Հոնկոնգյան «Գեղեցկության եւ նորաձեւության էքսպոյից» ստացած տպավորությունները «Առավոտի» հետ կիսում է ոճաբան, դիզայներ Արայիկ Գաբաջյանը
Չինաստանի իշխանությունները ընթացիկ տարվա սկզբին չեղյալ հայտարարեցին հակահամաճարակային միջոցառումների մեծ մասը, ինչը հնարավորություն ընձեռեց Հոնկոնգի համաժողովների եւ մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված ամենահայտնի կենտրոնին, որն օրական կարող է ընդունել մինչեւ 140 հազար այցելու, վերսկսել գործունեությունը։ Արտասահմանյան լրատվամիջոցները փաստում են, որ Ասիայի առաջատար այս կենտրոնը էլ ավելի ակտիվ, աներեւակայելի թվացող բուռն նախագծերով է հանդես գալիս։ Օրինակ՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է անցկացված «Գեղեցկության եւ նորաձեւության էքսպո- 2023»-ը։ Հատկապես նշվում է, որ այն իսկապես բացառիկ միջոցառում էր, իսկ կազմակերպիչները կարող են պարծենալ ցուցադրված ապրանքների ու ծառայությունների բառացիորեն լայն տեսականիով. «Նորաձեւության աքսեսուարներից, մանկական, հարսանեկան եւ երեկոյան զգեստներից մինչեւ ինտիմ հագուստ, օգտագործված նյութերի բազմազանություն, մանվածք ու մանրաթելեր… Դա հիանալի հարթակ է սկսնակ եւ աշխարհին հայտնի մասնագետների համար, ովքեր ցանկանում են իրենց դրոշմը թողնել համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության ոլորտում»։
Էքսպոյի շքեղ ցուցադրություններն իր աչքով է տեսել հանրահայտ ոճաբան, դիզայներ Արայիկ Գաբաջյանը։ Նրան խնդրեցինք իր տպավորությունները կիսել մեր ընթերցողի հետ, կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեցինք՝ ոչ մասնագիտական տերմիններով։ «Մեր օրերում նորաձեւության ոլորտում շեշտը դրվում է խելքից-մտքից դուրս երեւակայության վրա։ Ուղիղ ասած՝ ընդհուպ մինչեւ զարմանք պատճառելու փորձ է արվում։ Պատկերացրեք՝ դա ստացվում է։ Օրինակ՝ հռչակ վայելող ամերիկյան Schiaparelli սրահը այս տարի ցնցեց աշխարհը՝ ներկայացնելով երեկոյան պարզ հագուստ, որի ուսագլխին տեղադրված էր մորթուց պատրաստված առյուծի հսկայական գլուխ։ Ինչ վերաբերում է դիզայներների երեւակայությանը, 2024-ից ականատեսը կլինեք, օրինակ՝ կաշվե գործվածքը շղարշի հետ, մորթին՝ կաշվի կամ մետաքսի հետ համադրություններով հագուստների, կհանդիպեք նաեւ առաջին հայացքից անհամատեղելի թվացող մետաքս-բուրդ միքսի եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ գեղեցկության ոլորտում էլ են չափանիշներ փոխվում, իհարկե՝ 2024-ից. այլեւս նորաձեւ չեն լինի փքված շուրթերը, մեծ կրծքերը, «վրձնած» հետույքը…
Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ կոսմետիկ վիրաբույժները պարապ կմնան, դիզայներն արձագանքեց. «Մի մտահոգվեք, այդ ոլորտում կան միջամտություններ, որոնք աչքի չեն զարնվում, այսինքն՝ չափի մեջ են իրականացվում»։ Անդրադառնալով իր ոլորտին, նշեց, որ նորաձեւ կհամարվեն աչք ծակող՝ էքստրավագանտ, գրոտեսկային հագուստներն ու կոշիկները. «Պատկերացնո՞ւմ եք՝ կհայտնվեն կոշիկներ, որոնք գետնից բարձր կլինեն 20-22 սմ։ Էլ ավելի պատկերավոր ներկայացնեմ. այդ բարձրությունը մոտավորապես ավտոմեքենայի անիվի հաստության է»։
Հետաքրքրությանը՝ մտադրություն կամ ցանկություն չունի՞ հետեւելու, իրականացնելու նման աշխատանքներ, Արայիկ Գաբաջյանը պատասխանեց. «Ես՝ մեծ սիրով։ Իհարկե, ցանկություն ունեմ, բայց խեղդված եմ պատվերներով, ստեղծագործելու ժամանակ չունեմ»։ Ասածը մանրամասնելով տեղեկացրեց, որ կոնկրետ այս պահին պատվերներ է իրականացնում գիշերային ակումբների մի քանի շոու-ծրագրերի համար…
Դիտարկմանը՝ օրերս մեզ հետ զրույցում Քրիստ Մանարյանը նշեց, որ Երեւանի օպերային թատրոնը ներկայանալի թիմով պատրաստում է իր «ՄուկՕպերան», բարձրաձայնեց նաեւ Գաբաջյան անունը, դիզայները հայտնեց, որ վերջին շրջանում, ի թիվս այլ թատրոնների, սիրով է համագործակցում օպերային թատրոնի հետ՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետները, հավաստիացրեց, որ ինքն ավարտել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին կայանալիք «ՄուկՕպերայի» աշխատանքները։ Իսկ թե երբեւէ կկազմակերպի՞ իր աշխատանքների ցուցադրություն, թեեւ անցյալ տարի մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դա շատ մեծ գումար է պահանջում՝ համապատասխան տարածքից մինչեւ մոդելներ, Արայիկ Գաբաջյանը պատասխանեց. «Այո, դա մեծ ֆինանսներ է պահանջում։ Այս պահին անպատասխան կթողնեմ ձեր հարցը, բայց ասեմ, որ հենց հիմա ԱՄՆ-ից հրավեր ունեմ՝ որպես ոճաբան, դիզայներ աշխատելու տարբեր շոուներում։ Կրկնեմ՝ ժամանակ չունեմ եւ հրաժարվել եմ հրավերից։ Մյուս կողմից՝ ինքս՝ իբրեւ մասնագետ, մշտական պայքարի մեջ եմ ինձ հետ, գիտակցում եմ, որ հնարավոր է՝ գնամ այնտեղ ու ընկնեմ թակարդը, ստացվում է՝ գիտակցված մահվա՞ն գնամ… Տեսեք՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչ մեր սիրելի Արմինկան, որն այստեղ հենց կարիերայի սկզբից ճաշակ էր թելադրում, հիթերին զուգահեռ անպակաս էին խոսակցությունները նրա բեմական հագուկապի շուրջ, մեկնեց ԱՄՆ ու համալրել է հայազգի արվեստագետ տնային տնտեսուհիների շարքը, նրանց, ովքեր հայրենիքում գտնվելիս առանձնանում էին ոչ միայն բեմական հագուկապով, այլեւ՝ առօրյա։ Ժամանակին երեք ամիս Լոնդոնում էի ստեղծագործում։ Վերադարձա, չէ՞, չեմ կարող դրսում ապրել, էլ ուր մնաց ստեղծագործեմ»։ Իսկ թե ինչու մեր դիզայներները, այդ թվում՝ ինքը, չեն աշխատում առօրյա հագուստներ ստեղծելու ուղղությամբ, ստացանք հետեւյալ պատասխանը. «Խոստովանում եմ՝ առօրյա հագուստ, այո, չեմ ստեղծում, մի տեսակ հաճույք չեմ ստանում։ Մեզ մոտ արդեն տասնամյակներ շարունակ դրսից այնքա՜ն առօրյա հագուստ է ներկրվում, ընդ որում՝ մատչելի։ Բայց լինում են դեպքեր, երբ ստեղծագործում եմ ծանոթների, բարեկամների համար»։
Զրույցի ընթացքում մեր հայտնած այն մտքից հետո, թե օրերս Ռուսաստանի առաջին ալիքով երիտասարդ դիզայներները ոչ թե ուղիղ, այլ ենթատեքստով խոսում էին այն մասին, թե իրենց մոտ վերջին շրջանում չեն անցկացվում դիզայներների աշխատանքների ցուցադրություններ, Արայիկ Գաբաջյանն ասաց ավելին՝ հավաստիացնելով, որ Ռուսաստանից իր շատ գործընկերներ տեղափոխվել են ԱՄՆ, որտեղից մի քանիսը եկել են Հայաստան՝ մեզ մոտ գործունեություն ծավալելու նպատակով։ «Օրերս ինձ փոխանցեցին, որ նրանք հանդիպում են փնտրում ինձ հետ՝ ծանոթանալու մեր շուկայի առանձնահատկություններին…»,- նշեց ոճաբան, դիզայները։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Արայիկ Գաբաջյանի՝ «ՄուկՕպերայի» աշխատանքները:
«Առավոտ» օրաթերթ
26.05.2023