Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Ալեքսանդրով․ «Փաշինյանը Պուտինին ասում է, որ եթե դուք չեք անում ինչ պետք է, մյուսները կանեն։ Իհարկե, Պուտինին դա դուր չի գալիս»․ «Հրապարակ»

Մայիս 27,2023 11:50

Ճի՞շտ էր ՌԴ նախագահի հետ զրույցում ակնարկել, որ եթե Լաչինը չապաշրջափակվի, ապա այնտեղ կտեղակայվի միջազգային առաքելություն՝ հարցրինք ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին։ «Այո, դա ճնշման ձեւ է Պուտինի վրա, որը շատ պասիվ է Լաչինի միջանցքի հարցում։ Իսկ միջազգային դիտորդները փաստահավաք առաքելություն ունեն։ Փաշինյանը Պուտինին ասում է, որ եթե դուք չեք անում ինչ պետք է, մյուսները կանեն։ Իհարկե, Պուտինին դա դուր չի գալիս։ Նա չի ուզում անհանգստացնել Ադրբեջանին եւ ձեւ է ընդունել, թե այնտեղ ոչինչ չի կատարվում։ Նա կաշկանդված է Ուկրաինայում ծավալվող հատուկ օպերացիայով, բայց դա սխալ է, պետք է կատարել ստանձնած պարտավորությունները», – պատասխանեց նա։

Ալեքսանդրովը կարծում է, որ Փաշինյանը գրագետ է իրեն պահել եռակողմ հանդիպման ժամանակ՝ ստիպելով Ալիեւին ասել, որ նա չունի տարածքային պահանջներ Հայաստանից։

Նշենք, որ անցյալ տարի Միխայիլ Ալեքսանդրովին ազատել են ՄԳԻՄՈ-ից՝ հակաադրբեջանական ելույթի համար։ Նա բազմիցս եղել է Հայաստանում, Ադրբեջանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

– Հիմա Հայաստանի համար ծանր ժամանակներ են, Նիկոլ Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, Մոսկվան ողջունում է այդ գործընթացը։ Ո՞րն է Ձեր կարծիքը, ի՞նչ է կատարվում, եւ առաջիկայում ի՞նչ սպասենք այս գործընթացից։

– Կարծում եմ՝ Հայաստանը, իրոք, հանձնում է Ղարաբաղը, բայց հարց է, թե ում։ Հանձնում է կա՛մ Ադրբեջանին, կա՛մ Ռուսաստանին, սա այնքան էլ հասկանալի չէ։ Որովհետեւ մինչեւ 2025 թվականը ՌԴ խաղաղապահները գտնվելու են Ղարաբաղում, եւ նրանք պատասխանատվություն են կրում ԼՂ հայերի անվտանգության համար։ Թե ինչ աստիճանի է ՌԴ ղեկավարությունը կատարելու Ղարաբաղի հայերին պաշտպանելու իր պարտականությունները, ես չգիտեմ։ Համենայնդեպս, մենք հիմա տեսնում ենք, որ Լաչինի միջանցքում Ռուսաստանն այնքան էլ ակտիվ չէ, լիարժեք չի կատարում իր պարտականությունները։ Սա, հավանաբար, կախված է նրանից, որ չեն ուզում նեղացնել Ադրբեջանին, այլ համոզում են նրան՝ հրաժարվել ագրեսիայից։

Ինչ վերաբերում է Հայաստանի բուն տարածքները հանձնելուն, չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։ Եթե լինի սահմանների դեմարկացիա՝ 1975 թ․ քարտեզներով, Հայաստանը կունենա այն տեսքը, որն ուներ Խորհրդային Միության շրջանում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այդ հարցի լուծումը դեռ երկար ժամանակ է պահանջելու, ինչը կախված է ընդհանուր միջազգային իրավիճակից, Ուկրաինայի ռազմական օպերացիայի ընթացքից եւ, իհարկե, հենց Հայաստանից, որովհետեւ Հայաստանը, ինչպես ես հասկանում եմ, չի հրաժարվում այն դրույթից, որ Ղարաբաղն ունի ինքնորոշման իրավունք։ Այո, ճանաչել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, բայց Ղարաբաղի բնակիչները փորձում են ինքնորոշվել, դա իրենց իրավունքն է։ Այսինքն՝ գործընթացը վերադառնում է մինչեւ 1994 թվականը եղած կետին։

– Հայաստանի վարչապետը խուսափում է «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունից։ Նա խոսում է Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ անվտանգության մասին, որը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսակետից, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցության ճանապարհով։ Հավանական համարո՞ւմ եք նման բանակցությունները։

– Կարծում եմ, որ Փաշինյանը ճիշտ է արտահայտվում՝ ինքնորոշման իրավունք պետք է պահանջեն ԼՂ բնակիչները, եւ նրանք պահանջում են դա։ Իսկ եթե Հայաստանը դա հրապարակավ պաշտպանի, ապա կդիտվի որպես ադրբեջանական տարածքի անեքսիայի փորձ։ Հայաստանը մի անգամ արդեն ընկել է այդ թակարդը, երբ նրան ստիպեցին բանակցել ԼՂ անունից։ Կարծում եմ, որ սա հայկական դիվանագիտության խոշորագույն սխալն էր։ Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, նա սկսեց բանակցությունների ընթացքում ներկայացնել ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, իսկ դա չէր կարելի անել։ Ադրբեջանը հենց դրան էր սպասում։ Անմիջապես հայտարարեց, որ բանակցում է Հայաստանի հետ, որն օկուպացրել է Ադրբեջանի տարածքը։ Քոչարյանն ու Սարգսյանն ընկան այդ թակարդը։ Ես նրանց դեռ 15 տարի առաջ եմ ասել, որ պետք է հրաժարվել ԼՂ շահերը ներկայացնելուց, ԼՂՀ-ն պետք է ինքը վարի բանակցությունները՝ որպես ինքնորոշվող տարածք, ինչպես դա անում էին Աբխազիան, Հարավային Օսիան, Կոսովոն։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031