Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկի միակ շրջանավարտը բեմում միայնակ չէր (ֆոտոշարք)

Մայիս 26,2023 20:40

Սյունիքի մարզի 117 դպրոցներում սովորող 17448 աշակերտից 1036-ի համար մայիսի 26-ին հնչեց վերջին զանգը։ Մարզի 9 դպրոցի 12-րդ դասարաններում մեկական աշակերտ էր սովորում։ Սահմանամերձ Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի այս ուստարվա միակ շրջանավարտը Նոննա Փանդունցն է։ «Միակ լինելը նաեւ դժվար է․ ուսուցիչները հետեւողական են, ամեն օր դաս են հարցնում ու դու անկախ քո կամքից ուշադրության կենտրոնում ես»,-ասում է Նոննան։

29 աշակերտ է սովորում Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցում։ Տնօրեն Անուշիկ Գրիգորյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ «իրենց դասարանների մեկ աշակերտը ուրիշ դպրոցների 35 աշակերտ արժեն»։ «Հզոր, ուժեղ գյուղ ենք, նույնիսկ ստեղծված իրավիճակում, երբ հակառակորդը համարյա քթիդ տակ է, ոչ մեկը չլքեց գյուղը։ Իմ երեք թոռնիկներն էլ են այս դպրոցում սովորում»,-նշում է տիկին Գրիգորյանը։

Իսկ վերջին զանգի տոնակատարությանը դպրոցի միակ շրջանավարտը բեմում միայնակ չէր։ 10-րդ եւ 11-րդ դասարաններում սովորող եւս 3 աշակերտուհի Նոննայի կողքին էին։ Ներքին Խնձորեսկի դպրոցում տղաների պակաս չկա։ 8-րդ եւ 9-րդ դասարաններում երեք տղա են սովորում։ 9-րդ դասարանի միակ աշակերտը Նոննայի եղբայրն է, որը չնայած ուսումը չի շարունակելու, բայց բեմի վրա կանգնել ու մասնակցել հրաժեշտի հանդեսին՝ չցանկացավ։ Քրոջն ասել է՝ տղայի գործը սահման պահելն է։ Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակը Նոննային ու Ներքին Խնձորեսկի բոլոր աշակերտներին ավելի աչալուրջ է դարձրել։

Նոննա Փանդունցը

Aravot.am-ի զրուցակիցը պատմում է՝ նախկինում շատ էր վախենում։ «Մեր տունը հենց իրենց ամենամոտիկն է, շատ էի վախենում։ Առաջ հեռադիտակը միշտ ձեռքիս էի պահում, ժամը մեկ հետեւում էի նրանց, բայց արդեն մեկ տարի է՝ չեմ նայում։ Սովորական է դարձել»,-ասում է Նոննան։ Դպրոցի տնօրենը հիշում է 90-ականները․ այն ժամանակ նույնպես Ներքին Խնձորեսկը հայ-ադրբեջանական հակամարտության կենտրոնում էր։

«Կարծես սովոր էինք, այս անգամ թշնամու մոտեցումը մեր սահմանին մի քիչ թեթեւ տարանք։ Ճիշտ է, նախնական շրջանում կար խուճապ, բայց ոչ մեկը գյուղը չլքեց։ Վախ չկա, բայց որ հանկարծ մի բարձր ձայն է լսվում կամ ուժեղ քամի է լինում՝ աշակերտները զգաստանում են, նայում են աջ ու ձախ՝ մտածելով կարո՞ղ է թշնամին մոտեցել է մեզ»,-նշեց Անուշիկ Գրիգորյանը։

Ներքին Խնձորեսկի միակ շրջանավարտ Նոննա Փանդունցը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում է ցանկանում ուսումը շարունակել։ Տոնակատարությունից հետո պատրաստվելու է քննություններին։ Վերջին դասի նախօրեին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է այցելել Ներքին Խնձորեսկի դպրոց։ Զրուցում է դպրոցի միակ շրջանավարտի հետ։ Նոննան մարզի ղեկավարից խնդրում է համակարգիչ․ապագա ուսանողին պետք կգա։ Նվերը չի ուշանում։

Ռոբերտ Ղուկասյանը պատմում է՝ ինքն էլ է ժամանակին իրենց դպրոցի միակ շրջանավարտը եղել․ այս տարի էլ աղջիկը՝ Աիդան է ավարտում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի դպրոցը։ Նրա խոսքով յուրաքանչյուր շրջանավարտի այսօրվա հաջողությունը մեր հայրենիքի, Սյունիքի վաղվա կայունությունն ու զարգացումն է ու ցանկանում է, որ բոլոր շրջանավարտները գտնելով իրենց կոչումը՝ լինեն հաջողակ՝ ապրելով խաղաղ երկրում։

Նոննան էլ է ամենից շատ խաղաղություն ցանկանում, խոստովանում է՝ դեռ չգիտի համալսարանից հետո կվերադառնա մշտապես ապրելու Ներքին Խնձորեսկում, բայց անպայման կապ կունենա գյուղի հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031