Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում կայացավ լուսանկարիչ Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի շապիկը ձևավորել է Լիլիթ Ալթունյանը, հրատարակել է «Գրանիշ» հրատարակչությունը։
«Գրանիշ» հրատարակչության հիմնադիր և գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանն ասաց, որ երիտասարդ հեղինակի պատմվածքներից ընդամենը երկուսն էր ընթերցել, որոնք ավելի վաղ հրապարակվել էին «Գրանիշ» կայքում։
«Շուշանիկի պատմվածքներում լուսանկարչական աչքը միանշանակ է։ Տարբերվում է նաև լեզուն, որը երբեմն անսովոր է դառնում»,- նշեց Հասմիկ Հակոբյանը։
Շուշանիկ Ասատրյանի խոսքով` լինում են տեսարաններ, որ մեկ լուսնակարը քիչ է լինում դրա մասին պատմելու համար և կան իրավիճակներ, որ բանավոր խոսքն էլ չի բավարարում և գրավոր խոսքի անհրաժեշտություն է առաջանում։
Դերասան, հաղորդավար Ռաֆի Թադևոսյանը վաղուց է հետևում հեղինակի պատմվածքներին։ Ասում է` գրական լեզուն նուրբ ու փափուկ է, ինչն էլ, միանշանակ, գալիս է հեղինակից։
«Շուշանիկի պատմվածքներում կարող եք տեսնել ոչ միայն իրեն, այլ նաև ձեզ։ Նրա գործերում չկան սահմաններ։ Գրքում այնքան մեր մասին բաներ կան։ Շուշանիկը որոշել է կերպարների անունները փոխել, որ մարդիկ սկսեն փնտրել իրենք իրենց, -ասաց Ռաֆի Թադևոսյանը` հավելելով, որ երիտասարդ հեղինակն այնպես է նկարագրում, որ սկսում ես տեսնել այն ամենն, ինչ կատարվել է։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ