Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Վահե Ղազարյանը հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրանյութերի իրացման խնդիրը

Մայիս 27,2023 12:18

Մայիսի 26-ին Երևանում ամփոփվել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Ներքին գործերի նախարարը, շնորհավորելով տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ներկայացրել է մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ Հայաստանի ոստիկանության աշխատանքը։

Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Վահե Ղազարյանը հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրանյութերի իրացման խնդիրը, ինչի դեմ պայքարն առավել ակտիվացնելու նպատակով Հայաստանի քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, իսկ 2023 թվականը հայտարարվել է թմրամոլության դեմ պայքարի տարի։

Խոսելով «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքը և հույս հայտնել, որ գործողության ընթացքում համագործակցված ծառայությամբ ձեռք բերված փորձն ու գիտելիքները ՀԱՊԿ անդամ պետությունները տարածաշրջանում կխթանեն թմրամիջոցների դեմ պայքարին։

Ներքին գործերի նախարարը ելույթի ավարտին Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Խրապովը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ գործողության պատշաճ կազմակերպման համար։ Նա անդրադարձել է թմրամիջոցների համաշխարհային շրջանառության մտահոգիչ ծավալներին և կարևորել «Կանալ-Արաքս» գործողության անցկացումը, ինչն ուղղված է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանը։

Ելույթներ են ունեցել նաև տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակից երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ պետությունների, ամփոփել են գործողության շրջանակներում իրավապահ կառույցների իրականացրած աշխատանքները։

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով համագործակցության ամրապնդման համար գործընկեր պետությունների իրավապահ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից 26-ը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմիններ, պատվիրակներ ՀԱՊԿ քարտուղարությունից, ինչպես նաև ՀՀ գերատեսչություններից՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Ներառված են եղել նաև դիտորդներ Չինաստանից, Սիրիայից, ԱՊՀ-ից, Ինտերպոլից և միջազգային այլ կազմակերպություններից։

Գործողությանը ՀԱՊԿ անդամ պետություններից մասնակցել են շուրջ 10 000 ծառայողներ, իսկ գործողությունը ղեկավարող միջազգային կոորդինացիոն շտաբը տեղակայված էր Երևանում։

Մայիսի 22-ին հակաթմրանյութային գործողության ընթացքում քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներն իրականացրել են թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների հայտնաբերման և վնասազերծման ցուցադրական վարժանքներ, հյուրերին են ներկայացրել նաև օգտագործվող սպառազինությունը։

Գործողության շրջանակներում մայիսի 24-ին ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև հայ-իրանական սահմանային անցակետ, որտեղ ՌԴ սահմանապահ զորքերի և ՀՀ ՊԵԿ ծառայողները ներկայացրել են ծառայության մանրամասներ, նաև օգտագործվող սպառազինությունն ու տեխնիկան։

«Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության ընթացքում իրավապահ կառույցների ծառայողների կողմից ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքում անօրինական շրջանառությունից առգրավվել է շուրջ 816 կգ թմրամիջոցներ, այդ թվում՝ մարիխուանա, հաշիշ, մեֆիդրոն, ՄԴՄԱ, հերոին և այլն։ Բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության 548 դեպք, պատասխանատվության է ենթարկվել 347 անձ, վնասազերծվել են 88 թմրախմբավորումներ, հայտնաբերվել են 88 հետախուզվողներ, բացահայտվել են 430 ինտերնետային կայքեր ու օգտատերեր, որոնք զբաղվում են թմրաբիզնեսով, հայտնաբերվել է նաև մեծաքանակ զենք ու զինամթերք։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031