Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձեր գիրքը փակված է. «Միացում» գիրքը փակված է, անջատողականությունն՝ ավարտված»․ Իլհամ Ալիեւը սպառնում է

Մայիս 28,2023 21:15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր այցելել է Բերձոր (Լաչին)։ Այստեղ ելույթ է ունեցել՝ խաղաղության պայմանագրի պայմաններ թելադրելով Հայաստանին և հերթական սպառնալիքները հնչեցնելով ԼՂ-ում ապրող հայ բնակչության հասցեին։ Ալիևի հայտարարությունները՝ հակիրճ

«Ասում եմ՝ քանի դեռ ուշ չէ։  Քանի դեռ Հայաստանը, թեև ոչ դե ֆակտո, բայց իրավական անկախություն ունի, քանի դեռ Հայաստանի սահմաններ հասկացությունը որոշակի իմաստով ընդունված է։ Նրանք պետք է ընդունեն մեր պայմանները։ Չե՞ն ուզում սահմանազատում, պետք էլ չէ: Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում։ Սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք կասենք։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել։ Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ Եվրոպայից ժամանած ֆրանսիացի թոշակառու ոստիկանները, ոչ մեկ ուրիշը, ոչ ոք»։

«Սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք դեռևս Ղարաբաղում են, պետք է դուրս բերվեն։ Սրանք են մեր պայմանները»։

«Այս պայմանների մասին հայտարարում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն, որ այսօր մենք այստեղ ենք և հավերժ այստեղ ենք լինելու։ Թող իմանան նաև, որ այստեղից տեսանելի են Հայաստանի գյուղերը։ Մենք էլ ենք տեսնում այդ գյուղերը, այսինքն՝ թող չմոռանան նաև դրա մասին»։

«Ղարաբաղում ապրող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին երրորդ անգամ հրավեր չենք ուղարկելու։ Կամ նրանք իրենք են խոնարհաբար գալու, կամ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ»։

«Նրանք [ԼՂ-ի իշխանությունները] կարող են համաներում ստանալ միայն այն դեպքում, եթե կամովին լքեն բոլոր ֆիկտիվ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Նույնիսկ այդ դեպքում՝ դեռ կտեսնենք»։

«Ձեր գիրքը փակված է. «Միացում» գիրքը փակված է, անջատողականությունն՝ ավարտված։ Անկախության երազանքները գնացին այնտեղ, որտեղ կարգավիճակը։ Իսկ մենք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կարգավիճակն ուղարկել էինք այնտեղ, որտեղ պետք է։ Ուստի, մնացել է միայն մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի լոյալ, նորմալ քաղաքացիներ, աղբարկղը նետել կեղծ «պետական ​​ատրիբուտները» և լուծարել «խորհրդարանը»։

«Մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում [ԼՂ-ում] ցանկացած գործողություն իրականացնելու»։

«Հայաստանի ղեկավարության կողմից օրեր առաջ արված հայտարարությունն իրականում կրկնությունն է իմ՝ մի քանի տարի առաջ ասված խոսքերի. «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Իսկ  հիմա, երբ Հայաստանը արդեն ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագրի համար փաստացի լուրջ խոչընդոտներ չեն մնացել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031