Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բալայան․ «Հասարակության 90 տոկոսը «ոչ» է ասել Արցախն Ադրբեջանի կազմում գաղափարին»․ «Հրապարակ»

Մայիս 27,2023 11:17

Հարցազրույց Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ։

– Քաղաքական ուժերը խոսում են հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։

– Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է՝ հատկապես Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացման տիրույթում, որովհետեւ արցախահայության այսօրվա հայացքն ուղղված է դեպի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետեւ քաջ գիտակցում է, որ այս ծանր բեռը հաղթահարել կարելի է միայն համատեղ ուժերով։ ՀՀ քաղաքացին, վերջիվերջո, պետություն ներկայացնող ժողովուրդ է։ Հիմա խնդիրն այն է, որ նման միջոցառումները հույս են ներշնչում, որ կարելի է պայքարը շարունակել, չհուսահատվել եւ փորձել ելք որոնել՝ այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։

– Բայց մտավախություններ կան, որ ՀՀ իշխանությունները հանրաքվեի դեպքում տարբեր լծակներով կհասնեն ցանկալի արդյունքին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատասխանատվությունը դնելով ժողովրդի վրա։

Դե, եթե հավատանք սոցիոլոգիական հարցումներին, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ, ընդհանրապես, նրա շրջապատի վարկանիշն այնքան էլ բարձր չէ հանրության շրջանում։ Մյուս կողմից էլ, կարծեմ, սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հասարակության 90 տոկոսը «ոչ» է ասել Արցախն Ադրբեջանի կազմում գաղափարին։

Միակ մտահոգությունը դա է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվեն։ Բայց կարծում եմ, որ հասարակության հետ աշխատանքը շարունակելու անհրաժեշտություն կա, որովհետեւ հանրությանը մատուցվում է, որ այդ քայլերով խաղաղություն է բերվում։

Վարչապետի խոսքը կադաստրային փաստաթղթի մասին շատ զարմանալի էր, մինչեւ հիմա ուղեղումդ չի տեղավորվում նման խոսքը, որովհետեւ, վերջիվերջո, մենք հազարամյակներ շարունակ պետականություն ենք ունեցել, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։

Եթե մտածում է, որ ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրելով ամեն ինչ վերջանում է, ապա սխալվում է, որովհետեւ նմանօրինակ պայմանագրեր աշխարհը շատ է տեսել, որոնք խախտվել են․ վառ օրինակ է Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի՝ իրար վրա չհարձակվելու պայմանագիրը։ Հույս ունենալ, որ այդ պայմանագրով դարակազմիկ խաղաղություն է լինելու՝ դա ինքնախաբեություն է։ Եթե հակառակորդը խաղաղություն չի ուզում, դու գնաս, այդ խաղաղությունը մուրաս եւ ստորագրես՝ դա խաղաղություն չի բերի։ Խաղաղությունը լավ բան է, բայց դա այն ճանապարհը չէ, որով ժողովուրդը կփրկվի։ Ժողովրդի մեջ, ինձ թվում է, հույսն է նստած, որ կստորագրեն՝ խաղաղություն կլինի։ Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ թշնամու զինված ուժերը նստած են Սեւանի ափին, Տեղ գյուղում, Ջերմուկի մատույցներում։ Պարզապես դա պետք է հասցնել ՀՀ բնակչությանը, մարդկանց աչքերը բացել, որ հասկանան՝ Արցախն այդպես հեշտ ու հանգիստ տալով՝ խաղաղ չեն ապրելու, չեն թողնելու, որ ապրեն։

Հայկա Ալոյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031