Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատերազմից հետո էլ շարունակում է էկոցիդի իր քաղաքականությունը, որպեսզի արցախահայությունը ստիպված լինի հեռանալ Արցախից․ «Փաստ»

Մայիս 27,2023 11:28

Ադրբեջանը ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ՝ առատորեն ֆոսֆոր պարունակող զենքի կիրառմամբ, անտառների անխնա հրդեհմամբ, այնպես էլ պատերազմից հետո շարունակում է էկոցիդի իր քաղաքականությունը, որպեսզի արցախահայությունը ստիպված լինի հեռանալ Արցախից: Արցախի ԱԳՆ-ն դեռ պատերազմի օրերին արձանագրեց, որ ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Անգամ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններն էին փաստերի հիման վրա ընդգծում, որ Ադրբեջանն Արցախում արգելված զենքեր է կիրառել։

Բայց Ադրբեջանի այս հանցագործությունները համապատասխան միջազգային արձագանքի չարժանացան, և կոնկրետ միջոցներ չձեռնարկվեցին։ Իսկ Հայաստանն էլ ինչ-որ մի պահից դադարեց դրա մասին խոսել։ Եվ քանի որ հայկական կողմը չօգտագործեց Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում պատասխանատվության կանչելու հնարավորությունը, ապա Ադրբեջանը սկսեց գործի դնել ու անցկացնել իր այն կեղծ թեզերը, թե Լաչինի միջանցքը հայերն օգտագործում են շրջակա միջավայրը վնասելու համար, այդ միջանցքով ականներ են անցկացնում և տեղադրում տարբեր վայրերում։ Ապա դրան ավելացավ այն մեղադրանքը, թե իբր Արցախում հանքերի շահագործումը մեծ վնաս է հասցնում Ադրբեջանի էկոլոգիային ու աղտոտում է շրջակա միջավայրը։ Ու այս ամենը կատարվում էր այն պարագայում, երբ Ադրբեջանն է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև հենց իր տարածքում շատ լուրջ էկոլոգիական խնդիրներ ստեղծել։

Նավթարդյունաբերության արդյունքում աղտոտվում են ջրային ռեսուրսները, Կասպից ծովի ափամերձ ավազանը ապականվում է նավթային ածխաջրածիններով ու ծանր մետաղներով, իսկ նավթավերամշակման գործարանները թունավոր գազերով են լցնում մթնոլորտը։ Ու բռնապետական Ադրբեջանում ոչ ոք համարձակություն չի ցուցաբերում ձայն հանել այս էկոլոգիական խնդիրների կապակցությամբ, բայց հանկարծ հայտնվեցին պսևդոէկոակտիվիստներ, որոնք իբր բնապահպանական խնդիրներ են առաջ քաշում և պահանջում են, որ Արցախի հանքերը չշահագործվեն։ Այս աստառի ներքո էլ նրանց կողմից փակվեց Լաչինի միջանցքն, ու Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Սակայն երբ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, այդ «բնապահպանները», իսկ իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու գործակալները սուսուփուս հեռացան։ Այստեղ են ասել՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»: Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ Ադրբեջանի էկոլոգիական հանցագործությունները կամ էկոլոգիական տեռորի գործողությունները շարունակվեցին ողջ թափով։

Նրանք ցուրտ եղանակին հատուկ խաթարում էին դեպի Արցախ գնացող էլեկտրաէներգիան ու խափանում գազամատակարարումը՝ քաջ գիտակցելով, որ ցրտի պայմաններում, այլ ելք չունենալով, արցախցիները ստիպված են լինելու ծառերը կտրել ու փայտով տաքանալ։ Մյուս կողմից էլ՝ քանի որ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ապա էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է լինում կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին: Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ:

Այս հանգամանքը նաև ազդել է գյուղատնտեսության ու ջրի պաշարների վրա։ Ժամանակի ընթացքում ջրամբարի ջրի մակարդակը ավելի է նվազում՝ մոտենալով կրիտիկական կետին։ Սպասվում է, որ իրավիճակը հատկապես աղետալի կլինի ամռան ամիսներին, երբ մի կողմից՝ մեծանում է ջրի պահանջարկը, մյուս կողմից՝ ավելի շատ ջուր է գոլորշիանում։ Պարզ է՝ Ադրբեջանը այսպիսի հանցագործ քայլերի միջոցով փորձում է էկոլոգիական աղետ առաջացնել, ապա հետո դրանում մեղադրել Արցախին։ Ու բոլորովին պատահական չէ, որ պարբերաբար նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը կարող է փոխել Թարթառ գետի հունը, որի արդյունքում Սարսանգի ջրամբարն ընդհանրապես կջրազրկվի։

Էկոլոգիական այս կարևոր նշանակություն ունեցող խնդիրները փոխանակ դարձնեն միջազգային քննարկման առարկա, բնապահպանական կազմակերպությունների ուշադրությունը դրանց վրա հրավիրեն, տարածեն տարբեր միջազգային լրատվամիջոցներով, հարցազրույցներ տան, գործի դնեն խորհրդարանական դիվանագիտությունը և դիվանագիտական այլ խողովակներ, ՀՀ իշխանությունները օրուգիշեր խոսում են միայն հաշտության ու խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ իբրև միակ փրկություն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031