19-ամյա դաշնակահար Լաուրա Գալստյանը, մասնակցելով 5-րդ “Làszlò Spezzaferri” միջազգային երաժշտական մրցույթին, արժանացել է 1-ին մրցանակի։ Մրցույթը կրում է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր և երաժշտագետ Լասլո Սպեցաֆերիի անունը: Այն տեղի էր ունենում Իտալիայի Վերոնա քաղաքում՝ Գրան Գվարդիա հոյակերտ պալատում։
Aravot.am-ի հետ զրույցում Լաուրան որոշ մանրամասներ հայտնեց. «Մրցույթն անցկացվում էր տարբեր կատեգորիաներով՝ մենակատարներ, կամերային երաժշտություն, նվագախմբեր և երգչախմբեր:
Ես ներկայանում էի 17-20 տարեկանների խմբում: Այդ տարիքային խմբում կար 35 մասնակից աշխարհի տարբեր ծայրերից՝ Իտալիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Բուլղարիայից, Էստոնիայից, Լիտվայից և այլ երկրներից, իսկ մրցույթի ընդհանուր մասնակիցների թիվը գերազանցում էր 150-ը:
Ծրագրում ներառել էի երկու տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների՝ Սկարլատիի և Սկրյաբինի ստեղծագործությունները։
Ժյուրիի կազմում էին նշանավոր երաժիշտներ՝ Պաոլո Բագլիերին (ժյուրիի նախագահ), Անդրեաս Ֆրյոլիխը, Ժուզեպե Դեվաստատոն, Յուլիաննա Քիսը և Միշել Մանյաբոսկոն»:
«Անչափ ուրախ էի, որ կարողացա ևս մեկ անգամ Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային հարթակներում։ Հատկանշական է նաև, որ հաղթանակի լուրը ստացանք Հայաստանի Առաջին Հանրապետության տոնական օրվան ընդառաջ։ Դա համոզմունքն է այն բանի, որ ցանկացած ոլորտում մեր հաղթանակները առավել քան կարևոր են այսօր և լինելու են շարունակական»,-ասաց Լաուրան:
Նա ներկայումս սովորում է Մանհայմի (Գերմանիա) երաժշտության և կատարողական արվեստների պետական համալսարանում՝ Վոլֆրամ Շմիթ-Լեոնարդիի դասարանում:
Մի շարք միջազգային մրցույթների հաղթող հայ երաժիշտը հավելեց, որ նման մրցույթները հնարավորություն են տալիս կատարելագործել սեփական հմտությունները եւ ամեն անգամ նորովի ներկայանալ օտարազգի լսարանի առաջ. «Այս մրցույթը եւս մեծ ճանապարհ է բացում դեպի նոր համերգային գործունեություն և հրավերներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ