Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի սահմանամերձ բոլոր բնակավայրերում կան զենքեր, բայց մարդիկ ուզում են զենքը միշտ կրել, ինչը ճիշտ չէ»․ մարզպետ

Մայիս 27,2023 11:10

Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղների բնակիչները 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար հնչեցնում են հարցը, որ համայնքների բնակիչներին զենք բաժանելու անհրաժեշտություն կա` ինքնապաշտպանական նպատակներով։ Տեղ գյուղի վերջին իրադարձությունների համատեքստում այս հարցը դարձյալ քննարկման թեմա դարձավ։ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ գյուղացիներին զենք չի բաժանվում, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց․ «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ կան զենքեր։ Կան մարդիկ, ովքեր ուզում են զենքը միշտ կրել իրենց հետ, ինչը միանշանակ ճիշտ չէ»։ Ըստ մարզպետի՝ նույնիսկ առաջնագծում կանգնած զինվորը, երբ դիրքից իջնում է, եւ հերթափոխ է տեղի ունենում, միշտ զենքը թողնում է զինանոցում։

«Միանշանակ է, որ այս հարցում պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ ինքներդ եք հասկանում՝ երբ զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա մենք կարող ենք ունենալ եւ դժբախտ պատահարներ, եւ անցանկալի իրավիճակներ։ Բայց սխալ է ասել, որ սահմանամերձ գյուղերում զենքեր չկան, զենքեր կան, եւ կարծում եմ՝ կան այնքան քանակությամբ զենքեր, որքան Պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ է գտնում։ Բոլոր գյուղերում էլ կան զենքեր»,- հավելեց Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզպետի խոսքով՝ Սյունիքում մի շարք համայնքներ, այդ թվում՝ Կապան քաղաքը Ադրբեջանի զորքերի նշանառության տակ են։ Սյունիքը շուրջ 420 կմ սահման ունի այսօր Ադրբեջանի եւ Նախիջեւանի հետ։ Հարցին, թե իր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս պետք է դիմակայել այսօրվա մարտահրավերներին, Ղուկասյանը պատասխանեց․ «Ես անում եմ այն, ինչն ըստ իս ամենակարեւորն է՝ մարզում պետք է լինի կայունություն եւ միասնություն, որպեսզի դիմակայենք բոլոր մարտահրավերներին։ Այդ իմաստով, իհարկե, շնորհակալ եմ բոլոր սյունեցիներին, որովհետեւ դա շատ արագ տեղի ունեցավ։ Նկատած կլինեք, որ մարզում ընդհանրապես ներքաղաքական որեւէ գործողություն չկա։ Դա ստացվեց, որովհետեւ այդպես էր պահանջում Սյունիքը։ Իրականում շատ կարեւոր է, որ մարզը լինի կայուն։ Ես վստահ եմ, որ այլ երկրների բազմաթիվ պլաններ տապալվել են, որովհետեւ Սյունիքը եղել է միասնական ու կայուն, ինչը նշանակում է, որ շատ լավ հնարավորություն, նաեւ ժամանակ է տրվում նախապատրաստվել տնտեսական զարգացմանը, ինչը կբերի դիմադրողականության բարձրացմանը։ Ողջ պատմության ընթացքում, երբ միասնական ենք, ոչինչ տեղի չի ունենում, երբ պառակտվում ենք, անմիջապես հատուցում ենք դրա համար։ Սյունիքը միշտ կայուն է, ես սիրում եմ միշտ ասել՝ սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031