«Այսօր` 105 տարի անց, մենք կանգնած ենք ճիշտ նույն ուղու վրա, ճիշտ նույն հենակետից սկսում ենք մեր պատմությունը։ Այսօր թշնամին Հայաստանի տարածքում է, այսօր մենք Արցախը հանձնելու սահմանագծին ենք, այսինքն, մեր պետությունը կառավարողները հանձնել են։ Իրենք իրենց մեջ հաղթահարեցին քյասիբությունը, ես ուրիշ կերպ չեմ ուզում դա կոչել, բայց այդպես էլ չկարողացան իրենք իրենց մեջ մտցնել տղամարդկության, տղամարդ լինելու տենչը։ Որ դու կարողանաս պաշտպանել քո հայրենիքը, քո ազգը, այն ձեռքբերումները, որոնք քեզ տվել են ուրիշ մարդիկ՝ իրենց արյունով։ Տղա եղեք։ Դրա համար ենք մենք այսօր այստեղ։ Որովհետեւ մենք տղա ենք, որ մենք պայքարելու ենք Արցախի համար եւ Արցախի պայքարի ներքո մենք պայքարելու ենք Հայաստանի բոլոր այն արժեքների համար, որոնք ստեղծվել են ոչ մեզանով։ Մենք պետք է այդ արժեքները պահպանողը լինենք։
Այսօր Նժդեհներ են պետք մեր երկրին, մեր ազգին։ Եվ այդ Նժդեհները կան։ Իրենք մեր մեջ են։ Հավատացեք, իրենք կան։ «Համախմբում» շարժման կողքը օրեցօր մարդիկ են ավելանում, օրեցօր շարժումներ, կուսակցություններ են գալիս։ Նույնիսկ նախկին կոչեցյալներն են գալիս, մեզ թեւ ու թիկունք կանգնում։ Եվ ոչ թե այլ նպատակներով։ Սա ազգային նպատակ է, Արցախի ճանաչումը ազգային նպատակ է եւ պետք է հասնել դրան՝ բոլոր մեր ուժերով, մեր ճիգերը համախմբելով, ի մի բերելով։
Հաստատ վստահ եղեք․ նոր Սարդարապատներ լինելու են, նոր հաղթանակներ լինելու են։ Մենք հաղթելու ենք, Արցախն էլ, Հայաստանն էլ լինելու են մի երկիր»,- այսօր Սարդարապատ հուշահամալիրում ԶԼՄ-ներին ասաց Հայ ազգային ռամկավար կուսակցության ատենապետ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Վահե Դարբինյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ