Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին վարչապետն իրավացիորեն շեշտել է, որ մայիսի 28-ը հայկական պատմության ամենամեծ տոնն է

Մայիս 28,2023 16:20

Մայիսի 28-ին Հայաստանը կրկին իր տեղը գտավ համաշխարհային քարտեզի վրա: Մայիսի 28-ը դարձավ մեր ժամանակակից պատմության ամենահատկանշական օրերից մեկը: Պատմություն առարկայով չհետաքրքրվող անձինք հաճախ ասում են. «Ինչների՞ս է պետք իմանալ, թե ինչ է եղել անցյալում»: Առաջին հայացքից այս պնդումը կարող է տրամաբանական թվալ: Անցյալում կատարվածն անցյալում է: Ավելի լավ է կենտրոնանալ ներկայի ու ապագայի վրա:

Այս թեզին հավատացող մարդիկ չեն գիտակցում, սակայն, որ պատմությունը ազդում է թե՛ մեր ներկայի, թե՛ մեր ապագայի վրա, թե՛ դրական, թե՛ բացասական կերպով:

Հայերի նման փոքր, բազմաչարչար և ծանրագույն խնդիրների առջև կանգնած ազգը պարզապես չի կարող իրեն թույլ տալ սեփական պատմությանը պատշաճ ուշադրություն չդարձնել:

Ցավոք, քչերն են գիտակցում մայիսի 28-ի պատմական անգնահատելի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Չլիներ առաջին հանրապետությունը, չէր լինի Հայկական ԽՍՀ-ն և հետևաբար չէր լինի երրորդ հանրապետությունը: Մի քանի հարյուրամյակ պետականություն չունենալուց հետո, երբ վաղուց մաշվել էր ազատ և անկախ երկիր ունենալու իղձը, մեզ նորից հնարավորություն ընձեռվեց կառուցել մեր երազանքների երկիրը՝ հանրապետական, ժողովրդավարական և քաղաքացու իրավունքների հարգման սկզբունքներով։ Հանրապետության օրվա տոնակատարությունը չպետք է սահմանափակվի բարձրագույն ղեկավարության՝ Սարդարապատ այցով:

ԱՄՆ-ում, օրինակ, ժողովրդական մակարդակում անկախության տոնը մեծ իրադարձություն է: Մարդիկ շնորհավորում են միմյանց կարևորագույն տոնի կապակցությամբ, հավաքվում են, տոնական ընթիք վայելում, պատվում անկախության համար պայքարած գործիչների և զինվորականների հիշատակը:

Բնականաբար, ամեն երկիր տոնակատարություն իր առանձնահատկություններն ունի, բայց Հայաստանում ժողովրդական մակարդակում զգալի որևէ տոնական միջոցառմամբ չի զուգորդվում ո՛չ Հանրապետության օրը, ո՛չ Անկախության օրը: Մի մասը տեղյակ էլ չէ, որ պետական տոներ են։ Այս երկու շրջադարձային տոներին կարելի է գոնե միմյանց ողջունելիս շնորհավորել տոնի առիթով:

Տոներն անտեսելը խոսում է իր պատմությամբ չհպարտացող և իր պատմությունն անտեսող ժողովրդի մասին: Մինչդեռ, միայն պատմությունը հարգելով և այն ըստ արժանվույնս իմանալով կարելի է զարգացնել ներկան և ապագան: Եթե հետ չնայենք մեր պատմությանը, որպեսզի ընդօրինակենք ճիշտ քայլերը և չկրկնենք սխալները, երրորդ հանրապետությունը կմնա այնպես, ինչպիսին այսօր է:

Առաջին հանրապետության նշանակությունը հայերի համար լավագույնս ներկայացրել է այդ ժամանակ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 1990-ի մայիսքսանության գլխավոր միջոցառման ժամանակ:

«Եթե չլիներ այդ երկուսուկես տարվա անկախությունը չէր լինի նաև Խորհրդային Հայաստանը, չէր լինի այսօր մեր երեքուկես միլիոնանոց հանրապետությունը, որը հիմք է դնում իր նոր պետականության»:

Իսկ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին իրավացիորեն շեշտել է, որ մայիսի 28-ը հայկական պատմության ամենամեծ տոնն է։ «Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»,- նշել է վարչապետը Քաջազնունին։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031