Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սահմանապահ զորքերը չեն կարող կանգնել Ադրբեջանի բանակի դեմ-դիմաց, դրա հետեւանքով է Տեղ գյուղում ստեղծվել այս իրավիճակը»․ Սյունիքի մարզպետ

Մայիս 27,2023 10:49

Սյունիքի մարզ այցելած լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պատասխանելով«Առավոտի» հարցին, թե ի՞նչ է պարզվել, ինչո՞ւ Տեղ գյուղի հատվածում հայկական բանակը չէր եղել, եւ մարտի 30-ի գիշերը ադրբեջանցիներն անարգել ներխուժել ու օկուպացրել էին գյուղի հողերը, պատասխանեց․ «Ինձ հասած տեղեկություններով՝ խոսքը հետեւյալի մասին է։ Դուք լավ տեղյակ եք, որ Սյունիքի երկայնքով երկու տեսակի կառույցներ ունենք, որոնք սահմանային խնդիրներով են զբաղված։ Մեկը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն է, մյուսը՝ Պաշտպանության նախարարության զորքերը։ Այստեղ խնդիրը այն է, որ, բնականաբար, սահմանապահ զորքերը չեն կարող կանգնել մյուս կողմից կանգնած բանակի դեմ-դիմաց։ Այստեղ է խնդիրը, որի հետեւանքով Տեղ բնակավայրում ստեղծվել է այդ իրավիճակը։ Մնացած մանրամասներից տեղյակ չեմ՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս եղավ։ Այդ տեղեկատվությունը նախ հասանելի չէ, երկրորդ՝ համապատասխան մարմինների ղեկավարները կարող են պատասխանել»։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, թե «Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ»։ Հարցին, թե ադրբեջանական զորքը դուրս եկե՞լ է այդ տարածքներից, բարելավում եղե՞լ է, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է բարելավումներին, այդ բարելավումների շարքից մեկը այն իրադրությունն է, որից մենք բոլորս տեղյակ ենք՝ կրակոցների հետեւանքով ունեցանք չորս զոհ, նաեւ Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր վիրավորվել։ Խոսքը, բնականաբար, վերաբերում է դիրքերի տեղակայմանը, ինչը շատ կարեւոր է՝ ճիշտ ժամանակին ճիշտ դիրքավորվել։ Ընդհանուր իրավիճակն այնպես է, որ, բնականաբար, այդտեղ ունենք մեր սուվերեն տարածք ներխուժում, բայց թե կոնկրետ որ հատվածներում որքանով, մեզ էլ է դա հետաքրքիր, որ հստակ իմանանք։ Բայց, որ կա այդպիսի բան, փաստ է»։

Ղուկասյանը հավելեց, որ չի կարող հստակ ասել՝ մարտի 30-ից հետո ադրբեջանական զորքի նահանջ եղե՞լ է Տեղ գյուղի տարածքից, թե՞ ոչ։ «Չափել դա, չենք կարող, դա սահմանապահ զորքերի տիրույթում է եղել»,- հավելեց նա։

Ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով տուժած գյուղացիների վերաբերյալ ներկայում հաշվարկներ են իրականացվում, ասաց մարզպետը։ Նրա խոսքով՝ իրականում բարդ է հաշվել, թե քանի մարդ է զրկվել իր հողերը մշակելու հնարավորությունից, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ միայն ադրբեջանական ներխուժմանը, այլ հայկական կողմը եւս այդ տարածքներում ինժեներական աշխատանքներ է կատարել ու տեղակայվել։ «Երբ կվերջանա տեղակայումների գործընթացը, համապատասխան գերատեսչությունների կողմից կֆիքսվի, որ այդ տարածքներում արդեն չեն կարող գյուղացիներն իրականացնել աշխատանքներ, այդ դեպքում մենք արդեն կսկսենք թե չիրացված եկամուտների իրացման գործընթաց, թե այլ աջակցման մեխանիզմներ, որպեսզի իրենք կարողանան իրենց գյուղացիական աշխատանքը շարունակել մեկ այլ հողատարածքի վրա։ Այստեղ փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա նաեւ պայմանավորված է մեր պաշտպանական համակարգերի տեղակայմամբ։ Նախնական հաշվարկով՝ շուրջ 50 տնտեսվարողներ Տեղ գյուղում այս պահին չունեն հնարավորություն գնալ իրենց դաշտերը»,- ասաց նա։ Մարզպետի խոսքով՝ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքը մեծ նշանակություն ունի, հետեւաբար, ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են։

Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Սյունիքում կա մեծ անորոշություն։ «Բայց ամենակարեւորը, որ այստեղ բնակչությունը հստակ գիտի, որ իրենք հայրենիքում են, իրենց տանն են։ Արտագաղթ չկա, բնակչության թիվը նույնն է, ինչ եղել է նախքան 44-օրյա պատերազմը։ Որոշ դեպքում նույնիսկ մարդիկ վերադարձել են։ Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ միայն երկու օր է նկատվել բնակչության թվի նվազում, որից հետո բոլորը վերադարձել են իրենց տները եւ շարունակել զբաղվել իրենց առօրյա աշխատանքով»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031