Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Մայիս 29,2023 12:00

Սկիզբը՝ թիվ 89 համարում:

3.ԴՍՏԵՐՍ՝ ՍՈՆԱՅԻ ՃԻՉԸ

Թե իմ այս ցուցահանդեսները ինչքանով կարող են նպաստել նման պայքարի ձեւավորմանը, դեռեւս հանելուկ է մնում: Վերջերս դիմել էի հայկական մի շարք կառույցների ու կազմակերպությունների օժանդակությանը ԱՄՆ-ում եւ այլուր՝ օգնելու այս նյութերի ցուցադրությունը, սակայն լռել են, կամ  էլ՝ մերժել, արդարանալով, որ մտահոգված են Արցախի խնդրով:

Տարիների ընթացքում ստեղծելով աշխարհի հայության մասին յոթ հազար հին լուսանկար ընդգրկող այս հավաքածուն, մտածում էի նոր շունչ հաղորդել անհերքելի վավերագրերին, աշխարհի հայության մեջ արթնացնել պահանջատիրության գաղափարախոսությունը, նախնիների երկիրը, նրանց հիշատակը: Մտադիր էի նաեւ այս ամենը ցուցադրել օտարներին: Իմ այս ձեռնարկին առայժմ միակ սատարը դուստրս է՝ Սոնան, որը մեկ տարի առաջ է եկել Նահանգներ ու ամենօրյա գոյության պայքար է մղում…

Ասես թռչում եմ պատմության վրայով: Աքեմենյան հզոր կայսրերը, հետո Պարսից Սասանյանները ահ ու սարսափ էին տարածում աշխարհի չորս կողմերը: Մի ժամանակ Արմենոիդ արքաներն էին իշխում աշխարհում: Հին Արեւելքում արմենների թողտվությամբ էին թագավորներ կարգում: Բոլոր թագավորական ընտանիքները արմենոիդ են: Հետո իշխում էին եգիպտացիները, ապա խեթերը, ասորիները, հույները, հռոմեացիները, հետո հայտնվեց Բյուզանդիան, արաբները, մոնղոլները, ուշ միջնադարում՝ անգլիացիները, ֆրանսիացիները… Ասես Աստծո լուսավորիչ փունջը սահում էր  երկրագնդի տարբեր հատվածներով, արթնացնում, լիցք հաղորդում տեղի հանրություններին, անցնում այլ հատվածների: Երեւան եկան Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը: Հիմա լուսավորվել է ԱՄՆ-ը, ու թե ինչքան կտեւի այն, կախված է, թե Աստված ո՞ւր կտանի լույսը:

Ներքեւում արեւի ճառագայթներն ասես արթնացրին դինոզավր-լեռներին, որնք լսելով ինքնաթիռի ձայնը, տագնապած փորձեցին պոկվել տեղից… Գետը, որը զիգզագով ճանապարհ էր հարթել իր ջրերին, ցամաքել էր: Ներքեւում Շիրազն էր: Եռաչափ քարտեզում  նշմարվեց Պարսից ծոցը:

-Մնաս բարով, Պարսից աշխարհ…

Քիչ անց երեւաց ծովածոցի արաբական ափը, որտեղ նավթային տարողունակ բաքեր էին շարված: Այսօր դրանք են շքեղացնում երբեմնի անապատը: Թերակղզին կիսաբաց երախով առյուծ էր հիշեցնում՝ Արաբական աշխարհի երբեմնի հզորության նշանը: Իսկ Դոհան հիմնվել է XVII դարում: Այն հայտնի էր մարգարիտ որսացող լողորդներով: Բացի այդ, Դոհան հայտնի էր բրդե գործվածքների արհեստավորներով:

Ինքնաթիռը աջ ու ձախ թեքումներով ուղղվում է դեպի թռիչքուղին: Շատ մեծ օդակայան էր: Այստեղ աշխատող ոչ մի արաբի չհանդիպեցի: Քաթարի տարածքը 11 570 քառ. կմ է: Երկրի շահույթը բաժանվում էր բնակչության 20%-ին, իսկ մնացած 80%-ը հարավ-արեւելքից ու Աֆրիկայից եկվորներ են: Բոլոր ծառայողները արեւելցիներ էին, սեւամորթներ, սակայն բոլորն էլ տիրապետում էին անգլերենին: Եթե միջնադարում հորդաներ կազմած արշավում էին դեպի հյուսիս ու արեւելք՝ նվաճելու, իրենց ենթարկելու ժողովուրդներին, ապա այժմ վայելում են ընդերքի պտուղները:

Գլենդել մեկնող հայուհի Լուսինեն օգնում էր ինձ թիչքի հաջորդ ընթացքը ձեւակերպող բաժինը գտնելու հարցում:

Երբ ինքնաթիռը պոկվեց թռիչքուղուց, թվում էր, որ դեպի արեւելք կամ արեւմուտք կուղղվենք: Սակայն էկրանին նախ Պարսից ծոցն էր, ապա եւ Իրանը: Մտածեցի, որ սխալմունք կա, այն ոչ թե թռիչքն է պատկերում, այլ պատահական կրկին այլ երկրներ են ցուցադրում, քանի որ Լոս Անջելես թռչելու համար միանգամայն այլ ուղղություն պետք է վերցնեն: Բայց ահա ինքնաթիռը Կասպից ծովի տարածք մտավ, ընդհուպ մոտեցավ Ապշերոնյան թերակղզու կտցաձեւ ափին: Չլինի՞ թե արտառոց դեպք է պատահել ու ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Բաքվում: Կստուգեն փաստաթղթերս ու կձերբակալեն ինձ: Վերջերս Թվիթերում դիմել էի Իլհամ Ալիեւին՝ հատուցելու Մարգուշեւանում իմ տան եւ այգու դիմաց գումարը:

Հիշեցի այն օրը, երբ թուրք օմոնականները Ստեփանակերտի օդակայանում ձերբակալեցին, եւ օդակայանի պարետ Հաջիեւն անընդհատ կապվում էր Բաքվի իր ղեկավարների  հետ ու որոշում ինչպես վարվել լրագրողի հետ, որ խուսափեն միջազգային մամուլի սկանդալից: Վերջապես, որոշեցին մեկ ամսով ինձ Շուշիի բանտ ուղարկել: Սակայն ռուսները, որոնց ֆիլտրացիոն կայանով պետք է անցնեի, ինձ բաց թողեցին: Ես Ստեփանակերտի արխիվում գտա Հաջիեւի մասին իրականությունը: Նա կաշառակերության համար դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման, սակայն Բաքվի 1991 թ. հունվարյան կոտորածի օրերին բաց էին թողել, հատուկ ջոկատ տվել: Նա պատմում էր, որ իր ջոկատի տղաները մի ընտանիքի անդամներին երկու երեխաների հետ փակել էին պահարանում ու կենդանի-կենդանի այրել: Ասում էր, որ մինչեւ հիմա իր ականջներում են նրանց աղիողորմ ճիչերը: Հաջիեւը զոհվեց Խոջալուի ազատագրման մարտում: Արցախի Խնածախ գյուղի ջոկատի հրամանատար Արմեն Ավագյանը պատմեց, որ Խոջալուի համար մարտերում տեսել է օդակայանի պարետ Հաջիեւին՝ ճակատին գնդակի հետքով ընկած փողոցում:

Ինքնաթիռը ծովի վրայով թեքվեց դեպի հյուսիս: Անցանք Վոլգայի բազմաճյուղ դելտան: Արդեն ներքեւում մեզ ուղեկցում էին համատարած սառցե դաշտերը: Գուցե Հյուսիսային բեւեռով անցնենք: Սակայն ինքնաթիռը թեքվեց դեպի Սկանդինավյան երկրներ, իսկ քիչ անց թռչում էինք Գրելանդիայի կողքով: Ապա Ալյասկան էր, հետո շարժվեց դեպի Լոս Աջելեսի օդակայանը:

Երբ ճամպրուկներով շարժվում էի դեպի ելքը, մի ճիչ լսեցի, ծանոթ ու հարազատ ճիչ.

-Հայրի՝կ…

Դոհայի օդակայանն աշխուժացավ, լցվեց դստերս՝ Սոնայի երջանկացնող ճիչով:

Ճամպրուկները տեղավորելուց հետո Սոնան իր բջջայինով հավաքեց օդակայանի եւ բնակարանի հասցեները: Մեքենայի էկրանին կապույտով ընդգծվեց ճանապարհը: Այլեւս հանձնվեցինք քարտեզին ու անընդհատ թելադրող կանացի ձայնին: Նա կանխում էր վթարներն ու խցանումները, ապահով ճանապարհ առաջարկում: Եթե մի պահ խափանվի էլեկտրոնային այս համակարգը, ապա երկիրը  կաթվածահար կլինի: Ամենուր սլացող մեքենաներով մայրուղիներ են, որոնք կատարում են երկրի արյունատար անոթների դերը:

Մայթին փոքր չափերով վրաններ էին շարված, որոնց մեջ մարդ կարող է կծիկ դառած տեղավորվել: Անտունների կացարաններն են: Նրանց տանում են, կերակրում ու ետ բերում: Իշխանությունները բնակարան են առաջարկում, բայց նրանք մերժում են: Նրանք այս ապրելաձեւն են ընտրել ոչ թե կարիքից, այլ սա ուղղակի ապրելաձեւ է: Չեն ընդունում աշխատանքը, բնակարանը, հասարակական ու անհատական հոգսերով ապրելը: Հին ժամանակներում էլ են եղել, որոնք կամ ճգնավոր էին, ճգնում էին անապատում կամ քարանձավում, կամ էլ մուրացկան էին:

-Հայրիկ, -ասաց Սոնան, -Գլենդելում թաղապետարանը խստիվ արգելել է բոմժերի մուտքը քաղաք:

4.ԳԼԵՆԴԵԼՅԱՆ ԱՐՑԱԽԸ

Իմ վաղեմի ընկերը՝ Վահե Մեսրոպյանը հայտնել էր, որ ցուցահանդեսը կկազմակերպվի մայիսի  4-ին, ՀՅԴ Երիտասարդական կենտրոնում, որը Ցենտրալ փողոցի վրա Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ էր: Սակայն հետո ճշտեցին, որ այն կանցկացվի կիրակի օրը՝ 14-ին:

Սոնան հայտնեց, որ մայիսի 14-ը Մայրության օրն է, մարդիկ զբաղված են լինելու սրճարաններում ու ռեստորաններում կանանց տոնը նշելով: Որոշվեց ցուցահանդեսը կազմակերպել մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը:

Իմ առաջին հայտնությունը գլենդելյան «Արցախ» փողոցն էր: Այստեղ արգելված է մեքենաների երթեւեկը: Ասես դիտավորյալ են փողոցի անունը Արցախ դրել, որ կարոտս դեպի հայրենի եզերքը մի փոքր փարատվի: Սակայն այստեղ, հակառակ փոթորկուն Արցախի, հանգիստ էր ու խաղաղ: Փողոցում տեղադրված են հովհարով սեղաններ, որտեղ երիտասարդները սուրճ են պատվիրում ու իրենց համակարգիչներով կատարում անհրաժեշտ աշխատանքները: Այն ինձ հյուրընկալած Մերիլենդ փողոցի շարունակությունն էր: Ես հասկանում եմ, թե ինչ ջանքեր պահանջվեցին այս գաղափարի հեղինակներին՝ քաղաքապետարանի ղեկավարությանը համոզելու Գլենդելի կենտրոնում Պատմական Հայաստանի 10-րդ նահանգի անունով փողոց բացելու համար:

Վահե Մեսրոպյանն առաջարկեց միասին գնալ Պարսկահայերի մշակութային կենտրոն, մասնակցելու Ազգային Ժողովրդավարական Բեւեռի խորհրդի ղեկավար, Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը: Այն վարելու համար այստեղ եկավ «Armenian Kurier» անգլիալեզու թերթի գլխավոր խմբագիր, բարերար Հարութ Սասունյանը, որի հետ պայմանավորվեցի հանդիպել մի քանի օր հետո: Հանդիպումը սկսելուց առաջ Սեֆիլյանի ցանկությամբ բեմից դուրս հանեցին Արցախի դրոշը, ու մնացին ԱՄՆ-ի եւ ՀՀ դրոշները: Այն որոշակի դժգոհություն առաջացրեց դահլիճում: Իսկ հանդիպմանը եկել էին միայն տարեց մարդիկ: Նույն պահին շենքի երրորդ հարկում տեղի էր ունենում մեկ այլ միջոցառում՝ զորավար Անդրանիկին նվիրված ֆիլմի ցուցադրում:

Մի քանի օր է, որ Գլենդելում եմ, սակայն դեռեւս չեմ զգում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ: Ասես Երեւանը ձգել, բերել են Կալիֆոռնիա: Ամենուր հայերեն են խոսում: Հայ երիտասարդները,  եթե չեն կարողանում, ինչպես Երեւանում, «գոլդ» համարներ ձեռք բերել, ապա որոշակի գումարով կարող են առջեւի համարանիշի փոխարեն լատինատառ որեւէ գրություն տեղադրել: Սոնան լուսանկարել էր դրանցից մի քանիսը, օրինակ. KSHIARA, UTEMQEZ, BARILUS, KYAANKK, GALISEM, COFEDIR… իսկ Երիտասարդական կենտրոնում արդեն քաղաքական բնույթ էր ստացել համարանիշը, որովհետեւ գրված էր. ARTSAKH:

Արցախ փողոցը ավարտվում էր Քաղաքային գրադարանի մոտ, որտեղ ինձ էր սպասում Վահե Մեսրոպյանը: Նրա հետ ծանոթ էի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության կազմում համատեղ աշխատանքից, որտեղ նա փոխվարչապետն է ու ՆԳ նախարարը: ԵՊՀ երկրաբանական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Հայհիդրոնախագիծ ինստիտուտում, 1993 թ. զորակոչվել բանակ, որպես դասախոս աշխատել Ռազմական ինստիտուտում: 2008-ին զորացրվել է փոխնդապետի աստիճանով, տեղափոխվել ԱՄՆ, այժմ զբաղվում է լրագրությամբ: Վահե Մովսիսյանը Հայոց պահանջատիրության ջատագով գործիչներից է: Նրա ջանքերով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից ստացել է Հայաստանի քարտեզի մասին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 59-րդ պատճենը: Նա գրել է վավերագրական աշխատություններ, որոնցից երկուսը հրատարակել է «Շուշի» հիմնադրամը: Նա մինչ այժմ հրատարակել է հինգ գիրք՝ «60 հոդված՝ 60-ամյակին», «Վերանայել, վավերացնել, վերակերտել»,  «Ի՞նչ ենք անելու», «Հայրենատիրության ճանապարհին» եւ «Ի՞նչ պետք է անի Սփյուռքը»: Վահեի հիմնական քարոզչության նյութը պահանջատիրությունն է՝ Հայոց սահմանների հնարավորին վերականգնումը: Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, որի վարչապետն է Արամ Մկրտչյանը (Մայնց, Գերմանիա), հիմնել է Համահայկական Սենատ-վերնախորհուրդը, աշխատանքներին փութաջանորեն խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու կուսակցական կազմակերպությունները: Իսկ թվում էր, թե նման նախաձեռնություններով պետք է ուժեղ լինեինք:

Քայլելով գնացինք Երիտասարդական կենտրոն: Այստեղ էլ հանդիպեցինք ցուցադրության կազմակերպիչ Բալաբեկ Բարսամյանին: Նա էր վարելու ինձ հետ հեռուստազրույցը:

Բալաբեկի ակունքները Գարդմանքի Փիպ գյուղից են: Փիպի զինագործները լուրջ դեր ունեին Հայոց Գարդմանից երկրամասի բնակչության պաշտպանության կազմակերպման գործում: Այստեղից ոչ հեռու Քարհատի երկաթահանքի մետաղը հենց այստեղ էր զենքի տեսք ստանում: Սակայն Հայոց իշխանները հարկ չհամարեցին հայերի հինավուրց այս բնօրրանը պահպանելու խնդրին ու ինքնակամ այն զիջեցին թշնամուն: Բալաբեկը 8-րդ դասարանում էր սովորում, երբ Հրազդանի քաղաքապետարանի առջեւ զորակոչիկներով ցուցադրաբար պատռեցին ԽՍՀՄ զինգրքույկները:  Ապա պատանի գարդմանքցին ընդունվեց Վասիլյանի հիմնած Հայոց Ազատագրական Բանակի Հրազդանի մասնաճյուղ:  1992-ին Ալբերտ Ալավերդյանի ջոկատի կազմում գնաց Արցախ, միացավ Ժիրայր Սեֆիլյանի վաշտին: Վիրավորվել է Կիչանի մարտերում, ապաքինվելուց հետո վերադարձել ռազմաճակատ՝ որպես գումարտակի կապի պատասխանատու: Գլենդել է տեղափոխվել 2000 թ.: Հիմնել են Արցախի պատերազմի վետերանների միությունը, որը ԱՄՆ-ի վետերանների միության մասնաճյուղն էր: Այժմ աշխատում է գլենդելյան «Հորիզոն» հեռուստատեսությունում, որտեղ վարում է «Փարոս» եւ «Առաքելություն» հաղորդաշարերը:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031