Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Կառավարության գործունեության և տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում իմ հասցեին վերջերս հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ, հայրենափրկության անվամբ ներկայացվող քաղաքական գործընթացների տակ քողարկված հայտարարություններ:
Դրանցից որոշների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ դրանց հեղինակները բացարձակ տեղեկացված չեն պետական կառավարումից, պետական համակարգից և այս կամ այն գործընթացին պետության միջամտության հնարավորություններից ու սահմանների թույլատրելիությունից, Արցախում ստեղծված իրավիճակից, որևէ դերակատարություն չունեն այդ իրավիճակից բխող խնդիրները մեղմելու գործում և նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած վիճակում բանջարեղեն լուսանկարելն, ու դրանք սոցիալական ցանցերով հրապարակելն է:
Ես բազմիցս եմ հայտարարել, որ գործադիր իշխանության ներկայացուցիչը պետք է լինի հանդուրժող ու քննադատության մտավախությունից զերծ, բայց դա չի նշանակում, որ ճշմարտությունը չներկայացնելով կամ զրպարտանքները չհերքելով պետք է թույլ տանք միասնականություն և համախմբվածություն քարոզող ոմանց ապատեղեկատվությամբ շեղելու կամ թունավորելու հասարակությանը:
Կարդացեք նաև
Այդ նպատակով առաջիկա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս և կներկայացնեմ վերջին երեք ամսում կառավարության կողմից կատարված աշխատանքները և մի շարք գործընթացների վերաբերյալ իմ գնահատականները, դրա շրջանակում կանդրադառնամ նաև վերոհիշյալ հայտարարություններին:
Միաժամանակ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ստեփանակերտում և հեռավոր գյուղական համայնքներում ապրող մեր բազմաթիվ այն հայրենակիցներին, ովքեր զգալով կառավարության կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքները, կանգնել են մեր կողքին և իրենց ակտիվ ներգրավվածությամբ ու ամենօրյա աշխատանքով նպաստում են կառավարության գործունեության ընթացքում թույլ տրվող թերություններն ու բացթողումները շտկելուն, իրենց կարգապահությամբ ու բարեխղճությամբ օրինակ են ծառայում մյուսների համար:
Շնորհակալություն եմ հայտնում Հանրային խորհրդի անդամներին հանրությանը հուզող հարցերը պարբերաբար մեզ ներկայացնելու և դրանց լուծմանն աջակցելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին, ովքեր իրենց վիշտն ու խնդիրները թողած՝ սրտացավորեն կանգնել են կառավարության կողքին և անձնուրաց նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և հոգատարությամբ են վերաբերում սեփական երկրին ու ժողովրդին՝ սատար ու աջակից լինելով ցանկացած իրավիճակում: