունը մեծ է»,- նշում է Խանում Մաթեւոսյանը։
Կարդացեք նաև
Բարձրավանի բնակիչ Գոհար Կարապետյանը թվարկում է գյուղացիների հիմնական խնդիրները՝ անվտանգություն եւ խմելու ու ոռոգման ջրի պակաս․ «Ոռոգման ջուր չունենք, մեր հույսը անձրեւն է ու ձյունը, բայց այս տարի ոչ նորմալ ձյուն եկավ, ոչ էլ անձրեւ, մալինաները բաժակով ենք ջրում։ Ասում են՝ ջրի հետ կապված ինչ-որ ծրագիր կա, բայց չգիտենք հաստատ»։
Թեպետ այլընտրանքային ճանապարհը գործում է, գյուղը շրջափակման մեջ չէ այսօր, բայց, ըստ բնակչի, վախը կա։ «Որոտանում էլի թուրքն է նստած, Շուռնուխի ներքեւի հատվածում թուրքն է, մենք էլ մեջտեղն ապրում ենք, 50/50 է մեր ապրելը, ամեն տեղով թուրքը կարող է մտնել։ Վախը կա, Որոտանից թուրքն ամեն պահի կարա բարձրանա, իրենք տեղանքն ու քարտեզը մեզանից լավ գիտեն։ Ոչ մի լավ բան չենք սպասում, հեռուստացույց ու ինտերնետ ենք նայում, ոչ մի հույս չի տալիս մեզ։ Մենք հողագործ մարդիկ ենք, հողով ու անասունով ենք ապրում, եթե անվտանգություն լինի, կաշխատենք կապրենք։ Հիմա մեր դիրքերում զինվոր կա, հսկում է, բայց մեկ է, վախենում ենք, 100 տոկոսով պաշտպանված չենք»,- ասում է Գոհար Կարապետյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ