Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է այդ մարդկանց տանել «Երեւան կենտրոն» ՔԿՀ, ցույց տալ, թե որն է ահաբեկիչների վերջը, ինչ հոգեվիճակում են Նաիրի Հունանյանն ու եղբայրը»

Մայիս 27,2023 14:00

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ Փաշինյանի ընտրազանգվածին կամ ներկա ու նախկին աջակիցներին պետք չէ թիրախավորել, պիտակավորել, սպառնալ, այդ քայլով ընդդիմությունը բացառում է նրանց մասնակցությունը այն գործընթացներին, որը կարող է փոփոխություն բերել երկրում:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ատելության խոսքը մեծ չափերի է հասել։ Այս կարծիքին է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Առավոտ»-ի հետ զրույցում նա նկատում է՝ ատելության խոսքի, բռնության կոչերի մի նոր ալիք եղավ վերջին շրջանում իշխանության՝ Արցախի հետ կապված քաղաքականության հետ կապված եւ երբ զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորեցին։

Արդյոք իշխանությունն է առիթ ստեղծում կամ պատճառ է ատելության խոսքի խորացման համար, իրավապաշտպանն ասում է. «Ես ընդհանրապես դա կդիտարկեմ երկկողմանի։Մարդիկ իրենց արդարության պահանջին չեն հասնում թե՛ քաղաքակիրթ, թե՛ իրավական մեթոդներով, դա լինի դատական գործընթացներ, թե՝ այլ։ Մենք տեսանք Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն, եւ դրան հաջորդեցին բոլորովին ոչ համարժեք իրավական գործընթացները, որեւէ գործընթաց չիրականացվեց ոստիկանների նկատմամբ, նաեւ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված անհամաչափությունը։ Եթե մարդու նկատմամբ ֆիզիկական բռնություն է կատարվում՝ պիտի պատժվեն՝ անկախ ամեն ինչից, առավելեւս, որ դրանում ներգրավված են պետության ներկայացուցիչներ, ուսադիրով մարդիկ, քո երկրի քաղաքացիների նկատմամբ բռնությունն անընդունելի է»։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ հասարակությանն անընդհատ բռնությանը սովորեցնելը հանգեցնելու է ահաբեկչության, որը մեր նորագույն պատմության ընթացքում եղել հոկտեմբերի 27-ի տեսքով. «Ատելությունն ու անպատժելիությունն այնքան էին բարձրանում պետության տարբեր ներկայացուցիչների կողմից, հատկապես լկտի կերպով ասել, որ մեր դեմ խաղ չկա, ինչ կուզենք կանենք եւ այլն, այն ամենն այնքան է խորանում, որ պայթյունի է հասնում, ահաբեկչության է հասցնում։ Բայց ես որպես այդ ամենի արդյունքների, մարդկանց հետ աշխատող մարդ, որ մտնում եմ բանտերում տեսնում այդ մարդկանց… նույնիսկ երբեմն ասում եմ՝ պետք է այդ մարդկանց տանել ցույց տալ ահաբեկիչների վերջը որն է՝ «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ցույց տալ ինչ հոգեվիճակում են գտնվում Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը, պարզ կլինի, որ ահաբեկչությունը ելք չէ։ Պետք է այլ մեթոդներով ստիպել համակարգն աշխատի, եթե ողջախոհ չէ իշխանությունն, ապա հասարակությունն այնքան ողջախոհություն պետք է իր մեջ գտնի եւ այնքան առողջ հատիկ պետք է գտնի, որ ստիպի իշխանությանը գործել իր սահմաններում, փոխել իր ոճը, մեթոդները, եւ եթե ունակ չէ՝ փոխել իշխանությանը լեգիտիմ մեթոդներով»։

Դիտարկմանը՝ ընդդիմությունն օրինակ չի կարողանում լեգիտիմ մեթոդներով իրավիճակ փոխել, ստիպել իշխանությանը որոշումը փոխել հատկապես Արցախի հարցում, Հովհաննիսյանն ասպես արձագանքեց. «Եթե 2018-ին լեգիտիմ մեթոդով եղել է, հիմա էլ կա այդ պոտենցիալը լեգիտիմ ճանապարհի։ Ուրեմն առաջացրեք այդ  խմբերը, մի՛ սպանեք այն մյուս խմբերին, որոնք կարողացել են աջակցել, հնարավորություն է եղել նաեւ կյանքի մշակույթը ներդնելով հասարակության մեջ՝ ստեղծել մեծ խմբեր, որոնք դուրս եկան փողոց։ Հնարավորություն եղել է»։

Իրավապաշտպանը «մի սպանեք» ասելով նկատի ունի ընդդիմադիր գործիչների այն արտահայտությունները, որոնք վիրավորում են օրինակ 2018-ի իրադարձությունների աջակիցներին։ Նկատում է՝ պետք չէ վիրավորել, սպառնալ, ատելություն տարածել Փաշինյանին ընտրած կամ աջակցած մարդկանց նկատմամբ, պետք չէ նրանց թիրախավորել, պիտակավորել, այդ քայլով ընդդիմությունը բացառում է նրանց մասնակցությունը այն գործընթացներին, որը կարող է փոփոխություն բերել երկրում։

«2018 թվականին տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարական էին։ Եթե   որեւէ մեկն այդ ցույցերի ժամանակ կոչ աներ՝ գնանք Սերժին սպանենք, ամբողջ հանրությունը ցրվելու էր։ Բռնության կոչերով հնարավոր չէ նույնիսկ Փաշինյանից դժգոհ մարդկանց համախմբել իրենց շուրջը»,- ասում է Հովհաննիսյանը։

Նա զուգահեռներ է տանում, ասում է՝ նախկին իշխանությունները բավարար հող չէին ստեղծել երկրում անպատժելիության մթնոլորտը, ապօրինությունները վերացնելու համար, տարբեր տիպի խնդիրները լուծելու եւ դրանք  հասարակությանը հստակ ներկայացնելու համար, իրենց  էլիտաներում շվայտ ու ցոփ բարքեր չցուցադրելու համար. «Մենք այդ արատավոր պրակտիկայի շարունակականության զոհն ենք հիմա։ 2018-ից հետո այդ արատավոր պրակտիկային վերջ չտրվեց, ցուցադրում են՝ մենք ավելի վատը չենք, քան դուք, ու ցավոք, այդ մտայնությունն ավելի զարգացավ։ Եւ վերջապես, այսօրվա բառապաշարը՝ բռնության մշակույթի ներքո է, սպառնալիքներով, բինար համակարգով, դավաճաններ, թշնամիներ եւ այլն, այս մեթոդը երբեք չի կարող  առաջացնել հանրային այնպիսի հուզումներ եւ այնպիսի հանրային մեծ կուտակումներ, ինչը եղավ 2018-ին։ Թիրախավորելով հասարակական ակտիվ մարդկանց՝ նրանք պարփակվում են։  Օրինակ՝ Ֆեյսբուքում մի գրառում ես անում, այնպիսի հարձակում է տեղի ունենում, որ շրջապատդ ասում է՝ բա քեզ պետք էր, կարծիքդ մեջդ պահիր։ Այսինքն, ինքնագրաքննությունը, կարծիք հայտնելու ազատությունը, որեւէ խոսք հնչեցնելու իրավունքն ամբողջովին սահմանափակվում է ագրեսիվ, ոչ ադեկտվատ հարձակմամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031