«Մենք զգուշացնում ենք թե՛ ներդրողներին, թե՛ բնակարանների գնորդներին՝ Ֆիրդուսի թաղամասում տներ մի՛ առեք, դատական գործընթացներ են գնում, հետո խնդրի առաջ եք կանգնելու։ Մենք կոնկրետ հասցեներով ունենք պայմանագրեր եւ գալու ենք մեր տներում բնակվելու, ով ուզում է գնած լինի, ով ուզում է ներդրում արած լինի»,-հայտարարում են 33-րդ թաղամասի բնակիչները։
Նրանք այսօր իրենց թաղամասում բողոքի ցույց են անում, ասում են՝ տարածքում շինարարություն է ընթանում, սակայն բազմաթիվ չլուծված հարցեր կան թե՛ պայմանագրերի հետ, թե՛ փոխհատուցումների եւ ապօրինությունների հետ կապված։
«2018-ին իշխանությունը փոխվեց, պետք է ուսումնասիրվեր այս թաղամասում կառուցապատման խնդիրը, կառուցապատողը կազմակերպությունը շատ խախտումներ է թույլ տվել՝ 70 պայմանագիր է կնքել, որոշ մարդկանց կանչել են հրաժարագին են ստորագրել տվել, որոշ մարդկանց ընդհանրապես չեն փոխհատուցել։ Փոխանակ այդ գործունեության փաթեթը փոխանցվեր իրավապահներին՝ պարզելու խախտումներ կան, թե ոչ, մեկ էլ կազմակերպությունը սկսեց շարունակել իր աշխատանքները»,-ասաց բնակիչներից Ռուբեն Աթոյանը։
Հիշեցնենք, որ բնակիչները տեւական ժամանակ է՝ պարբերաբար բողոքի ցույցեր են անում, հանդիպել էին ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ, որոնք խոստացել էին ուսումնասիրել խնդիրը, սակայն բնակիչներն ասում են՝ կառավարությունն այդպես էլ խնդիրը չի լուծում։
Կարդացեք նաև
Բնակիչները զգուշացնում են՝ գալու է այդ օրը, կասեցնելու են կառուցապատումը։
Թաղամասի մեկ այլ բնակիչ էլ՝ Ռոբերտ Բաղիյանն էլ ասաց, որ առաջիկայում դիմելու են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին․ «Այստեղ հիմա շինարարություն է գնում, 100-ից ավելի ընտանիք է այստեղ բնակվում, շինարարական նորմերը չեն պահպանվում՝ փոշի, աղբ, վերամբարձ կռունկներ մեր տների վրայով ֆռռում են, եթե մի բան լինի, էդ կռունկը ընկնի տան վրա, բնակչի վրա ո՞վ է պատասխան տալու։ Կասեցրեք շինարարությունը, մինչեւ հարցը լուծվի»։
Բնակիչներն ասացին, որ իրենց պայքարը 50-100 դոլար ավել փոխհատուցում ստանալու համար չէ, արդարություն են պահանջում, թաղամասում կառուցապատումը, ըստ բնակիչների, հանցավոր սխեմաներով են ընթանում, ընկերությունները ապօրինություններով են լոտերի տեր դարձել։
«Կառուցապատողին մենք պետք է ընտրենք, տանենք կառավարություն՝ հաստատման։, Եթե չլինեն ստվերային պայմանավորվածություններ, ուրեմն պիտի հաստատվի։ Մենք ենք այստեղի սեփականատերերը, էս նոր կառուցապատողները թող իրենց տիրոջ նման չզգան, տարածքը մերն է, մերն էլ մնալու է։ Միջնորդներ, տարբեր գործեր, սխեմաներ ապահովող ընկերությունները պիտի այստեղից դուրս գան, այլ ձեւ հնարավոր չի, որ շինարարությունը շարունակվի»,-ասաց Ռուբեն Աթոյանը։
Տիգրան Մեծի 13 հասցեի բնակիչ Վլադիմիր Գսպոյանն էլ ասաց, որ տարիներ առաջ «Սիթի Սենթր Դիվելոմփենթ» ընկերությունը ժամանակին համոզել է բնակիչներին ազատել տարածքը, պայմանագրեր կնքել՝ խոստանալով տարածքում կառուցվող շենքից բնակարան տրամադրել՝ որպես փոխհատուցում․«Եկան ոգեւորեցին մեզ, կատլավանը փորեցին, երկու հարկ կառուցեցին, ասացին երկու տարուց բանականները կտանք, մենք էլ կնքեցինք պայմանագրերը։ Էսօր «Սիթի Սենթր Դիվելոմփենթ»-ը ամեն ինչ խառնել ա իրար։ Հյուսիսային պողոտա-2 են անում։ Հիմա շենքը ակտիվ կառուցում են, ու մեզ ասում են՝ դուք այստեղ բնակարան չունեք, մենք այս լոտը վաճառել ենք։ Ասում ենք՝ ո՞նց եք վաճառել առանց մեր խնդիրները լուծելու, պատասխանում են՝ գնացեք դատարան դիմեք»։
Բնակիչները հայտարարում են՝ կառուցապատողները մի բնակարանը մի քանի հոգու են վաճառում։ «Դրսից գալիս են, Ռուսաստանից, թե որտեղից, հեռախոսի մեջ լոկացիայով նայելով գալիս են էստեղ ու ասում՝ մեր տունը պիտի էստեղ լինի։ Ասում ենք՝ բայց ո՞նց, էստեղ դեռ հող ա, փոսն էլ փորած չի, ասում են՝ առել ենք, արդեն մի քանի ամսից պատրաստ պիտի լինի։ Պարզվում է մի բնակարանը վաճառել են մի քանի հոգու վրա, նույնը, ինչ նախկինում էին անում»,-պատմեցին բնակիչները։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն էլ այցելել էլ թաղամաս՝ ի աջակցություն բնակիչների։ Նա հիշեցրեց Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկումը՝ հանցագործություններով, մարդկանց սեփականության իրավունքից զրկելու համար ՄԻԵԴ-ում միայն մի գործով քաղաքացուն 1,6 միլիոն դոլար է վճարվել․«Դա վճարել է ոչ թե այդ հանցագործությունն արած չինովնիկը, քննիչը, դատախազը, դատավորը, այլ շարքային քաղաքացիները, իսկ նրանցից շատերը շարունակում են պաշտոնավարել դատախազի, դատավորի, քննիչի տեսքով, կամ այլ պաշտոնի են։ Հետեւաբար, այս հարցը միայն Ֆիրդուսի բնակիչների խնդիրը չէ, որովհետեւ այս գործերը մի օր հասնելու են Եվրոպական դատարան ու նորից վճարելու ենք»։
«Կառավարությունը,պետությունը պատասխանատու են, կառուցապատողներին ասում են՝ կառուցեք, կառուցեք, բայց չեն մտածում, չեն ասում, որ այստեղ խարդախություններ կան»,-հայտարարեցին բնակիչները։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ