Վենետիկում մեկնարկվեց «ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագիծը, որի շրջանակում ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը:
«ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագիծը նպատակ ունի հանրությանը տարբեր միջոցառումների միջոցով ներկայացնել հայ մշակույթն ու հայի ինքնությունը իրենց ամենատարբեր արտահայտություննեով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, որը նաև նախագծի գիտական ղեկավարն է:
«Երբ Տիենե քաղաքի պետական թատրոնում մասնակցեցի Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության պրեմիերային, մեծ ցանկություն առաջացավ իրականացված տեսնելու այն նաև Վենետիկի բեմերից մեկում: Եվ ահա, ամիսներ անց դա հնարավոր դարձավ Վենետիկի քաղաքապետարանի և Կա’Ֆոսկարի համալսարանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում:
Կարդացեք նաև
Կոստան Զարյանը հայ մշակույթի ամենանշանավոր դեմքերից է: Ծնվել է 1885 թվականին Շամախիում: Հայրը Ղարաբաղից էր, «բեկերի» ազնվական ընտանիքից, եղել էր ցարական բանակի գեներալ, ակտիվորեն մասնակցել կովկասյան ժողովուրդների ազատագրական շարժմանը. մայրը՝ Սոնա Ստեփանյանը, Հովհաննես Աբելյանի և Ալեքսանդր Շիրվանզադեի մորաքույրն էր: Բաքվի ռուսական գիմնազիայում ուսումը սկսելուց հետո Զարյանը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ավարտել է Սեն Ժերմենի վարժարանը։ Հետագայում սովորել է Բելգիայում, ստանալով գրականության և փիլիսոփայության դոկտորի կոչում Բրյուսելի համալսարանում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով. «Զարյանի արձակ ստեղծագործություններն անդրադառնում են հայ ժողովրդի ինքնությանն ու տառապալից պատմությանը, բայց նաև այն երկրներին ու մշակույթներին որոնց նա ճանաչել է իր կյանքի ընթացքում: Մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից՝ Կոստան Զարյանն ապրել է Արևմուտքի և Արևելքի միջև՝ նվիրվելով իր հսկայածավալ ու բազմաբովանդակ գրական գործունեությանը։ Փարիզ, Բրյուսել, Հռոմ, Վենետիկ, Ֆլորենցիա, Կորֆու, Իսկիա, Ստամբուլ, Նյու Յորք, Բըրքլի, Բեյրութ, Երևան. ահա այն քաղաքները, որտեղ ապրել է Զարյանը: Հայտնի է, որ գրական գործունեության սկզբում գրել և հրատարակել է ֆրանսերենով և ռուսերենով, սակայն դասական և ժամանակակից հայերեն սովորելու նպատակով մեկնել է Վենետիկ, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան հայրերի մոտ, իսկ Վենետիկում մնալուց հետո, նվիրել Ադրիատիկի թագուհուն` Վենետիկին իր «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործությունը։
Եվ այսպես, մայիսի 6-ին Վենետիկի Սանտա Մարտայի «Կա’Ֆոսկարի» թատրոնում Թերեզա Տենտորիի ղեկավարած թատերախմբի իտալացի և հայ դերասանների մասնակցությամբ ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպը»:
Կոստան Զարյանի դերում խաղում էր գրողի թոռը` անվանի ճարտարապետ Արա Զարյանը: Գլխավոր հերոսուհիների դերերում էին Փիրուզա Նազարյանն ու Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիանա Ավետիսյանը: Հատկապես հուզիչ էր ներկայացման ավարտը, երբ Թերեզայի որդին, կոմպոզիտոր Կլաուդիո Ֆանտոնը, որը նաև բեմադրության երաժշտության հեղինակն էր, դուրս եկավ բեմ, և Կլաուդիոյի դուդուկի մեղեդու ներքո Փիրուզա Նազարյանը երգեց Կոմիտասի «Քելեր, ցոլեր» երգը իտալացի դերասանների ձայնակցությամբ: Եվ այսպես ավարտվեց ներկայացումը…. Կարևոր է նշել, որ արդեն տարիներ է, ինչ Թերեզա Տենտորին` իր հայ տատիկի հիշատակին հավատարիմ մեծ գործունեություն է ծավալում նաև Հայաստանում, օժանդակելով Գյումրիի՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին»:
Սոնա Հարությունյանի ղեկավարությամբ Վենետիկի համալսարանում Կոստան Զարյանին նվիրված ևս մեկ միջոցառում էր իրականացվել նաև անցյալ տարի: Լեզուների միջազգային օրվա առթիվ Սփյուռքի գրականությանը նվիրված փառատոնի շրջանակում թարգմանվել և ընթերցվել էր Կոստան Զարյանի «Քաղաքներ» վիպակից մի հատված` համալսարանում հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողների կողմից:
Կա’Ֆոսկարի համալսարանի հովանու ներքո իրականացվող «ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագծի շրջանակում նախատեսվում են այլ միջոցառումներ, որոնց մասին պարբերաբար տեղյակ կպահենք մեր ընթերցողներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ