Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարողանա՞ն հանրությանն արթնացնել արդեն ոչ թե պետական, ազգային, քաղաքական օրակարգերը, այլ՝ զուտ բարոյական․ «Հայացք Երևանից»

Մայիս 28,2023 11:28

«Հայացք Երևանից»– 2018 թվականից ի վեր Հայաստանի հանրությունը տրոհված է մի քանի շերտերի՝ սոցիալական, աշխարհայացքային, ծագումնաբանական, արժեքային եւ այլն: Սխալ կլինի պնդել, թե մինչեւ 2018-ն ամեն ինչ սահուն էր, հանրությունը՝ համախմբված, չկային սուր սոցիալական հակասություններ, անարդարության զգացողություն եւ պետության ու միմյանց հանդեպ անվստահություն:

Միանշանակ այդ ամենը կար: Բայց կային նաեւ միավորող արժեքներ՝ պետականություն, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, անկախություն, ազգային հպարտություն, հոգեւոր-մշակութային այլեւայլ խթաններ… Հիմա հստակ է, որ այդ ամենը անցյալում է, արժեզրկվել եւ վերանում է այն ամբողջը, ինչը կարող էր համախմբել հասարակությանը: Առանց նման միավորող հանգույցների ու սկզբունքների, չի կարող լինել քաղաքական ազգ:

Ներկայում վերը թվարկված գործոններին փոխարինելու է եկել էթնիկ պատկանելության ամորֆ հասկացությունը: Գուցե սա է պատճառներից մեկը, որ քաղաքական միավորները տեւական ժամանակ ի զորու չեն ձեւավորել հանրային պահանջին ու ակնկալիքներին համահունչ օրակարգ կամ առաջարկել գաղափար, որի շուրջ կարելի է հավաքել, ոտքի հանել ժողովրդին: Վերջին նման փոքրիշատե լուրջ փորձերը կատարեց «Դիմադրություն» ընդդիմադիր շարժումը, սակայն «Լաո»-ին արթնացնել չհաջողվեց:

Ընդհանրապես՝ հանրությունը միավորող համազգային գաղափարներից բացի կան նաեւ զուտ մարդկային հարաբերությունների ու ազգային բարքերի վրա հիմնված անհատական կարգի արժեքներ՝ պատիվ, բարոյականություն, արժանապատվություն եւ այլն, որոնց շուրջ նույնպես մարդիկ որոշակի հանգամանքների բերմամբ կարող են ինքնաբուխ կամ կազմակերպված ձեւով համախմբվել:

Իրական գետնի վրա մեզանում ամենաթարմ օրինակը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի հետ կատարված միջադեպն է, որին իրավապահ մարմինները կալանավորել են ՀՀ վարչապետի որդուն «առեւանգելու» մեղադրանքով: Որդեկորույս մայրն այդ օրը ՀՀ վերաքննիչ դատարանին հարող տարածքում մի խումբ իր բախտակիցների հետ մասնակցում էր բողոքի ակցիայի: Այդ պահին ծնողները նկատում են տարածքով անցնող Աշոտ Փաշինյանին՝ վարչապետի որդուն, եւ զրույցի բռնվում նրա հետ: Տիկին Գայանեն առաջարկում է իր մեքենան՝ մի փոքր առանձին զրուցելու համար: Աշոտն ինքնակամ նստում է մեքենան, բայց ճանապարհին անհասկանալի պատճառով բացում է ընթացքը դանդաղեցրած մեքենայի աջ կողմի դուռը եւ իրեն դուրս նետում՝ քերծելով ոտքը:

Սա է «առեւանգման» ողջ պատմությունը: Աշոտիկը ոստիկանություն հաղորդագրություն է ներկայացնում «հանցագործության» մասին, մեկ հոգու ցուցմունքի հիման վրա սեւազգեստ մորը կալանավորում են, «կպցնում» 4-ից 8 տարի պատժաժամկետ նախատեսող հոդված եւ փակում քրեակատարողականում: Շատ վառ երեւակայություն պետք է ունենալ տեղի ունեցածը «առեւանգում» որակելու համար: Մեքենայում երկու մարդ է՝ զոհված զինծառայողի մայրը՝ ղեկին, եւ նույն նստատեղի աջ կողմին՝ 23 տարեկան «կռված տղան»: Ոչ մի զենք, անգամ՝ պատառաքաղ, ոչ մի արգելափակված դուռ եւ, ընդհանրապես, ոչ մի հանցանիշ:

Այսպիսով՝ խնդիրը բարոյական հարթություն է տեղափոխվում: Ինչպե՞ս կարձագանքի հասարակությունը: Կստվարանա՞ն զոհվածի մորն ազատ արձակելու պահանջով մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերը: Այստեղ պետք է վեր կանգնել «զինծառայողի մայր» եւ «վարչապետի որդի» կոնկրետ անձերից: Քննիչն ու դատախազը կալանավորում պահանջեցին դատարանից, եւ դատավորն այդ պահանջը կատարեց: Հիմա խոսքը հանրությանն է: Կկարողանա՞ն հանրությանն արթնացնել արդեն ոչ թե պետական, ազգային, քաղաքական օրակարգերը, այլ՝ զուտ բարոյական:

Այդ կնոջ կալանավորումը հարվածում է մեզնից յուրաքանչյուրի անձնական արժեհամակարգին, գոյատեւման բնազդին, միմյանց հետ նույն հանրությունում ապրելու հնարավորությանը: Գայանեի նկատմամբ կատարված անարդարությունը ոտնահարում է այն հիմնարար սկզբունքները, որոնք մեզ պահում են որպես մարդ, այլ ոչ թե շնչավոր էակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031