Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի օրերս կայացած ավագանու նիստում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 7 անդամներից 6-ը զրկվել են մանդատներից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։ Մանդատը միայն պահել է Սպարտակ Գրիգորյանը, որը, թերևս, մասնակցել է համայնքի ավագանու զարգացման համար կարեւոր հարցեր քննարկելու նիստերին։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 24-ի որոշմամբ ավագանու մանդատ ստացած 6 նոր անդամները՝ Երազիկ Աբգարյանը, Մերի Հայրապետյանը, Հակոբ Առաքելյանը, Նարեկ Գրիգորյանը, Արման Օհանջանյանն ու Հենրիկ Խաչատրյանը նույնպես իշխող ուժի կուսակցության անդամ են։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկագրի համաձայն՝ ավագանու նոր 6 անդամից 4-ը չեն աշխատում։ Հենրիկ Խաչատրյանն ու Հակոբ Առաքելյանն աշխատում են «Շուշանիկ» ՓԲ ընկերությունում՝ որպես բանվոր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Տաթեւի համայնքի ավագանու համամասնական ընտրություններում՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել էր ընտրողների 49, 92 տոկոսը, «Շանթ դաշինքի» օգտին՝ 36,90 տոկոս, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին՝ 13․06 տոկոս։ Ըստ այդմ համայնքի ավագանու 15 մանդատից 7-ը ստացավ «Քաղաքացիական պայմանագիրը», 6-ը՝ «Շանթ դաշինքը», 2-ը՝ «Ապրելու երկիր»։ Վերջին երկու կուսակցությունը ստորագրելով համագործակցության համաձայնագիր ու ավագանիում դարձան մեծամասնություն։ Համայնքի ղեկավար ընտրվեց «Շանթ դաշինք»-ի ներկայացուցիչ Սամվել Լալայանը, իսկ տեղակալ՝ «Ապրելու երկրից» Մարատ Գերասիմյանը։
Կառավարող ուժը բողոքարկել էր ընտրության արդյունքները, սակայն այդպես էլ ոչինչ չփոխվեց։ ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորում էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր»-ը տարածած հայտարարության մեջ հույս է հայտնում, որ «Տաթեւ համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նոր անդամները, որոնք արդեն ստացել են իրենց մանդատները, պատասխանատվությամբ կվերաբերվեն ընտրողների քվեներին եւ արագ կներգրավվեն համայնքի աշխատանքներին»։
Ի դեպ, թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 18-ի որոշմամբ «Շանթ դաշինք»-ը նույնպես ավագանու նոր անդամ ունի՝ Տաթեւիկ Դաղունցը։ Նա փոխարինել է մանդատից հրաժարված Դիաննա Մինասյանին։ Մեր տեղեկություններով, վերջինս ամուսնացել է եւ փոխել բնակության վայրը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ