Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությանն ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2013-ին օտարվել է քաղաքացի Մ.Մ.-ին. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մայիս 26,2023 18:50

Պաշտպանության նախարարությունը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասը, ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Մ.Մ.-ին:

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2021 թվականի նոյեմբերի 25-ին գրավադրել է 16 մլն 700 հազար դրամով՝ ձեռքբերման գնից 6 անգամ թանկ:

Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ տարածքը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, Կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունքի վկայական, իսկ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, առանց պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համար բավարար հիմքերի, այն վաճառել են քաղաքացուն:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի ապրիլի 25-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

2023 թվականի ապրիլի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031