Հոգեգալստյան տոնի նախօրեին այսօր «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը Դարձի ու Ապաշխարության քայլերթ իրականացվեց Երեւանի Սբ. Աննա եկեղեցու բակից դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ էլ կատարվեց մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան եւ Արցախ մեր հայրենիքի եւ զորակցության հայրենյաց պաշտպանների:
«Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը լրատվամիջոցներին ներկայացնելով նախաձեռնության անդամներին՝ նշեց, որ այնտեղ միավորվել են տարբեր մասնագիտության տեր մարդիկ: «Նրանք բոլորն էլ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Ու այդ նախաձեռնությունը փորձում է ինչ-որ առումով հոգեւոր կապը ստեղծել մեր հասարակության եւ Մայր Աթոռի միջեւ: Մենք հասկանում ենք, որ ցանկացած մարդ առաջին հերթին հոգեւոր էակ է, որ մարդը որեւէ որոշում կայացնում է իր ներքին ֆիլտրերից դուրս հանելով: Եվ բնականաբար, երբ որ մարդու ներսը մաքուր է, հանգիստ ու խաղաղ, նա կարողանում է ավելի արդար ու ճիշտ որոշումներ կայացնել:
Կարդացեք նաև
Այս առումով ուխտերթերը, կարծես, մեր վկայությունն են առ Աստված՝ դարձի եւ ապաշխարության խորհրդով, որովհետեւ, ի վերջո, ինչ էլ մենք անենք, ուզենք թե չուզենք, պետք է առաջին հերթին մեր մեջ մեղքը գտնենք, խնդիրը մեր մեջ տեսնենք: Թե չէ, մենք սիրում ենք միշտ ուրիշի մեջ գտնել մեղքը, իսկ մեզ մեղավոր չհամարել:
Սա զուտ այսպիսի մի միջոցառում է, որին մեր հայրենակից քրիստոնյաները մասնակցում են եւ իրենց մասնակցությամբ կիսում են այս գաղափարը: Ուխտերթի ամեն մի մասնակից, թերեւս այդ ճանապարհը քայլում էր՝ իր մեջ ունենալով դարձի եւ ապաշխարության գաղափարը, առաջին հերթին իր մեջ գտնելով իր սխալները եւ փորձելով լուծումներ գտնել»,-ասաց նա:
Aravot.am-ի հարցին, թե այս նախաձեռնությունը, փաստորեն, հասցեական չէր, այլ ուղղված էր իրեն հայ համարող յուրաքանչյուր քրիստոնյայի՞, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Կոնկրետ իմ համար հասցեատերը ես եմ: Եթե ամեն ոք իր մեջ սխալը գտավ, վստահ եմ, մեր մոտ լրիվ ուրիշ միջավայր կձեւավորվի: Պատկերացրեք, յուրաքանչյուրն իր սխալները գտնի եւ ուղղի: Եթե հանրությունն այդպիսի առողջ մտածելակերպ ունենա, ես վստահ եմ՝ ոչ մի թուրքական կամ ադրբեջանական իշխանություն, որեւէ կառավարություն մեզ չի կարողանա վնասել: Մեր թշնամիները մեր վատ հոգեվիճակից են օգտվում, որ մեզ ճնշում են: Պատմությունը ցույց է տալիս. երբ որ մեր ազգը Աստծուց հեռացել է, միշտ ընկել է փորձանքի, վատ պատմությունների մեջ: Միշտ տանուլ է տվել: Իսկ երբ հոգեպես ամուր ենք, թշնամիները միշտ էլ ծնկի եկած են եղել»:
Արա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ ուխտերթին մարդկանց բավականին մեծաթիվ մասնակցությունը այնքան էլ էական չէ քանակի առումով: «Այստեղ կարեւորը բովանդակությունն ու ոգին է»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ