Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտամին D-ի ամենօրյա ընդունումը նվազեցնում է քաղցկեղից մահացությունը 12%-ով. նոր հետազոտություն

Մայիս 29,2023 09:40

Աշխարհում քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 10 միլիոն մարդ։ Հետազոտողները մշտապես որոնում են քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքի տևողության երկարացման նոր մեթոդներ։

Քաղցկեղի հետազոտությունների գերմանական կենտրոնի հետազոտողները նոր ապացույցներ են հայտնաբերել, որոնց համաձայն՝ վիտամին D-ի ամենօրյա օգտագործումը կարող է նպաստել քաղցկեղից մահացության նվազեցմանը 12 տոկոսով։

Դրանից բացի, հետազոտողները բացահայտել են, որ 70 և ավելի տարիք ունեցող մարդիկ ավելի մեծ օգուտ են քաղում վիտամին D-ի ամենօրյա օգտագործումից, քան երիտասարդները։ Ինչպես նաև նկատելի է եղել այս վիտամինի ամենօրյա կանխարգելիչ նպատակով ընդունման արդյունավետությունը նաև այն մարդկանց դեպքում, որոնց հետագայում «քաղցկեղ» ախտորոշումն է տրվել։ Այդ հետազոտությունը հրապարակվել է Aging Research Reviews ամսագրում։

Ինչո՞ւ է մեզ հարկավոր վիտամին D-ն

Վիտամին D-ն կարևորագույն դեր ունի մարդու առողջության համար․ մասնավորապես այն անհրաժեշտ է՝

  • Կալցիումի ներծծման և ոսկորների ամրության համար,
  • իմունային համակարգի կանոնավոր աշխատանքի համար,
  • օրգանիզմում բորբոքման մակարդակի նվազեցման համար,
  • նորմալ աճի ու մկանների աշխատունակության համար,
  • նյարդային համակարգի առողջության համար։

Վիտամին D-ի հիմնական աղբյուրը արևի ճառագայթներն են, ինչպես նաև որոշ սննդամթերքները կամ հավելումները։

Վիտամին D-ով հարուստ մթերքներ են՝

  • Ծովամթերքի որոշ տեսակներ, այդ թվում սաղմոնն ու պահածոյացված թունան,
  • ձվի դեղնուցը,
  • տավարի լյարդը,
  • ձողաձկան լյարդի յուղը,
  • վիտամին D-ով հարստացրած կաթնամթերքը և այլ մթերքները։

Գոյություն ունի վիտամին D-ի երկու հիմնական տեսակ․

Վիտամին D2-ը հիմնականում պարունակվում է բուսական ծագման մթերքներում և հավելումներում։
Վիտամին D3-ը հիմնականում ստանում են արևից ու մսամթերքի որոշ տեսակներից։

Ներկայումս վիտամին D-ի օգտագործման օրական խորհուրդ տրվող նորման (ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով) կազմում է 400 -ից 800 IU (10-20 մկգ)՝ կախված տարիքից։

Վիտամին D -ի անբավարարության ախտանշաններն են՝

  • հոգնածություն,
  • ոսկորների ցավ, փխրունություն,
  • մկանային թուլություն, ցավ, ջղակծկումներ,
  • կաշկանդվածություն հոդերում,
  • դեպրեսիա,
  • քնի հետ կապված դժվարություններ և այլն։

Վիտամին D-ի ու քաղցկեղի ռիսկի կապի ուսումնասիրությունը

Սա առաջին հետազոտությունը չէ, որը կապ է փնտրում վիտամին D-ի ու քաղցկեղի միջև։ Բազմիցս է ուսումնասիրվել վիտամին D-ի արդյունավետությունը քաղցկեղի ռիսկի նվազեցման ու բուժման հարցում։
Հետազոտվել է նաև վիտամին D-ի կանխարգելիչ դերը քաղցկեղի որոշ տեսակների՝ կրծքագեղձի ու լյարդի քաղցկեղի դեպքում։ Սակայն արդյունքները միանշանակ չեն եղել։ Օրինակ՝ մի հրապարակված զեկույցում նշվում է, որ վիտամին D-ի առողջ մակարդակ ունեցող մարդկանց մոտ վիտամին D-ի հավելումների ընդունումն առողջության համար ակնհայտ առավելություններ չի ապահովում։

Սակայն այս հետազոտության հեղինակները կենտրոնացել են հենց վիտամին D-ի՝ քաղցկեղից մահացության ցուցանիշների վրա ունեցած ազդեցության վրա՝ ավելի մանրամասն ուսումնասիրելով վիտամին D 3-ի հավելումների դերը։
Տվյալ հետազոտության հեղինակները վերլուծել են 105000 մասնակիցներ ներառող 14 հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակիցներին պատահականության սկզբունքով կա՛մ վիտամին D3 է նշանակվել, կա՛մ պլացեբո։
Վերլուծելով բոլոր տվյալները՝ հետազոտողները վիճակագրորեն նշանակալի արդյունքներ չեն հայտնաբերել, մինչև որ չեն դիտարկել դեղաչափը, որը ստացել է յուրաքանչյուր մասնակիցը։

Այն դեպքում, երբ հետազոտության մասնակիցները պարբերաբար ստացել են վիտամին D3-ի շատ մեծ դեղաչափեր, հետազոտողները ոչ մի ազդեցություն չեն նկատել քաղցկեղից մահացության ցուցանիշների վրա։ Սակայն այն մասնակիցների շրջանում, որոնք ամեն օր են ընդունել վիտամին D3, պարզվել է, որ քաղցկեղից մահացության ռիսկը նվազել է 12 տոկոսով։ Դրանից բացի պարզվել է, որ 70 և ավելի տարիք ունեցող մարդիկ, որոնք ամեն օր վիտամին D3 են ընդունել, նրանց դեպքում բուժումն ավելի արդյունավետ է եղել։

«Որքան մեծանում է մարդը, այնքան բարձրանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը», -մեկնաբանել է հետազոտության ղեկավարը։- «Այսպիսով, որքան մեծանում են պացիենտները, այնքան կարևորվում են քաղցկեղի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները»։ Ուստի նա խորհուրդ է տալիս 50 տարեկանից սկսած ստուգել պացիենտների՝ վիտամին D-ի հավելումներ ընդունելու անհրաժեշտությունը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031