Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում անշարժ գույքի գները գրեթե հավասարվում Երեւան քաղաքի անշարժ գույքի գներին։ Այն տեղեկություններին, թե ադրբեջանցիներն են նաեւ Կապանում անշարժ գույք գնում, դրանով է նաեւ պայմանավորված գնաճը, Ռոբերտ Ղուկասյանն արձագանքեց․ «Ես առաջին անգամ եմ լսում այդ հիմնավորումը։ Ադրբեջանցիների գործոնը պետք է բացառել, դա իրականության հետ ընդհանրապես աղերս չունի»։
Ըստ նրա՝ Կապանում բնակարանների գները միշտ են եղել թանկ, դա բոլորը գիտեն, նաեւ՝ բոլոր կապանցիները։ «Կապանում նույնիսկ վարձակալությամբ բնակարան գտնելն է շատ դժվար։ Ինձ շուրջ 4 ամիս էր անհրաժեշտ, որպեսզի կարողանայի վարձակալությամբ բնակարան գտնել։ Այո, կա անշարժ գույքի գների թանկացում, բայց դա միայն Կապանին չի վերաբերում, ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե Երեւանում այդ առումով ինչ է կատարվում։ Մյուս կողմից, Կապանում նոր մարդիկ են հայտնվել՝ թե զինվորականներ, թե այլ խմբեր, նրանց բնակվելու տեղ է պետք։ Եվ այդ գործոնը մեծ արագությամբ բերում է գների բարձրացմանը»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ