Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հոգեգալուստը

Մայիս 28,2023 20:05

Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում խոսելով Հոգեգալստյան խորհուրդի մասին, ի մասնավորի նշեց. «Եթե Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ  լեզվախոսությունն առիթ և պատճառ դարձավ մարդկանց բաժանվելու, ապա հոգեգալուստին առաքյալները տարբեր լեզուներով խոսեցին, որպեսզի ողջ տիեզերքը միավորեն ճշմարիտ աստվածաճանաչության և հարուցյալ Տիրոջ մականի ներքո։ Բաբելոնի աշտարակաշինությունը շրջվեց աստվածային սիրո արտահայտությամբ և մարդկային միությամբ ու համերաշխությամբ, որովհետև Հոգեգալուստը տեղի չունեցավ պարզապես Աստծո մեծագործությունը ցույց տալու համար, թե Աստված ինչպիսի հրաշքներ կարող է կատարել, այլ տեղի ունեցավ՝ մեզ առաջնորդելու դեպի միություն, սեր և համերաշխություն։ Այսօր ևս հնչում է պատգամը՝ առաքյալներից օրինակ վերցնելու, մեր ունեցած շնորհներն  աշխարհի հետ կիսելու, միմյանց բաժանելու, մեր մերձավորներին ու հեռավորներին բաժնեկից դարձնելու, այլ խոսքով՝ այդ շնորհին ծառայելու և ոչ թե դրան տիրելու»։

Այնուհետև Միքայել արքեպիսկոպոսը, անդրադառնալով Հանրապետության տոնին, ընդգծեց, որ պետականության գոյությունը և վերջինիս պաշտպանությունը նույնպես Աստծո կողմից տրված շնորհ է։ Այս առնչությամբ առաջնորդ Սրբազանն ասաց․«Երբ մեր պատմությունը քննում ենք և հասնում մինչև 1918 թվական, տեսնում ենք, որ կարծես թե ոչ մի հնարավորություն չունեինք  պետականություն ստեղծելու, բայց պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ։ Ստացանք այդ պետականությունն Աստծո կողմից իբրև շնորհ։ Եվ ի՞նչ էր մեզ պետք. այդ շնորհը բաշխել  հայ ժողովրդի բոլոր զավակներին, միավորվել այդ շնորհով և դրանով  կյանք ունենալ։ Չտիրել այդ շնորհին, չշահագործել և այն չենթարկեցնել մեր սեփական ցանկություններին, նեղ ու առևտրական նպատակներին, այլ ծառայել պետականության այդ շնորհին»։

 

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Հանրապետության տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում  կատարվեց նաև Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, շենացման և խաղաղ ու բարօր կյանքի համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031