Ուշադրություն պետք է դարձնել, որ մոսկովյան հանդիպման շրջանակներում որևէ հայտարարություն չեղավ Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության մասին, Արցախի հիմնախնդրի մասին ընդհանրապես: Փաստացի, սա նշանակում է, որ խոսք է եղել միայն կոմունիկացիաների բացման հետ կապված: Այստեղ կարծիքները տարաբևեռ են:
Սակայն գոնե նախնական տպավորությամբ, առկա է երկու գործոն: Նախ՝ փոխվարչապետների մակարդակով հանդիպման մասին շեշտվեց՝ ըստ երևույթին առաջին հերթին քողարկելու եռակողմ հանդիպման ձախողված լինելը: Ի վերջո, երբեք նման կարճ հանդիպում չի եղել: Բայց և մյուս կողմից՝ քանի որ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի ու ընդհանուր իրավունքների հարցը մնա հետագային, ապա չի բացառվում, որ հենց դրա համար խնդիրը դիտարկվեց ընդամենը Հայաստան-Ադրբեջան տիրույթում։
Փոխարենն, ի դեպ, Արևմուտքը շահագրգռված է, որ արցախահայությանը որոշակի «իրավունքներ ու անվտանգության երաշխիքներ» տրամադրելով, ավելի ստույգ՝ առանց իրական երաշխիքների պարզապես այդպիսի խոստումներ Ալիևից վերցնելով՝ թեման փակվի, որպեսզի ռուս խաղաղապահները Արցախից դուրս գան։ Այդ դեպքում հարց է ծագում՝ որո՞նք են ՌԴ նախագահի նշած չլուծված հարցերը։ Եթե խոսվում է տեխնիկական խնդիրների մասին, պետք է ենթադրել, որ իսկապես հարցը վերաբերում է բացառապես սահմանների ճշգրտմանը և կոմունիկացիաների բացմանը։ Պատահական չէ, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, թե Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։
Ըստ նրա՝ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի, ինչպես նաև այն մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը։ Բայց նկատենք, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե պատրաստ է բացել ճանապարհները և անխափան հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի համար։ Այդ դեպքում մնում է ենթադրել, որ խնդիրը կապված է Ադրբեջանի հետ, որը փորձում է իր համար Սյունիքով սուվերեն միջանցքի կարգավիճակ ունեցող ճանապարհ ստանալ՝ այն կապելով Լաչինի միջանցքի բացման թեմայի հետ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական ղեկավարությունը հայտարարություններ է արել՝ Լաչինի միջանցքի հարցը կապելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» արհեստական թեմայի հետ։
Կարդացեք նաև
Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը շարունակական երկխոսության բնույթ է կրելու։ Սակայն առջևում եվրոպական միջնորդությամբ սպասվում են Քիշնևի, ապա Բրյուսելի հանդիպումները։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ ԵՄ-ն կփորձի՞ Մոսկվայի նախաձեռնությանը հակադրվելու համար առարկայական տեսք տալ որոշակի պայմանավորվածությունների, թե՞ ամեն ինչ դեռ որոշ ժամանակ էլ կհետաձգվի…
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում