Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց․ «Իշխանությունն ամեն կերպ կարծես ապացուցի, որ նախկիների եւ նրանց միջեւ տարբերություն չկա․ անպատժելիության միտումը նույնն է»

Մայիս 26,2023 19:01

Քաղհասարակությունը ԱԺ-ից պահանջում է ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի քննեն ԱԺ-ում օրերս պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն ու  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Արթուր Սաքունցն ասաց՝   երեւի իմաստ ունի հասցեական պահանջ ուղարկել, միայն հայտարարությունը հավանաբար բավարար չէ, կոնկրետ դիմել այն պատգամավորներին, որոնց հետ, ինչպես իրավապաշտպանն ասաց, դեռ իմաստ կա խոսելու եւ անպայման պատասխան ստանալ։

Մայիսի 24-ին խորհրդարանում դատավորների թեկնածուների ներկայացման նիստում  թեժ վիճաբանություն տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների միջեւ։ Արթուր Սարգսյանն իր ելույթում Արմեն Դանիելյանին մեղադրել է իրեն անօրինական կալանավորելու համար։ Նրա  ելույթից հետո վիճաբանություն  եղավ նրա եւ ՔՊ խմբակցության պատգամավորների միջեւ, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։

Սաքունցն այս առնչությամբ նկատեց՝ նման հարցերը պետք է քննել ինստիտուցիոնալ մակարդակում, ոչ թե ամեն նման միջադեպերի ժամանակ անվտանգության աշխատակիցների հրավիրել։

Դիտարկմանը, որ ընդդիմությունն էլ չի նախաձեռնում հանձնաժողովի ստեղծում, Սաքունցը պատասխանեց․ «Ես հասկանում եմ, որ ընդդիմությանն էլ պետք չէ ինստիտուցիոնալ մակարդակում հարցերը լուծել, որովհետեւ որքան ջուրը պղտորվի, այնքան իրենց համար լավ, բայց երբ իշխանությունն էլ չի անում, հարց է ծագում՝ ո՞րն է ձեր տարբերությունը»։

Նինա Կարապետյանցն էլ հավելեց․ «Մեր երկրում ովքեր ձգտել են իշխանության, ունեցել են մեկ նպատակ՝ ինքն ու  իր նեղ շրջապատը պաշտպանված լինեն ոչ թե օրենքով, այլ օրենքից դուրս, որ հնարավորություն ունենան փողոցում մարդու երեսին թքեն ու մնան անպատիժ, ԱԺ-ում քաշքշեն իրար, ծեծեն  ու պատասխանատվություն չկրեն։ Մենք պիտի պնդենք, որ այդ ինստիտուցիոնալ համակարգը ստեղծվի եւ դառնա մշակույթ»։

Կարապետյանցի խոսքով՝ երկու կողմերին էլ ձեռնտու չէ էթիկայի հանձնաժողով  ստեղծելը․ «Որովհետեւ շատ լավ հասկանում են, որ ինչ-ինչ ձեւերով կարողանում են խուսափել քրեական պատասխնատվությունից, բայց եթե հանձնաժողովը ստեղծվեր, այդտեղ պիտի լիներ նաեւ հանրային  դաշտում քննարկում, ինչ-որ վերաբերմունք պիտի ցույց տային։ Բայց երբ վարչապետը թքելու համար ԱԺ նախագահին քննադատելու փոխարեն ասում է՝ ինքն էլ է մարդ, նույն բանը ստանալու ենք այս հանձնաժողովից»։

Սաքունցի խոսքով՝ ԱԺ-ում կրքերի հանդարտեցման համար որպես միակ մեխանիզմ անվտանգության աշխատակիցներին ներգրավելն անպատկերացնելի է խորհրդարանական համակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Եթե դու հայտնում ես ժողովրդավարական արժեքների մասին, ապա քո իսկ կուսակիցների վարքագծի համար պատասխանատու ես, պիտի կիրառես կարգապահական համապատասխան միջոցներ, բայց ոչ միայն դա չես անում, մի բան էլ ասում ես՝ դե նա էլ է մարդ։ Մինչդեռ, օրենքի առջեւ հավասար պատասխանատվությունը թելադրում էր, որ Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տար։  Այս իշխանությունն ամեն կերպ կարծես ապացուցի, որ նախկիների եւ նրանց միջեւ տարբերություն չկա։ Այդ անպատժելիության միտումը նույնն է, ստեղծվում է այդ անարխիկ, քաոտիկ,  քաղաքական անպատասխանատվության միջավայր, որն անհամարժեք է Հայաստանի  մարտահրավերներին»,-ասաց Սաքունցը։

Նա նաեւ նշեց, որ այսօր էլ, ինչպես նախկինում էր, դատական համակարգը կախված է մեկ կենտրոնից։

 Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Անկախ նրանից՝թե ինչպիսի խոստումներով են իշխանության եկել՝վերջին հաշվով իշխանությունից ավելին ստանալու լավագույն ձեւվը նախկիններինն է՝մեր դեմ խաղ չկա սկզբունքը- – –

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031