Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկում, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը՝ իր խորհրդատվական պարզաբանումների միջոցով։
Քննարկվող նախագծով առաջարկվում է որոշ գործերով Վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակում, որը կնպաստի երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, և նաև այդ համատեքստում Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ գործառույթի պատշաճ կիրառումն ապահովելուն:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվելու են հետևյալ հիմնական փոփոխությունները.
1) սահմանափակվելու է քաղաքացիական և վարչական որոշ գործերով վերաքննության իրավունքը` որպես բացառություն նախատեսելով այն դեպքը, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վարչական դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:
Կարդացեք նաև
2) սահմանափակվելու է քաղաքացիական և վարչական պարզ գործերով կայացված դատական ակտերի վերանայման արդյունքում ընդունված ակտերի` վճռաբեկության կարգով բողոքարկումը,
3) սահմանափակվելու է քրեական գործերով վճռաբեկության կարգով հատուկ վերանայումը, ինչպես նաև ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների քննության վերաբերյալ առաջին ատյանի եզրափակիչ դատական ակտերի վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերի` վճռաբեկության կարգով վերանայումը,
4) Վճռաբեկ դատարանի պալատներին հնարավորություն է տրվելու դատարանների նախագահների կամ Բարձրագույն դատական խորհրդի դիմումով դատական պրակտիկայի ամփոփման և վերլուծության հիման վրա դատարաններին տրամադրել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ՝ անհրաժեշտության դեպքում դա իրականացնելով պալատների համատեղ նիստերով:
Փոփոխությունները միտված են երկրում միատեսակ դատական պրակտիկայի ձևավորմանն ու իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Արդարադատության նախարարության աջակցությամբ։
Բարձրագույն դատական խորհուրդ