Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագիրը արդյունավետ է աշխատում

Մայիս 29,2023 12:30

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ ընթացիկ տարվա փետրվարի 27-ին մեկնարկեց «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագիրը, որի առաջին միջոցառումը կայացավ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Միջոցառման շրջանակներում մասնագետների կողմից անցկացվեցին վարպետության դասընթացներ համայնքների մանկավարժների ու պատանի վոկալիստների համար։ Նույն օրը համերգով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցները։


«Առավոտի» հետ զրույցում Լեոն Ջավադյանը հայտնեց, որ այցելել են չորս մարզ՝ Կոտայք, Գեղարքունիք, Արարատ, Լոռի, վարպետության դասերը վարել են իր ղեկավարած ծրագրի նախկին մասնակից, ներկայումս մեր օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի, սոպրանո Օֆելյա Համբարձումյանը, ով ծնունդով Արարատի մարզից է, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Թամազյանը եւ ինքը։ Մեր զրուցակիցը նշեց, որ մարզերում մեծ հետաքրքրություն, ինչու ոչ՝ աժիոտաժ էին առաջացրել միջոցառումները։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ գտա՞ք ինչ որոնում էիք, պարոն Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե, այո։ Օրինակ, առանձնացնեմ Արարատի մարզից երկու երիտասարդների, որոնք ունեն ձայնային հիանալի տվյալներ, սկսել եմ պարապմունքները նրանց հետ՝ մոտ ժամանակներս օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկելու նպատակով»։ Հավելեց նաեւ, որ 2016թ.՝ ծրագրի ստեղծումից ի վեր, իրենց շահառուների թվում մարզաբնակները մեծամասնություն են կազմում։

Զրույցի ընթացքում ծրագրի ղեկավարը հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ-ի հետ նման ձեւաչափով միջոցառում իրենք կազմակերպել ու անցկացրել են 2019թ., Արցախում, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում. «Արցախից սոպրանո Անի Բաղդասարյանը մասնակցություն ունեցավ Դելփյան խաղերին։ Գյումրիում վարպետության դասերի ժամանակ «հայտնաբերեցինք» բաս Ֆերդինանդ Մուրադյանին, որը հաջողությամբ հանդես է գալիս մեր թատրոնում, տարբեր նախագծերում։ Վերջերս նա Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայում ներկայացավ գլխավոր դերերգով, Դոնիցետիի «Սիրո ըմպելիքում» էլ կերտեց  Դուլկամարայի կերպարը… Գիտեք, որ ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային մցույթների, արժանանում դափնիների։ Արդեն հեղինակավոր օպերային թատրոններում, այդ թվում՝ «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն» եւ այլն, փայլում է մեր ծրագրի մասնակից, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, որի առաջին բեմելը 2019թ. կայացել է հենց մարզային համերգների ժամանակ։ Բարիտոն Նավասարդ Հակոբյանն էլ ներկայումս Հյուսթոնի օպերային թատրոնի մեներգիչ է, մինչ այդ փայլել է մի շարք միջազգային մրցույթներում։ Հավատացեք, նման թվարկումները երկար ժամանակ կպահանջեն։ Մի բան էլ. վերջին շրջանում ծրագրի մասնակիցների թվում են մեր հայրենակիցները այլ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ավստրալիայից, Ֆրանսիայից»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցները մարզերում։

«Առավոտ» օրաթերթ
27.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031