Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեւան քաղաքի մեջ ունես էթնիկ մարդ, ընտանիք, մշակութային օջախ, ո՞վ է ջնջում»

Մայիս 29,2023 13:00

«Կանխեք, սա մարդասպանության փորձ է». փաստաբան

Ազգագրական երգերի կատարող, բանահավաք, ազգագրական «Սասուն» համույթի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանը դեռ այս տարվա հունվարի 9-ին էր սպասում իր տան գործով դատարանի որոշմանը եւ մենք այդ մասին տեղեկացրել էինք (հունվարի 13, «Դատարանի որոշմամբ արգելվել է 12 հարկանի շենքի կառուցումը ուրիշի սեփականության հաշվին», «Առավոտ»): Դատարանը պարբերաբար Ա. Մանուկյանի ներկայացուցիչներին հայտնել է, թե «ծանրաբեռնված է» եւ որոշման հետաձգումը պայմանավորված էր իբր դրանով: Մարտի 30-ից նոր թափով սկսվեց 12 հարկանի շենքի շինաշխատանքները Ա. Մանուկյանի սեփական տանը կից: Հետագայում պարզվեց, որ «հունվարի 10» թվագրությամբ դատարանը որոշում է կայացրել՝ վերացնել դատարանի հունիսի 17-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, բավարարել շինարարական ընկերության փաստաբան Տիգրան Խուրշուդյանի միջնորդությունը՝ «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» («Դատարանի հունվարի 10-ի որոշման մասին կողմը տեղեկացել է մարտի 30-ին» «Առավոտ», ապրիլի 4):


Հիշեցնեմ, որ Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին: Դատարանի 17.06.2022թ. որոշմամբ հայցվոր Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանի միջնորդությունը բավարարվել էր եւ կիրառվել հետեւյալ հայցի ապահովման միջոցները` «Արգելել պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվին եւ այլ անձանց իրականացնել կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ Երեւան քաղաքի Կենտրոն, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/9 հասցեում գտնվող եւ Երեւան քաղաքի Կենտրոն, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեում գտնվող հողամասերի վրա՝ մինչեւ սույն գործով եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը»: Ապա նույն դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի որոշմամբ վերացվել էր այս որոշումը, եւ դեռ որոշումը չբողոքարկած, շինարարական ընկերությունը դիմել էր ԴԱՀԿ, եւ սկսել է ակտիվ շինարարություն:


Երեկ տեղեկացա, որ Անդրանիկ Մանուկյանի փաստաբան Ալբերտ Կանդալյանը (լուսանկարում) դիմել է ԲԴԽ՝ բարձրագույն դատական խորհուրդ, նաեւ՝ էթիկայի հանձնաժողով, դատավոր Արշակ Պետրոսյանի դեմ:

Ես Կենտրոն համայնքի Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեում էի:

Անդրանիկ Մանուկյանի փաստաբանը տեղեկացրեց այս հասցեում կատարվող իրավիճակը, մեր վերջին հրապարակումից հետո:

Ըստ փաստաբանի. «Մեր դատական համարակարգը ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չի աշխատում: Մի քանի դատավոր է աշխատում մեր գործով, մենք մի քանի պրոցեսների մեջ ենք, երկուսը կարեւոր է այն առումով, որ վերաբերում է կատարվող շինարարության անհապաղ դադարեցմանն ու անօրինակությանը: Մնացածը վերաբերում է անօրինական իրավաբանական ուժ չունեցող ակտերի վիճարկմանը:

Ա. Մանուկյանի գործը քննվում է վարչական դատարանում, որտեղ վիճարկվում է քաղաքապետի կողմից 2021թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, չգիտեմ հասկանալով, թե առանց հասկանալու է ստորագրել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, չգիտեմ, իր աշխատանքային վերջին օրը:

Ա, Մանուկյանը բողոքել էր տեսչական մարմնին՝ հակահրդեհային, որտեղից, երբ գալիս են ստուգում, փաստում են, որ զրոյական նիշը կառուցվում է նախագծի շեղումներով, օրենքի խախտումներով եւ առկա է վրան ինքնաշեն շինություն:

Տեսչական մարմինը տեղեկացնում է Երեւանի քաղաքապետին, սակայն որեւէ գործողություն քաղաքապետարանը չի ձեռնարկել մինչ օրս, ասելով՝ լիազորություններ չունենք, լիազորություն չունեն չորս միլիոն դոլարի համար, բայց երբ հարցը վերաբերում է հասարակ մարդուն, այնպիսի լիազորություն ունեն, որը Անդրանիկի գործով տեսնում ենք: Ես հարցում արեցի Երեւանի քաղաքապետարանին, թե կարելի՞ է ինքակամ շինարարության վրա ստանալ շինարարության թույլտվություն, վեց ամիս հետո պատասխանեցին՝ չի կարելի: Երկրորդ նամակում գրեցի հստակ հասցեն, ով էր շահագրգիռ անձը, արդյոք դա հանցագործություն չէ»:

Հիշեցնեմ, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ապրիլի 21-ի N ՔՏՄ/11.04/5856-22 գրությամբ առաջարկվել է Երեւան համայնքի ղեկավարին կասեցնել 22.12.2021 թվականին տրամադրված N 01/18-130064-2232 շինարարության թույլտվությունը: Պարտավորեցնել կառուցապատող ընկերությանը քաղաքաշինական փաստաթղթերը իրավաչափ փորձաքննության ենթարկելու ուղղությամբ, սակայն մինչ օրս Երեւան համայնքի ղեկավարի կողմից «անհայտ շարժառիթով չի կասեցվել շինարարության թույլտվությունը եւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ քաղաքաշինական փաստաթղթերը լրամշակելու ուղղությամբ»:

Ըստ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի. «Ամենամեծ հանցագործը պետությունն է, որը չի կանխում, լուծում չի տալիս…

…Երբ ասում են՝ նյութական վնաս են կրում, պատկերացրեք 5 մետր լայնություն, 30 մետր երկարություն: 12 հարկ, հաշվեք 130 քառ. մետրով, ում հաշվին են սրանք շահույթ ձեռք բերում… ասում են կոռուպցիա, հանցագործություն, տեսչական մարմինն ասում է՝ շենքը տեղում չի, դա դեռ խոսում եմ իրենց թույլտվության նորմերով…Պատկերացրեք, ի՞նչ փողեր են աշխատելու, ում գրպանն է գնալու, քաղաքապետարանից մինչեւ առաջին դեմքի… Բարձրագույն արժեքն աշխարհում մարդն է, տունը, որ կառուցել եմ, 1991 թվից մինչ օրս մշակութային օջախ էր, էթնիկ մարդու աշխարհ, տուն: Իրենք չկային, ես կայի, ով է հաշվարկ տանում ստեղծագործական աշխարհիս հետ կապված, որ դատավորը, որ քաղաքապետը, իրենք հաշվե՞լ են ինչ արժեին իմ ստեղծագործական ներդրումները:

Ամեն բան անում են, որ ինձ այստեղից հանեն: Ես աշխարհին ներկայացնում եմ հայ մշակույթը: Ամբողջ աշխարհն ուզում է հասկանալ. նա ձեր էթնիկ մարդը չի՞, Երեւան քաղաքի մեջ ունես էթնիկ մարդ, ընտանիք, մշակութային օջախ, ո՞վ է ջնջում:

40 տարի հողի գույքի հարկ եմ վճարել, դուք իմ հետ հայտարարի եկե՞լ եք, կարո՞ղ եք երաշխավորել, որ տասներկու հարկում ապրող մարդը մի շիշ չի գցի, մի բան չի անի, չի վտանգի իմ եւ ընտանիքիս անվտանգությունը: Ես աղմուկի մեջ եմ, ոնց դիմանամ: Մի օր էլ իմ մարմնից դուրս եմ գալու, չդիմանալու, հարցնեն՝ ինչ արեցիր: Անվտանգություն չկա: Պետական այրերը գիտեն իմ այս գործի մասին: Մշակութային աշխարհը պիտի իմանա, որ ինքն է իրեն սպանում: Իմ գործով համոզվեք: Մի դատավոր եկավ միայն այս տարածք՝ Ա. Խառատյանը, ով զարմացավ, հարցրեց՝ ինչ եք անում: Եթե տեսչական մարմինը գալիս նայում է, թե վտանգ կա, որ դեռ չի վերացնում վտանգը, վերացրեք այդ մարմինը»:

Փաստաբանը հիշեցրեց, որ չորս անգամ մերժվել է շինընկերության՝ միջնորդությունները՝ հայցի ապահովում կիրառելու, հակընդդեմ ապահովում պահանջելու մասին, սակայն իրավիճակն այն է, որ շարունակվում է շինարարությունը բազմաթիվ խախտումներով. «Նույն դատարանը կարող էր ինքը փորձաքննություն անցկացնել, մեկ այլ գործողություն անել: Մենք ունենք քաղաքացիական վեճ պահանջով, որ Մանուկյանի հողի վրա է կատարվում ամենը, վնասվել է սեփականատիրոջ գույքը, պահանջ ունենք վերականգնել նախկին տեսքը, քանի որ ընկերությունը շեղվել է իր թույլտվությունից: Ինքը շեղվել է նույնիսկ թույլտվությունից: Նշանակում է, դա ինքնակամ շինություն է, եթե պիտի ինքնակամ շինության վրա տաս ավարտական ակտ, նշանակում է՝ ինչ-որ մեկը շահագրգիռ է, դատարանը, քաղաքապետարանը, պետությունը չի հետեւում ապօրինությանը, եւ վտանգում է ապագա բարեխիղճ գնորդների ապագան: Չորս մետր շեղումով կատարվող շինությունը, շենքը փլուզվելուց հետո ո՞վ է պատասխան տալու…»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031