Օրերս Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում տեղի ունեցավ «Ուրիշ» մրցանակաբաշխությունը։ Քոլեջի երկարամյա ու բարի ավանդույթներից մեկն է արվեստի բաժիններում ուսանողների ստեղծագործական աշխատանքը մրցանակաբաշխությամբ գնահատելն ու առողջ մրցակցությունը խրախուսելը։
«Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Պարի ուսուցում» միջին-մասնագիտական ուղղվածություններով ուսանողները միմյանց հետ մրցակցեցին 2022-2023 ուսումնական տարում կատարած ստեղծագործական աշխատանքներով։
Մրցանակաբաշխության երեկոն վարեցին քոլեջի դասախոսները` Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Հարություն Բեգ-Վանյանն ու Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը։ Մրցանակները հանձնեցին թատերարվեստի ոլորտի նշանավոր ներկայացուցիչներն ու քոլեջի դասախոսները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արտաշես Շահվերդյանը, Արև Սանթրոսյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Համազգային թատրոնի դերասանուհիներ Տաթև Ղազարյանը և Արմինե Անդրեասյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը։
«Լավագույն դեբյուտ» մրցանակին արժանացան Գոռ Հովհաննիսյանը ներկայացումների գրաֆիկական աշխատանքները հեղինակելու, Արամ Սահակյանը` «Կարպե Դիեմ» և Մերի Չուգուրյանը` «Սեր, թե՞…» ներկայացումները բեմադրելու համար։
Կարդացեք նաև
«Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում հաղթեց Արտյոմ Ավետիսյանը` «Սուրբծննդյան հրեշտակը» և «Կապուտաչյա հայրենիք» ներկայացումների երաժշտական ձևավորումն իրականացնելու համար։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Ռուսլան Սիմոնյանը («Ճառ ասենք, թե՞…» ներկայացման համար), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում Մարիաննա Միքայելյանը ( «Սասնա ծռեր» ներկայացման համար)։
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթողները երեքն են` Մարտին Բաբախանյանը և Ֆելիքս Ղազարյանը` «Թե ո՞վ իրականում խեղդեց Դեզդեմոնային» ու Գարիկ Կոստանդյանը` «Ճառ ասենք, թե՞…» ներկայացումների մեջ գլխավոր դերակատարումների համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Լիլի Գալստյանը` «Թե ո՞վ իրականում խեղդեց Դեզդեմոնային» ներկայացման մեջ գլխավոր դերակատարման համար։
«Լավագույն ուսանող բեմադրիչ» անվանակարգում հաղթանակը կիսեցին Արտյոմ Ավետիսյանը` «Կապուտաչյա Հայրենիք» և Գևորգ Մարգարյանը` «Սասնա ծռեր» ներկայացումների բեմադրության համար։
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթանակի արժանացան Գայանե Ասատրյանը` «Մարուն» և Մերի Վարդանյանը` «Ծիածան» ֆիլմերի համար։
«Լավագույն պարային ներկայացում» անվանակարգում հաղթանակի արժանացավ «Կապուտաչյա հայրենիք» ներկայացումը, բեմադրող` Արտյոմ Ավետիսյան։
Տարվա «լավագույն ներկայացում» գլխավոր անվանակարգում հաղթեց «Թե ո՞վ իրականում խեղդեց Դեզդեմոնային» ներկայացումը, ռեժիսոր` Միշա Հակոբյան (քոլեջի դասախոս, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան)։
«Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթեց Լեո Հայրապետյանը` «Սասնա ծռեր» ներկայացման մեջ գլխավոր դերակատարման համար։
Այսպիսով, Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի համար ամփոփվեց 2022-2023 ուսումնական տարին, որն անասելի պտղաբեր ու լի էր ստեղծագործական հաջողություններով։ Քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեցին 11 ներկայացումներ, որից 9-ը բեմադրվեցին դասախոսների և ուսանողների կողմից, իսկ 2-ը հյուրընկալեցին։
«Առավոտ» օրաթերթ
27.05.2023