Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը հանձնելու հարցում իրավական հիմք չկա, դա զուտ քաղաքական կամայականություն է, որն ավելի վատն է, քան Կավբյուրոյի որոշումը»

Մայիս 29,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

– Տիկին Ալավերդյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում են նաեւ Արցախն ու անկլավները»։ Ինչպե՞ս եք գնահատում սա, ի՞նչ հետեւանքներ կունենա այս քաղաքականությունը։

– Ես կարծում եմ, որ բանակցություններում որեւէ լուրջ գործընթաց տեղի չի ունեցել։ Ես պնդել եմ եւ պնդում եմ, որ այս թիմը՝ իր ղեկավարի հետ միասին, եկել է իշխանության արդեն նախօրոք կազմած ծրագրով, որի նպատակը երկու խնդրի միասնական լուծումն է։ Առաջինը, Արցախը օր առաջ ամբողջովին բռնակցել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդ։ Ինչ վերաբերում է այն գործընթացին, որը բանակցություն է որակվում, որպես այդպիսին՝ մենք պետք է մերժենք այդ բանաձեւը, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել, ունեցել է հստակ մեկ հեգեմոն, այն է՝ թուրք-ադրբեջանական միասնականություն։ Եվ այդ հանդիպումներին, տարբեր գործընթացներին Հայաստանը ներկայացված չէր, ներկայացված էր այն անձը, որն ամբողջովին համաձայնություն է տվել թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերի իրականացմանը։ Այսինքն՝ երբ դուք ասում եք, որ Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա Հայաստանը չէ, դա այդ թիմի ղեկավարն է, որը ոչ թե կառավարվում է ազգային շահերով ու նպատակներով, այլ խիստ հակառակը՝ ինքը եկել է այլ նպատակով։ Եվ, ի տարբերություն շատերի, նա իրականացնում է իր ծրագիրն անթերի եւ հետեւողական։

– Փաշինյանը, տարբեր փաստաթղթեր հիշատակելով, փորձում է հիմնավորել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Իրավական ի՞նչ հիմքեր կան դրա համար։

– Այն, ինչ ասում է քաղաքացի Փաշինյան Նիկոլը, դա ոչ թե ամբողջովին չի համապատասխանում պատմաիրավական հիմքերին, այլ ուղղակի այլասերված եւ այլափոխված տարբերակն է, որը ներկայացրել է ադրբեջանական կողմը։ Անդրադառնանք հարցին, թե որո՞նք են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու «հիմքերը»։ Ճիշտն ասած, այդպիսի հիմքեր կան միայն ու միայն ադրբեջանական այլափոխված պատմության մեջ։ Իրավական հիմքեր գոյություն չունեն այն ձեւով, ինչպես ներկայացնում են Ադրբեջանը եւ այդ անձնավորությունը։ Ինչո՞ւ. հարցը որպես այդպիսին ծագել է 1918 թվականին՝ մարդկության պատմության մեջ նոր ծնված, նոր առաջացած ադրբեջանական, այսպես կոչված, դեմոկրատական հանրապետության ֆոնին, որն ստեղծվել է Թուրքիայի ինտերվենցիայի շնորհիվ։

Այդ ժամանակվա բոլոր փաստաթղթերով հստակեցված է, որ ադրբեջանական կոչվող հանրապետությունն անմիջապես տարածքային նկրտումներ է ներկայացրել իր բոլոր հարեւանների նկատմամբ։ Այդ թվում եղել են Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը, մինչեւ անգամ Թուրքիան։ Ազգերի լիգան այդ պատճառով է, որ չի ճանաչել ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը՝ նշելով, որ առաջին անգամ հայտնվելով այն տարածքների վրա, որոնք պատկանում էին տարբեր կայսրություններին՝ Ադրբեջանը հավականություններ ունի Բաքվից Բաթում ձգվող տարածքների վրա։ Դա եղել է 1920 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ մի քանի օր հետո նույն Ազգերի լիգան ճանաչել է Հայաստանի տիտղոսը ավելի քան 70 հազար քառակուսի կիլոմետր տարածքների վրա, որոնց մեջ մտնում են նաեւ այն տարածքները, որոնք Լիգան սկզբում կոչել է վիճելի տարածքներ։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղ, Զանգեզուր եւ Նախիջեւան։ Դրանից հետո 1921 թվականի հունիսի 12-ին, երբ արդեն տարածաշրջանի խորհրդայնացում է տեղի ունեցել, Կավբյուրոյի որոշումներից առաջ, Սովետական Ռուսաստանի պնդմամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է իր անքակտելի մասը, քանի որ Սովետական Ադրբեջանը հրաժարվել է իր բոլոր նկրտումներից։

Իսկ Հայաստանը որոշել է միավորել իր պատմական տարածքները մեկ պետական կառույցի մեջ։ Ռուսաստանն ու Ադրբեջանը Հայաստանը ճանաչել են այդ տարածքներով հանդերձ։ Այլ հարց է, որ մեկ ամիս չանցած, բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի գործարքի հետեւանքով սկսել է գործել այլ՝ չընդունված որոշում։ Բոլորը խոսում են 1921 թվականի հուլիսի 5-ին «ընդունված» որոշման մասին, բայց քչերն են նշում, որ այդ որոշումը չի ընդունվել։ Այն ոչ դրվել է քվեարկության, ոչ էլ քվեարկվել է։ Ուղղակի Ստալինի թեթեւ ձեռքով, ռուս-թուրքական պայմանավորվածությամբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին։ Այդ որոշումը, որի վրա Նիկոլ Փաշինյանը սիրով հիմնվում է, իրավաբանական առումով առ ոչինչ է։ Այդ պահից է սկսվել Արցախյան հիմնահարցը կամ, ինչպես սիրում են ասել պատմությունը այլասերող մարդիկ՝ Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Այսինքն՝ Ադրբեջանի տարածքային նկրտումներն ամբողջովին բավարարվել են՝ Լեռնային Ղարաբաղ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան ԼՂԻՄ-ը, եւ Նախիջեւան։ Եվ դա բոլորն արվել է մեկ հստակ պայմանով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ինքնավարություն, դա իրավաբանական լեզվով կոչվում է պայման, առանց որի այդպիսի՝ անգամ ոչ օրինական պայմանավորվածություններն ուժ չունեն։

Դրանից հետո, երկու տարի անց, չցանկանալով Լեռնային Ղարաբաղին տալ այդ ինքնավարությունը, Կրեմլի ճնշման ներքո 1923 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մեկ քառորդին շնորհել է այդ ինքնավարությունը։ Չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը երեք անգամ կրճատվել է, մենք իրավական մի փաստ պետք է նշենք, այն է՝ Սովետական միությունը չէր կարող ամբողջովին անտեսել Ազգերի Լիգայի որոշումը։ Արցախը՝ արդեն որպես ինքնորոշված միավոր, 1918-20 թվականներին իրեն հայտարարել է, եւ Հայաստանը համաձայնել է, որ իր անքակտելի մասն է։ Իսկ սովետական ժամանակահատվածում շատ ավելի կրճատված տարածքի վրա Արցախը նորից իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ինչպիսին եղել է Ինքնավար մարզը։ Մնացած պատմությունը սովետական ժամանակահատվածում, ինչպես սկսվել է Կավբյուրոյի այդ անօրինական որոշմամբ, այդպես էլ շարունակվել է։ Եվ 1988 թվականին «միացում» կարգախոսի ներքո սկսված շարժումը փոխարինվել է, այսինքն՝ Սովետական Հայաստանը չի ցանկացել շարունակել այդ տարածքային վեճը։ Պարզապես, հանձինս այն ժամանակվա քաղաքական ղեկավարի, պնդել են, որ ճիշտ է միացումն իրականացնել ոչ թե անմիջապես, այլ սկզբում Արցախն անկախանա Ադրբեջանից, իսկ հետո արդեն կմիավորվի Հայաստանին։ Դրա մասին է փաստում Հայաստանի Անկախության հռչակագիրը, որն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից, որը եղել է միասնական՝ Սովետական Հայաստան եւ ԼՂԻՄ։

Եվ անհետեւողական ու նահանջողական այն քաղաքականությունը, որը որդեգրվել է ՀՀՇ-ի կողմից, հետագայում հանգեցրել է նրան, որ մենք ամբողջովին ստացանք ուրիշ պատկեր։ Շարժումը, որն սկսվել էր «միացում» կարգախոսով, 1992 թվականին առաջին նախագահի կողմից բանավոր հայտարարությամբ այլափոխվել է, որ Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ միայն ամենաբարձր ինքնավարության մակարդակով։ Ազգային ազատագրական պայքարը, զինված պայքարը, այն, ինչ կոչվում էր առաջին պատերազմ, ընթանում էր միացման կարգախոսով։ Եվ ազատագրվել են այն տարածքները, որոնք ժամանակին Ադրբեջանի կողմից հափշտակվել են, յուրացվել են սովետական անօրինական որոշումներով։ Դա տեղի էր ունենում մինչեւ 1994 թվականը, այսինքն՝ ժողովուրդը, ազգը պայքարում էր վերամիավորելու, վերաինտեգրելու առնվազն տարածքների մի մասը, որոնք սովետական ժամանակահատվածում անօրինական միացվել էին Ադրբեջանին։ Բայց մեր առաջին իշխանությունը հրաժարվել է դրանից բանավոր եւ համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ միայն բարձր ինքնավարության կարգավիճակով։

Դրանից հետո մենք ունեցանք եւս երկու վարչակազմեր, որոնք իշխանության օրոք հետեւյալ լուծմանն են գնացել՝ նյութական ստատուս քվոյի, այսինքն՝ ազատագրված տարածքների պահպանություն ու պաշտպանություն։ Եվ դրա համար մշակվել է ոչ թե առանձին Արցախի եւ ՀՀ անվտանգության մոտեցում կամ ռազմավարություն, այլ մշակվել է միասնական, որովհետեւ բոլորին պարզ էր, որ հենց մենք անդրադառնանք ազատագրված տարածքներին, եւ դա դառնա քաղաքական առեւտրի առարկա, ապա ամբողջովին կխաթարվի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ցավոք սրտի, «Մադրիդյան սկզբունքներ» կոչված այն փաթեթը, որը հայտնվել է սեղանին, ոչ թե ծնվել է 2007-2008 թվականներին, այլ այն արտացոլել է մինչ այդ Հայաստանի եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համաձայնեցված փաթեթը։ Այս փաթեթի մեջ կար երկու դրական կետ՝ մեկը, վերջնական լուծումը պետք է անպայման համաձայնեցվեր ԼՂ ընտրված իշխանության եւ ժողովրդի հետ, երկրորդը, կարգավիճակի մասին պետք է անպայման անցկացվեր հետաձգված հանրաքվե, որի արդյունքները կճանաչվեին ամբողջ միջազգային հանրության կողմից։ Ես միջազգային հանրության խղճի վրա եմ թողնում, թե ինչո՞ւ չի ճանաչել ԼՂ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի եւ 2016 թվականի դեկտեմբերի 10-ի  հանրաքվեները։

Մենք պետք է հստակեցնենք, որ այն ամենը, ինչը միտումնավոր կամ անգրագիտության հետեւանքով ալասերվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, բացարձակապես ընդհանուր ոչինչ չունի անգամ «Մադրիդյան սկզբունքների» հետ։ Ես «Մադրիդյան սկզբունքները» քննադատել եմ հենց այս տեսանկյունից, ասել եմ՝ այնպիսի իրադարձություններ կարող են լինել, կգա այնպիսի ղեկավար, որն ամբողջովին կարող է պատմությունը պտտել հետ, ինչը տեղի է ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը հստակ նշում է իմ հիշատակած միացումը՝ որպես նպատակ։ Խախտելով 1992 թվականի հուլիսի 8-ի Գերագույն խորհրդի որոշումը, ըստ որի՝ Հայաստանը չի կարող որեւէ փաստաթղթի տակ ստորագրել, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում, ծանր հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող քայլեր անելով, կառավարության այսօրվա ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, որ ինքը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ինքն է պատրաստ դա անել, Հայաստանի անունն իրավունք չունի տալ, որովհետեւ եթե դա միջպետական պայմանագիր է լինելու, ապա պետք է անպայման վավերացում անցնի թե Ազգային ժողովում, թե Սահմանադրական դատարանում։ Երկրորդ, այդ փաստաթուղթը չի կարող Սահմանադրական դատարանի կողմից վավերացվել, որովհետեւ դա հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Պատահական չէ, որ նա ասում է, որ պետք է փոխվի Սահմանադրությունը, հիմա խոսում է սարերի մասին՝ Արարատ, թե Արագած։ Այդ բոլորը թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ եւ մասնակցությամբ բավական հմուտ կենտրոնների կողմից կազմված մեկ ծրագրի մաս է։ Եվ, ահա, սա է իրականացվում այսօր ձեր նշած անձի կողմից։ Այսինքն՝ մենք իրավական հիմք այդտեղ չենք կարող գտնել, դա զուտ քաղաքական կամայականություն է, եւ այդ կամայական որոշումն ավելի վատն է, քան Կավբյուրոյի որոշումը։ Կավբյուրոն գոնե պնդում էր, որ այնտեղ պետք է լինի ինքնավարություն, իսկ ահա այս թիմը, քաղաքական անմեղսունակություն դրսեւորելով, խոսում է մարդու իրավունքների եւ անվտանգության մասին։ Կներեք, ո՞ր մի գլուխն է, որ չի մտել, որ մարդու իրավունքների ամենակարեւորն ու առաջինը դա ինքնորոշման իրավունքն է։

– Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, ի՞նչ անելիք ունի հայ ժողովուրդը։

– Իր ընտրողները կազմել են մեր ընտրողների 1/3-ը։ Եվ պահանջվում է, որ ակտիվանա մեր ընտրողների մնացած 2/3-ը, մասնավորապես, այն պասիվ կողմը, որը չի քվերակել եւ իր լռությամբ համաձայնություն է տվել իր մեջ բոլոր հանցագործության հատկանիշները պարունակող քայլերին։ Այն, որ միջազգային հանրությունը, հանձին Շառլ Միշելի, հայտարարություն է անում, դա ամբողջովին հակասում է Եվրախորհրդարանի որոշմանը։ Մենք պետք է խոսենք այն մասին, որ այսօր միջազգային հանրության ամենախոշոր կենտրոնները, այսպես ասած, խրախճանք են ապրում, եւ, օգտվելով նրանից, որ Հայաստանում իշխանության է եկել թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերն սպասարկող թիմը, անպատասխանատու հայտարարություններ են անում։

Վերջում ես ավելացնեմ՝ ոչ ոք, ոչ Եվրոպայի խորհրդի ամբողջովին սխալ հայտարարությունը, ոչ որեւէ թիմ՝ իր ղեկավարով չեն կարող Արցախի ժողովրդից խլել իր ինքնորոշման իրավունքը եւ արդեն իսկ իրականացված այդ իրավունքը։ Հակառակը, Արցախի հայ ժողովրդի՝ անօրինական անջատված մասը բոլոր հիմքերն ունի, այդ թվում՝ միջազգային իրավունքի համաձայն, շարունակել պայքարել իր այդ իրավունքի համար եւ պահանջել բոլորից, այդ թվում՝ միջազգային հանրությունից՝ չսպասարկել մարդկության դեմ հանցագործությունը, որը գործում է Ադրբեջանը Արցախի եւ ՀՀ հայության դեմ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031